ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՆ
Հոկտեմբերի 1-ը անջնջելիորեն կմնա փոխգնդապետներ Ա. Մնացականյանի և Հ. Գևորգյանի հրամանատարությամբ գործող մարտական զորամասերի կենսագրության մեջ: Այդ պատմական ու հիշարժան օրը Սյունյաց աշխարհում տեղակայված այս զորամասերին հանդիսավորությամբ հանձնվեցին զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ հանդիսացող Մարտական դրոշները: Նշված երկու զորամասերն էլ կազմավորվել են ոչ վաղ անցյալում: Զորամասերի առաջին հրամանատարներն են եղել փոխգնդապետներ Անդրանիկ Գիգոյանն ու Արթուր Մկրտչյանը, որոնք արել են հնարավորը՝ զորամասերը մարտունակ ստորաբաժանումներ դարձնելու համար:
Մարտական դրոշները զորամասերին հանձնեց 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը: Դրոշի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:
– Մարտական դրոշը հավաստեց մեր զորամասի կայացման փաստը, մարտական պատրաստականության ու զինվորական կարգապահության գործում մեր զինվորական ընտանիքի աներկբա նվաճումները: Մարտական դրոշի առկայությունը բարձրացնում է զորամասի մարտունակությունը, ամրապնդում զինվորի ոգին՝ նրան մղելով հերոսությունների: Մենք ամեն ինչ կանենք՝ մեզ առաջադրված մարտական խնդիրներն ու մեր զինվորական պարտքը սրբորեն կատարելու համար,- դիմելով հավաքվածներին ասաց զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ա. Մնացականյանը:
– Եթե Սյունիքում ենք, ուրեմն Սյունյաց աշխարհի լեռների ու նրա սերունդների նման ամուր ենք: Մենք կարդարացնենք մեր զորամասին Մարտական դրոշով պարգևատրելու վստահությունը՝ սրբորեն և անշեղորեն կատարելով մեր առջև դրված մարտական առաջադրանքը,- իր ողջույնի խոսքում ասաց զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հ. Գևորգյանը: Նա համառոտ ներկայացրեց զորամասի ստեղծման պատմությունը, այն խորհրդավոր վայրի ներկայացմամբ, որտեղ տեղակայված է զորամասը: Խորհրդանշական այս փաստը, ըստ Հ. Գևորգյանի, կարևոր նշանակություն է ունեցել զորամասի կայացման գործում: Նա իր և իր զինակից ընկերների անունից խոստացավ սրբորեն, աչքի լույսի պես պահել և պահպանել զորամասի Մարտական դրոշը:
Բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանը ևս շնորհավորեց սպաներին, ենթասպաներին և զինծառայողներին այս հիշարժան օրվա առթիվ.
– Այս օրը յուրաքանչյուր զինծառայողի, հատկապես հրամանատարների համար, պարծանքի օր է: Կազմավորման տարիների ընթացքում նշված զորամասերը կարողացել են հաստատուն կանգնել ոտքերի վրա, կայանալ և արժանանալ այս պատվին ու փառքին: Նա ևս շեշտեց Մարտական դրոշի կարևոր լինելու փաստը զորամասի գոյության համար և այն, որ պետք է դրոշը պահպանել անգամ կյանքի գնով:
Վերջում գնդապետ Վ. Քոչարյանը պատվոգրերով պարգևատրեց զորամասերի հրամանատարներին:
Վահրամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
գնդապետ
Խորագիր՝ #39 (1159) 05.10.2016 - 11.10.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում