ԵՐԲ ՍԱՀՄԱՆԻՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է
Վանուշ Գրիգորյանը նախկին ազատամարտիկ է, հրետանավոր: 1989 թվականից հերթապահել է սահմանին, 1990թ.-ից մինչեւ զինադադար մասնակցել մարտական գործողություններին: Զինադադարի կնքումից շուրջ երկու տասնամյակ անց՝ որպես սահմանապահ գյուղի բնակիչ եւ երկրապահ, շարունակում է աշխատանքները իր ծննդավայրում: Ինը տարի ԵԿՄ Եղեգնաձորի տարածքային բաժանմունքի Խաչիկի Երկրապահ կամավորական միության նախագահն է եղել, իսկ 2015 թվականից այդ աշխատանքների համակարգողն է:
Գյուղական ծանր աշխատանքային օրվանից հետո Վանուշ Գրիգորյանի հետ նստած ենք այգիներից մեկում, զրուցում ենք գյուղի հոգսերից, անցած-գնացած օրերից: Շուրջը լսվում է ծղրիդների խաղաղ երգը, բայց սահմանամերձ գյուղի բնակչի զգոնությունը երբեք չպետք է թուլանա. երևում է, որ Վանուշ Գրիգորյանի մտքերը սահմանի կողմն են սևեռված. «Երբ սահմանին լուրջ սրացում է նկատվում, համայնքը մի մարդու նման ոտքի է կանգնում: Վերջին ապրիլյան դեպքերի ժամանակ տեղն ու տեղը ջոկեր կազմեցինք՝ մեր զինվորների կողքին կանգնելու պատրաստ: Նման դեպքերում մեզ վստահվում է սահմանի որոշակի հատվածների լրացուցիչ հսկողությունը: Ապրիլի 4-ից մինչև մայիս օր ու գիշեր սահմանին ենք եղել, գիշերները ուսումնական տագնապներ անցկացրել: Այդ օրերին երևանաբնակ խաչիկցիներն էլ էին օգնության ձեռք մեկնել: Շատերը ոչ միայն իրենք էին անդամագրվում մեր շարքերը, այլև իրենց որդիներին էին բերում: Մի խոսքով, սա մի փորձություն էր, որ ցույց տվեց՝ համայնքը, հարկ եղած դեպքում, մի պահ անգամ չի հապաղի, կանի իր գործը»:
Վանուշ Գրիգորյանի խոսքերով՝ շատ կարևոր է, որ համայնքի երիտասարդությունը կրթվի, հասակ առնի հայրենիքի սիրով: Գյուղում գործում է «Պատանի երկրապահ» ակումբը, որը ղեկավարում է դպրոցի զինղեկ Համլետ Ներսիսյանը: Ակումբում ընդգրկված շուրջ 60 երեխաներ մեծ ոգևորությամբ մասնակցում են բոլոր ձեռնարկներին: «Մեր Համլետի աշխատանքը գնահատվել է թե՛ ՀՀ Երկրապահ կամավորականների միության նախագահի և թե՛ Եղեգնաձորի կրթության բաժնի կողմից»,- հպարտանում է Վանուշը:
Երեխաներն ակումբում ընդգրկվում են 8 տարեկանից, բայց ավելի ակտիվանում են 14 տարեկանից, երբ սկսում են ռազմագիտության դասերին մասնակցել: «Շատերի ծնողները զինծառայողներ են, այնպես որ՝ նրանց մեջ զինվորական գործի սերը ժառանգական է: Սահմանին մեծացած երեխաներ են՝ կոփված, հոգով շատ ամուր: Երբ երեխաներիս ոգևորությունը տեսնելով մեկ-մեկ հարցնում եմ. «Հը, կշարունակե՞ք զինվորական գործը», աղջիկները տղաներից առաջ ընկնելով՝ պատասխանում են. «Չկասկածե՛ք»: Նրանցից յոթը արդեն զինվորական դառնալու որոշում են կայացրել: Պատանի երկրապահների ակումբի երեխաների հետ հաճախ լինում ենք զորամասում,- պատմում է Վ. Գրիգորյանը:- Երբ նրանք զինվորական քայլերգերով մտնում են շարահրապարակ, հատկապես նորակոչիկները շատ զարմանում են՝ տեսնելով, թե մեր երեխաները որքան ճիշտ ու մաքուր են քայլում ու երգում: Ոգևորվում են: Քանի անգամ ականատես եմ եղել, թե ինչպես է հրամանատարությունը նրանց օրինակ բերում զինվորներին»:
Ակումբի ղեկավարությունը իր պատանի անդամներին շրջագայությունների է տանում հանրապետության տարբեր զորամասեր: Այնտեղ մեկ կամ երկու լիարժեք զինվորական ծառայողական օր են անցկացնում: «Առավոտյան զինվորներից շուտ «վեր կաց» են անում, մասնակցում առավոտյան մարմնամարզությանը, հետո զինվորների հետ նախաճաշում, անցնում դասերին: Երեկոյան էլ՝ հայրենասիրական երգերով-պարերով անմոռանալի բանակային երեկոներ են անցկացնում»,- ասում է Գրիգորյանը:
Այն հարցին, թե համայնքից արտագաղթ կա՞, Վ. Գրիգորյանը անկեղծորեն պատասխանում է. «Կա, բայց շատ չնչին տոկոս է կազմում: Պայմանագրային զինծառայությունն, այս տեսանկյունից, շատ կարևոր խնդիրներ լուծեց: Եթե սահմանամերձ բնակավայրերի նախկին ազատամարտիկներին բնակարանաշինության համար պետության կողմից հատկացվող գումարը մի փոքր ավելի մեծ լիներ, կարծում եմ, արտագաղթի խնդիրն իսպառ կվերանար: Մեր կողմերի ժողովուրդը շատ կապված է իր հողին ու ջրին»:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #39 (1159) 05.10.2016 - 11.10.2016, Բանակ և հասարակություն