Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԵՎ ԼՂՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ



Օրերս ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ կյանքի կոչվեց «Մարտնչող Արցախ» ռազմամարզական-ինտելեկտուալ ծրագիրը` նվիրված ՀՀ անկախության հռչակման 20-ամյակին: Ծրագիրն իրականացվեց Երեւանի հայ-ռուսական (Սլավոնական) եւ Ստեփանակերտի պետական համալսարանների ուսանողների մասնակցությամբ: Համատեղ նախաձեռնության հիմնական նպատակն էր Արցախի, Հայաստանի այլ բնակավայրերի հայ երիտասարդներին իրար ծանոթացնելը, ընդհանուր խնդիրները, միմյանց հուզող հարցերը համատեղ քննարկելը, կրթական, ինչու չէ, համապետական նշանակության տարբեր ոլորտներում ուսանողության ներգրավման, դերակատարման շուրջ համագործակցություն հաստատելը:

Մի քանի օր տեւած ուսանողական հանդիպումների, միջոցառումների ծրագիրը բավական հագեցած էր: Արցախից ժամանել էին մի խումբ ուսանողներ` Ստեփանակերտի համալսարանի դասախոս Լեռնիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Նախնական ծանոթությունից հետո նրանց եւ Սլավոնական համալսարանի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց կլոր սեղան-քննարկում «Ուսանողների դերն ու մասնակցությունը ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների լուծման գործընթացում» թեմայով: Ակտիվ քննարկման ընթացքում մասնակիցները փորձեցին պարզել, թե ուսանողությունը ինչ դեր կարող է ստանձնել նշված խնդիրների լուծման գործում: Բոլորն էլ համակարծիք էին, որ պետք է միասնաբար համակարգել ոլորտում տարվող աշխատանքները` օգտագործելով տարբեր շրջաններում կիրառվող հաջողված փորձը: Ռազմահայրենասիրական դաստիարակության, հայրենասիրության դրսեւորման բնագավառում Արցախի պատվիրակության ղեկավարը առանձնացրեց ուսանողության գործոնը` նշելով այն փաստը, որ ազատամարտի տարիներին ուսանողները կանգնած էին հիմնական իրադարձությունների ակունքում:

Կլոր սեղանը համակարգում էր ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, որն անհրաժեշտ համարեց տվյալ ոլորտում յուրաքանչյուր անհատի անելիքի հստակեցումը: Քննարկման արդյունքում որոշվեց ստեղծել ուսանողական միացյալ խումբ, որը երիտասարդության շրջանում կզբաղվի բացատրական-քարոզչական գործունեությամբ, հանդես կգա ռազմահայրենասիրական ուղղվածությամբ դասագրքերի տպագրության առաջարկով եւ հնարավորինս կաջակցի դրա իրագործմանը, որպես ռազմահայրենասիրական դաստիարակության միջոց` լայնորեն կիրառելով համացանցի հնարավորությունները եւ այլն:

Նույն օրը ծրագրի մասնակիցներն այցելեցին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան եւ «Եռաբլուր» պանթեոն: Իսկ հաջորդ օրը ինտելեկտուալ եւ մարզամշակութային միջոցառումներից հետո նրանք ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում էին, որտեղ էլ ծանոթացան հայ զինվորի կենցաղային պայմաններին, ծառայության անցկացման կարգին, սպառազինության տեսակներին, զինվորների հետ զրուցեցին ռազմահայրենասիրական թեմաների շուրջ:

Թերեւս, ուսանողների համար ամենահիշարժանը այցելությունն էր ՀՀ ՊՆ վարչական համալիր: Նրանք շրջեցին համալիրի տարածքում, ծանոթացան աշխատանքային, նաեւ հանգստի կազմակերպման պայմաններին: ՊՆ Տ եւ ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը ուսանողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց հայկական զինված ուժերի գործառույթները, զարգացման միտումները, մարտական պատրաստության առաջընթացը` որպես պատերազմի մասնակից կարեւորելով բանակի հետագա հզորացման գործին այսօրվա երիտասարդության մասնակցությունը:

«Մարտնչող Արցախ» ծրագիրը եզրափակվեց համերգային ծրագրով, որի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց Ստեփանակերտ փոխադարձ այցելություն կատարելու մասին: Ամենակարեւորն այն էր, որ բոլորը մեկ անգամ եւս հասկացան` հայ երիտասարդները միասնական են ազգային խնդիրների լուծման շուրջ` լինեն Երեւանում, Ստեփանակերտում, թե այլուր:

Գոռ Գրիգորյան, Ստեփանակերտի պետական համալսարան.

-Անչափ կարեւոր եւ նպատակային նախաձեռնության մասնակցեցինք, որի արդյունքները դեռ պետք է «մարսել»: Առաջին հերթին միջոցառումն անհրաժեշտ էր մեզ` արցախցի երիտասարդներիս, քանի որ շփվեցինք մեր հասակակիցների, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ եւ հասկացանք, որ միայնակ չենք, բոլորն էլ հասկանում են մեր հոգսերը եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են սատար կանգնել, միասնաբար լուծել մեր խնդիրները:

Աշոտ Սարգսյան, Ստեփանակերտի պետական համալսարան.

-Ես ծառայել եմ զինված ուժերում, ՀՕՊ դիվիզիոնի զինվոր եմ եղել: Իմ զորացրվելուց շատ ժամանակ չի անցել, սակայն ես տպավորված եմ զորամասում կատարված որակական փոփոխություններով: Հատկապես ոգեւորիչ էր ծանոթությունը ՊՆ վարչական համալիրին: Նման հզոր կառույցը բոլորին փաստում է մեր բանակի ուժը, վկայում է հասարակության աճող ուշադրությունը բանակի, երկրի պաշտպանական խնդիրների նկատմամբ:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #25 (890) 29.06.2011 – 06.07.2011, Բանակ և հասարակություն


06/07/2011