ԿԱՆԽՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆ
Մթության մեջ ինչ-որ զանգված է երեւում` անհետանում, երեւում`անհետանում: Հետո տարօրինակ եւ անսովոր ձայներ են լսվում: Ոչ այն է՝ գիշերային քամու սվոց-սուլուց է, ոչ այն է` կենդանու ձայն: Դիտորդ Գեւորգ Մխիթարյանը, որ ձայները տարբերելու գործում հասցրել էր բավականին փորձառություն ձեռք բերել, այս անգամ կարծես փոքր-ինչ շփոթվում է…
– «Տեսնես՝ ինչ է. մոլորված վայրի չորքոտանի, ինչ-որ սողուն, որ այս կողմերում վխտում են խելքից դուրս, թե…» Ահա այս «թե»-ն էր, որ ստիպում է նրան լարել լսողությունն ու տեսողությունը եւ ակնդետ նայել ձայների ուղղությամբ: Շարքային Գեւորգ Մխիթարյանի ու նրա ընկերների գլխով, հատկապես այս վերջին ամիսներին, քիչ բան չէր անցել: Սահմանում առկա լարվածությունը, որ գրեթե չէր նվազում ոչ մի օր, նրան ու ընկերներին ավելի զգոն ու զգուշավոր էր դարձրել: Փորձառությունն այս անգամ էլ է օգնում քաջարի մարտիկին: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ծառայության մեծ մասը նա անցկացրել էր առաջնագծում` մարտական հերթապահության մեջ:
Մթության քողը թույլ չէր տալիս դիտորդին ավելի որոշակի տեսնելու ոչ այնքան հեռվում երեւացող եւ անհետացող զանգվածը: Թեպետ նա վարժ էր գիշերային պայմաններում ձայներով հստակորեն կողմնորոշվելու մեջ, բայցեւայնպես, ակամայից լարում է լսողությունը: Եվ լռության այդ մի քանի լարված-տագնապալի վայրկյանները ասես մի ամբողջ հավերժություն ձգվեցին: Աստված գիտի` Գեւորգն իր որ զգայարանով է կռահում, որ ինչ-որ բան այն չէ: Եվ քիչ անց նրա անհանգստությունը ավելի առարկայական-շոշափելի պատկեր ու կերպարանք է ստանում: Այլեւս կասկած չկար. թշնամու դիվերսիոն խումբը շարժվում է մեր դիրքերի ուղղությամբ: Եվ արտակարգ իրավիճակի թելադրանքով շարքային Մխիթարյանը արթուն հերթափոխի միջոցով միջադեպի մասին անհապաղ զեկուցում է դիրքի ավագին…
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը թշնամին հերթական դիվերսիոն գործողության փորձը կատարեց մեր գումարտակի հրամանատար, մայոր Նելսոն Շամբադարյանի հրամանատարությամբ հարավային սահմանները պաշտպանող ստորաբաժանման ուղղությամբ: Ժամանակին նկատելով թշնամու դիվերսիոն-խափանարար խմբի առաջխաղացման փորձը` մարտական հերթափոխում ընդգրկված տասը քաջերը անցնում են շրջանաձեւ պաշտպանության եւ նույնիսկ ինչ-որ պահի մերձամարտի բռնվում դիվերսանտների հետ: Թշնամին տալով երկու զոհ եւ մեկ վիրավոր՝ խուճապահար փախչում է:
Մինչեւ լուսաբաց ամեն մեկն իր խրամաբջիջում, աչքները չորս արած, լսողությունները սրած, աչալուրջ դիտարկում են կատարում:
Եվ միայն առավոտյան, երբ զորամասից գալիս են գումարտակի հրամանատարն ու բարձրաստիճան սպաներ, քաջերը նոր մանրամասներ են իմանում թշնամու դիվերսիայի եւ իրենց սխրագործության մասին:
Ահա նրանց` մարտական հերթափոխում ընդգրկված եւ իրենց վստահ ու գրագետ գործողություններով նենգ թշնամուն արժանի դաս տված մեր քաջերի անունները` պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Հակոբյան, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Հրաչ Թումանյան, շարքայիններ՝ Գեւորգ Մխիթարյան, Արմեն Սարգսյան, Կարեն Մկրտչյան, Կարեն Գրիգորյան, Մհեր Ենգիբարյան, Վահան Գեւորգյան, Վազգեն Բոյաջյան, Էդգար Վանյան:
Իսկ հետո բոլորիս համար անսպասելի վրա էր հասնելու 2016 թվականի ապրիլը…
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #39 (1159) 05.10.2016 - 11.10.2016, Ազգային բանակ