Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊՐԵՆՔ ԷՊՈՍՈՎ



«Էպոսում արտացոլում գտած արժեհամակարգի կիրառումը հնարավորություն է տալիս երեւան հանելու ազգի ինքնության եզակիությունը, ինչի արդյունքում վառ ընդգծվում է ազգային-հոգեւոր մշակույթի, մեր ժողովրդի ազնիվ ու հերոսական կեցության, միասնականության եւ համերաշխության զգացողականությունը»:

Մանուկ Աբեղյան

 

ԱՊՐԵՆՔ ԷՊՈՍՈՎ2012 թվականի նոյեմբերի 5-ին հայկական «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

2010 թվականից, արդեն վեց տարի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Սասնա տուն» հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Սասունցի Դավիթ կամ Սասնա ծռեր» հայկական էպոսին նվիրված ամենամյա հանրապետական փառատոն, ինչի շրջանակներում նախատեսվում են այցելություններ պաշտպանության նախարարության ենթակա զորամասեր:

Հոկտեմբերի 1-ին «Սասնա տան» ներկայացուցիչները՝ կազմակերպության նախագահ Ավագ Ավագյանը, էպոսագետներ, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի մշակույթի տան ազգագրական-ավանդական երգի-պարի «Գորանի» հանրաճանաչ համույթը (գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Գրիգորյան) փառատոնի շրջանակներում հյուրընկալվեցին փոխգնդապետ Արմեն Մաթևոսյանի հրամանատարությամբ գործող տանկային զորամասում: Միջոցառմանը ներկա էր զորամասի ողջ սպայական և շարքային անձնակազմը: Ողջունելով ներկաներին՝ զորամասի հրամանատարն ասաց.

– Ուրախ ենք՝ ձեզ մեր զորամասում հյուրընկալելու համար: Այսօրվա հայ զինվորն էլ կրողն է «Սասնա ծռեր» էպոսի հերոսների առասպելական կերպարների անսասան ուժի ու կորովի: Շնորհակալ ենք, որ ԷՊՈՍԻ շունչը բերեցիք նաև մեր զորամաս:

Շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարությանն ու զորամասի հրամանատարությանը միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար՝ «Սասնա տուն» հասարակական կազմակերպության նախագահ Ավագ Ավագյանը ասաց.

-Մեր այցի նպատակը հաղթական հայոց բանակի տանկիստներին ժողովրդական հերոսավեպի առասպելական կերպարներին հաղորդակից դարձնելն է: Հայ ժողովուրդը հոգով է կապված իր Էպոսի հետ: Շատ դիպուկ է ասել ակադեմիկոս, լեզվաբան, էպոսագետ Մանուկ Աբեղյանը` Էպոսն ինքը ժողովուրդն է: Չեմ կարող չանդրադառնալ ապրիլյան հերոսապատումին: Այդ` մեր երկրի համար բախտորոշ ու ճակատագրական օրերին մերօրյա զինվորների ու սպաների մեջ հառնեց Էպոսի հերոսների ուժն ու կորովը, ինչն էլ նրանց տարավ սխրանքի: Հավերժ փառք ու պատիվ նրանց ու նրանց ծնած մայրերին:

Էպոսագետներ Հ. Կարապետյանի ու Ա. Ավետիսյանի «Հայոց բանակի  զինվորը էպոսի հերոսն ու զավակն է» թեմայով հակիրճ ու ոգևորիչ զեկույցներից հետո զորամասի շարահրապարակը տրամադրվեց «ԳՈՐԱՆԻ» ազգագրական-ավանդական երգի-պարի համույթին: Մի քանի ժամ զորամասում ու դրա սահմաններից դուրս թևածում էին հայրենասիրական ու ռազմական երգն ու պարը՝ մեծ ոգևորություն հաղորդելով զինվորներին ու նրանց հրամանատարներին: Միջոցառման ընթացքում համույթի կատարումներին միացան զինվորները, ու ծայր առավ հայկական ավանդական պարերի շարանը: Ջերմագին ու սրտաբուխ այս միջոցառումը խոսուն վկայությունն է ՀՀ մշակույթի եւ պաշտպանության նախարարությունների սերտ համագործակցության, որը շարունակական է:

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.` Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #39 (1159) 05.10.2016 - 11.10.2016, Հոգևոր-մշակութային


05/10/2016