ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` «Ալագյազ» ուսումնական կենտրոնում անցկացվեց ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման զորավարժություն:
Մարտական կրակով անցկացված գումարտակային մարտավարական զորավարժությանը ներգրավված էին 5-րդ բանակային զորամիավորման և Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները:
Զորավարժության նպատակը ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումն էր հավանական մարտական գործողությունների ընթացքում:
Զորավարժության եզրափակիչ` հոկտեմբերի 7-ին կայացած կրակային փուլին հետևում է 5-րդ բանակային զորամիավորման և 102-րդ ռազմակայանի հրամանատարական կազմը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Զորավարժության մտահղացման համաձայն` պայմանական հակառակորդը, խախտելով ՀՀ պետական սահմանը, մխրճվում է Միացյալ զորախմբի պաշտպանության գոտու շրջաններ: Հրետանային հուժկու հարվածներով պայմանական հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Որոշում է ընդունվել երկրորդ շարակազմի հարվածային խմբերի կիրառման վերաբերյալ: Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի հրամանատարությամբ գործող ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների արդյունքում պայմանական հակառակորդը հետ է շպրտվում և առաջնագիծը վերականգնվում է:
Զորավարժությանը մասնակցող բոլոր ստորաբաժանումները ցուցաբերեցին բարձր մարտական պատրաստվածություն և մարտի դաշտում փոխգործակցության բարձր մակարդակ: Առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվեցին հրամանատարության կողմից: