Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐԻԿ. ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՂ ԳՅՈՒՂԸ



ՀԵՐԻԿ. ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՂ ԳՅՈՒՂԸՀերիկ գյուղը գտնվում է Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից 45 կմ հեռավորության վրա, դեպի հյուսիս-արեւելք: Գյուղն ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1991-92 թթ., իսկ վերաբնակեցումն սկսվել է 1995-96 թթ.: Այդ տարիներին գյուղում 30 տնտեսություն էր: Դժվար օրեր էին՝ մի քանի տարի ո՛չ էլեկտրականություն կար, ո՛չ էլ դպրոց: Թերեւս սրանք էին հիմնական պատճառները, որ Հերիկը 1999-2000 թվականներին սկսեց դատարկվել: Թվում էր՝ գյուղի կործանումն անխուսափելի է: Սակայն նրան վիճակված էր ապրել ու վերածնվել:  Միայնակ մնացած Բակունց եղբայրների երկու ընտանիքները պահպանել ու հսկել են ամբողջ գյուղը՝ թույլ չտալով, որ եղած տները ավերակ դառնան:

2009-2010 թթ. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարության հատուկ որոշմամբ՝ Հերիկը նորից բռնեց վերաբնակեցման ճանապարհը: Գյուղն ապահովվեց  էլեկտրականությամբ, այստեղ տեղափոխվեցին մի քանի ընտանիքներ:

Գյուղում առաջնային էր դպրոցի հարցը: Հերիկի դպրոցականները դասերն անցկացնում էին կիսախարխուլ ու խոնավ մի տան մեջ: Շատ ընտանիքներ խուսափում էին վերաբնակվել գյուղում՝ հաշվի առնելով հենց դպրոցի անմխիթար վիճակը: Համայնքապետ Սիրակ Սողոմոնյանի խոսքով, շատերն էին թերահավատորեն վերաբերվում ժամանակակից դպրոցի վերակառուցվելուն: Սակայն  «Հայրենասեր»  կազմակերպությունն ու իր նվիրատուները հավատում էին դպրոցի վերակառուցվելուն, եւ մի քանի ամսվա ընթացքում ավերակը վերածվեց հարմարավետ ու մաքուր դպրոցի:

«Հայրենասեր»-ն այն անվանակոչեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով:   Այսօր արդեն նոր ընտանիքներ են գալիս գյուղ՝ հաշվի առնելով դպրոցի առկայությունը: «Հենց երեկ մի բազմազավակ ընտանիք տեղափոխվեց գյուղ: «Թուֆենկյան» հիմնադրամն էլ որոշել է մեր գյուղում մի քանի բնակելի տուն կառուցել՝ հաշվի առնելով գյուղում արդեն ժամանակակից ու բարեկարգ դպրոցի առկայությունը»,-տեղեկացրեց Սիրակ Սողոմոնյանը:

ՀԵՐԻԿ. ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՂ ԳՅՈՒՂԸՀերիկում կառուցված դպրոցն այսօր դարձել է գյուղի լինելիության, զարգացման ու կայացման գրավականը:

Հերիկում այսօր 12 տնտեսություն կա: Գյուղը լիահույս է ապագայի հանդեպ: Գյուղի բնակիչները ենթակառուցվածքների առկայության դեպքում պատրաստ են ապրել ու աշխատել Հերիկում: Գյուղի դիրքը թույլ է տալիս մեծ ծավալով ցորեն, գարի մշակել, ինչով էլ գյուղացիները հիմնականում զբաղվում են:

Բարեկարգվում են նաեւ ճանապարհները: Համայնքապետն ասում է, որ աշխատանքների ժամանակ խաչքարեր են հայտնաբերել եւ տեղափոխել գյուղի միջնադարյան եկեղեցու բակ:

Ապրիլյան կռիվների օրերին հերիկցիները առաջիններից էին, որ թողնելով տուն ու աշխատանք,  կամավոր շտապեցին սահման: «Հերիկից 6-7, իսկ մեր ամբողջ համայնքից միասին՝ մոտ 45 հոգի մեկնել են առաջնագիծ ու ակտիվորեն մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Մեկնել ենք, քանի որ  շատ լավ գիտենք ազատագրված հողի արժեքը»,-հպարտորեն ասաց համայնքապետ Սիրակ Սողոմոնյանը:

Հերիկն արժանի է, որ ունենա պայծառ ապագա:

Թամարա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #39 (1159) 05.10.2016 - 11.10.2016, Բանակ և հասարակություն


05/10/2016