ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբերի 26-ից 30-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեցին ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների պաշտոնատար անձանց ամենամյա հավաք-պարապմունքները:
Պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա հավաք-պարապմունքների նպատակն էր ամրապնդել ռազմական անվտանգության համակարգում պետական կառույցների սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև նրանց շրջանում բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման գործում պաշտոնական պարտականությունների և իրավասությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Նմանաբնույթ հավաքները հնարավորություն են ընձեռում բազմապատկելու համագործակցության շրջանակներում ունեցած հաջողությունները և նվազեցնելու առկա թերացումները:
Հավաքի մասնակիցների համար տարբեր դասախոսություններով հանդես եկան զինված ուժերի և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները: Մասնակիցները ծանոթացան ապրիլյան պատերազմից հետո տարածաշրջանային իրավիճակին, պատերազմի արդյունքներին ու քաղած դասերին: Անդրադարձ եղավ հայ-ադրբեջանական սահմանագոտում առկա իրադրությանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական իրավիճակին:
Ելույթների ընթացքում ներկայացվեցին ՀՀ զինված ուժերի զարգացման հեռանկարները:
Հավաք-պարապմունքի մասնակիցներն ամրապնդեցին իրենց գիտելիքները «Պետությունը և պետության միասնական կառավարման համակարգը ռազմական դրության փոխադրելու հիմնադրույթների», «Պետությունը խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման պլանի դրույթների» իմացությունից և շտաբային մարզումների կազմակերպման ու անցկացման մեթոդիկայից: Ունկնդրեցին նաև ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման դինամիկայի, ժամանակակից պատերազմի բնույթի, պետության պաշտպանության կազմակերպման հիմունքների, ռազմավարական զսպման համակարգի զարգացմանն առնչվող դրույթների, պետության տնտեսության զորահավաքային պատրաստության և այլ թեմաներով դասախոսություններ:
Պարապմունքների ընթացքում կատարվեցին նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների՝ խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման պլանների մշակման քննարկումներ, զորահավաքային հարցերի պարզաբանումներ:
Մասնակիցները ստուգարք հանձնեցին ղեկավարման կետերի կազմի, այդ կետերում աշխատանքի կազմակերպման կարգի իմացությունից: Անցկացվեց նաև գործնական պարապմունք «Բարձր» պատրաստականության աստիճանի հիմնական միջոցառումների կատարումը թեմայով: Գործնական այլ պարապմունքների ընթացքում մասնակիցները բաժանվեցին խմբերի, ստացան ուսումնական խնդիրներ և համապատասխան որոշումներ կայացրին: Այդ աշխատանքի միջոցով էլ որոշվեց պաշտոնատար անձանց պատրաստականության աստիճանը, գնահատական տրվեց նրանց գործողություններին:
Հարկ է նշել, որ պաշտոնատար անձանց հետ տարվող աշխատանքը չի սահմանափակվում նմանատիպ հավաքների անցկացմամբ: ՀՀ պետական կառավարման մարմիններին պետության պաշտպանությանը նախապատրաստելու գործընթացը համակարգում է ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության անձնակազմը: Վարչության սպաները պարբերաբար մարզումներ են անցկացնում պաշտոնատար անձանց հետ, տեղերում ծանոթանում փաստաթղթային կահավորման և այլ անհրաժեշտ խնդիրների լուծման ընթացքին: Նաև հավաքների հագեցած ծրագրի շնորհիվ տարեցտարի բարձրանում է միջգերատեսչական փոխգործակցությունը: Դրա վառ ապացույցն էր նախորդ տարի անցկացված «Շանթ-2015» զորավարժությունը: Հաջորդ նմանատիպ համապետական միջոցառումը կլինի առավել ընդգրկուն և կազմակերպված:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #39 (1159) 05.10.2016 - 11.10.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում