Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԶինված ուժերում դաստիարակչական աշխատանքների կազմակերպման վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած դրանց կազմակերպման արդեն ընդունված ընդհանուր ուղղություններին, գոյություն ունեն որոշակի առանձին խնդիրներ, որոնք թելադրվում են աշխարհաքաղաքական պայմաններով, կրոնական, օրենսդրական և այլ պատճառներով: Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, զինվորական դաստիարակությունը պատրաստության տեսակ չէ, գործնականում կարելի է դաստիարակություն տերմինը փոխարինել կամ սահմանազատում մտցնել դաստիարակություն և ուսուցում հասկացությունների միջև, դաստիարակություն հասկացությունը ավելի լայնացնել` փոխարինելով գաղափարական ուսուցմամբ և բարոյահոգեբանական ոգու ձևավորում հասկացություններով:

Դաստիարակությունը, կարծում ենք, նպատակային է դիտարկել  ոչ որպես ներգործության գործընթաց, այլ որպես պետական հասարակական կազմակերպությունների, ինստիտուտների, հրամանատարական կազմի, նրանց ԱՀՏԱԳ տեղակալների նպատակադրված գործունեություն, որը միտված է զինծառայողների անհատականությունը ձևավորելուն և զարգացնելուն:

Անձնակազմի դաստիարակության համակարգը իր մեջ ներառում է  հետևյալ բաղկացուցիչների դիալեկտիկական միասնությունը`

ա) դաստիարակության հիմնական նպատակը,

բ) նրա օբյեկտը (անհատը),

գ) զինծառայողների դաստիարակության հիմնական ուղղությունները,

դ) դաստիարակչական աշխատանքների հիմնական ձևերն ու մեթոդները,

ե) դաստիարակության միջոցները:

Դաստիարակության գլխավոր և հիմնական նպատակն է ձևավորել և զարգացնել զինված ուժերի զինծառայողին որպես քաղաքացու, հայրենասերի, անհատի, որը միշտ ձգտում է կատարելագործման` որպես հայրենիքի պաշտպանի, անկախ զինված ուժերում զբաղեցրած դիրքից` լինի շարքային, սերժանտ, թե սպա:

Դաստիարակության ներկայացվող հիմնական պահանջը համակարգվածությունն է, բազմակողմանիությունը, տրամաբանվածությունը, իրատեսությունը, արդյունավետությունը, մտահղացման միասնությունը, նպատակասլացությունը: Դաստիարակության առանձնահատկությունն է մտքի, կամքի և մարմնի մշտական լարվածությունը, մեծ ուշադրությունը ֆիզիկական պատրաստությանը և դրանց ծանրակշիռ դերը` դրված անձնակազմի ծառայողական գործունեության հիմքում, զինվորական ծառայության հեղինակության բարձրացումը և հարգանքը նրա նկատմամբ: Փաստորեն գործում է հետևյալ սկզբունքը. «Սովորում են այն, ինչ սովորեցնում են, դաստիարակողը դաստիարակում է իր նմանին»:

Կարծում եմ, որ զինված ուժերում դաստիարակչական աշխատանքների հիմնական ուղղությունը պետք է լինի ձևավորել, զարգացնել զինծառայողների մոտ բարձր ռազմական արհեստավարժ որակներ, հայրենասիրություն, բարոյահոգեբանական դաստիարակության հիմունքներ, գերի ընկնելու դեպքում` տոկունության որակներ: Ցանկացած իրեն հարգող սպա չի կարող անցնել թափթփված զինծառայողի կողքով, եթե նույնիսկ նրա մեկ կոճակը կոճկված չէ:

Այստեղից հաստատվում է այն կարգախոսը` չկա կարգապահություն շարքում, չի լինի կարգապահություն մարտում:

Զինված ուժերում դաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերը պետք է դառնան (բացի ԳԴՊ և ՀՊՊ պարապմունքները) թեմատիկ միջոցառումները` թող դրանք կոչվեն «հրամանատարի տեղեկատվություն», «հայ ժողովրդի բարոյական ժառանգություն», «երևույթներ, որոնք խաթարում են հայ ժողովրդի բարոյական նկարագիրը» և այլն, ինչպես նաև հոգևոր դաստիարակության զարգացումը և ուղղորդումը դեպի Հայ առաքելական եկեղեցին և նրա պատգամները:

Այստեղ որոշակի անելիքներ ունեն զորամասերի հոգևոր սպասավորները, որոնց աշխատանքի անկյունաքարը պետք է դառնա.

♦  անձնակազմի բարոյահոգեբանական նախապատրաստումը զինծառայության դժվարություններին և հնարավոր մարտական գործողություններին, զարգացնել ընկերասիրության, փոխադարձ վստահության, սոցիալական հավասարության սկզբունքները,

♦  ի հայտ բերել ընկճվածներին, զինվորական ծառայությանը չհարմարված զինծառայողներին, ինչպես նաև ի հայտ բերվեն, այսպես ասած, «հեղինակավոր» զինծառայողները, նրանց հետ տարվեն բացատրական աշխատանքներ քրիստոնեության հիմնարար սկզբունքների` մարդասիրության, փոխադարձ ընկերասիրության,   հարգանքի և փոխզիջողականության մասին,

♦  հոգևոր սպասավորները պետք է դառնան զորամասի անբաժան մասը, ապրեն նրա հոգսերով, այլ ոչ թե զորամասում լինեն միայն եկեղեցական ծեսերի և տոների կատարողներ:

♦  հոգևոր սպասավորներին զորամասի հրամանատարությունը կարող է ներգրավել մասնակցելու զորամասի ներքին ղեկավարման հարցերին, նրանց կողմից կարող  են անցկացվել պարապմունքներ բարոյականության, հայրենասիրության, փոխադարձ համբերատարության, ռազմահայրենասիրական թեմաներով` ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ սպաների հետ, նրանց կարելի է ներգրավել նաև զինծառայողների ազատ ժամանցի կազմակերպմանը, ինչպես նաև` զորավարժություններին, դաշտային պարապմունքներին, որտեղ նրանք կոգևորեն անձնակազմին, կազդեն ստորաբաժանումների բարոյահոգեբանական վիճակի վրա: Նրանց համար կարելի է որոշել զինվորական համազգեստի տեսակ` հոգևոր սպասավորի տարբերանշանային առանձնահատկություններով:

Վերջինս կարևոր է նրանով, որ ստորաբաժանման հրամանատարը միջոցառումը անցկացնում է անձամբ, ողջ անձնակազմի ներգրավումով, և որ կարևոր է, միջոցառումն անցնում է մտքերի ազատ փոխանակման պայմաններում:

Վերջին օրերի քառօրյա մարտական գործողությունները ցույց տվեցին, որ արդեն 22 տարի ապրում ենք «ննջող պատերազմի» պայմաններում, որը կարող է ամեն պահի արթնանալ, ուստի անհրաժեշտ է նորովի վերանայել դաստիարակչական և տեղեկատվական աշխատանքները: Դա վերաբերում է նաև մարտական գործողությունների ժամանակ զինծառայողների  հակառակորդի կողմից հնարավոր գերեվարման ժամանակ նրանց ճիշտ վարվելակերպի պլանավորմանը: Այն պետք է ծրագրավորված լինի այնպես,  որ հակառակորդի հատուկ ծառայություններին հնարավորություն չտրվի նրան ենթարկելու սադրանքների, չկարողանան նրան  մղել հայրենիքի հանդեպ հանցանքի` դավաճանության, այդ նպատակով կարելի է պլանավորել հատուկ պարապմունքներ, զինծառայողներին հանգամանորեն բացատրել վարվելակերպի կանոնները, հնարավոր ձևերը գերության ժամանակ, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Զինվորական դաստիարակության աշխատանքների համակարգը առանձնանում է իր ձևերի և մեթոդների բազմազանությամբ: Այն  պետք է ներառի ոչ միայն այն թեմաները, որոնք արդեն կան ԳԴՊ և ՀՊՊ ծրագրերում, անհրաժեշտ է նաև օպերատիվ, նպատակաուղղված տեղեկատվություն օրվա քաղաքական իրավիճակի մասին: Հիշում եմ` խորհրդային բանակում որպեսզի հասնեին քարոզչության միասնական քաղաքական տեղեկատվության, հիմնական դրույթները, քննարկելիք հարցերը համալիր ներկայացվում էին առանձին սյունակով և արդեն մշակված, պարզեցված, համարյա թե պլան-հակիրճակի տեսքով տպագրվում էին «ԽՐՈրվՈÿ ջՉպջՊՈ» թերթում` շաբաթական տեղեկատվության ժամերին անձնակազմին հասցնելու համար, ինչը բերում էր քաղաքական տեսակետների միասնության, որն էլ նպաստում էր արտաքին և ներքին քաղաքական վտանգների նկատմամբ միատեսակ տեսակետների ձևավորմանը, բնական է` անհրաժեշտ աշխարհընկալման ձևավորմանը: Ինչպես ասում են` ամեն մի նորություն լավ մոռացված հինն է:

Ա.ՊԱՀԼԱՎՈՒՆԻ

գնդապետ

Խորագիր՝ #40 (1160) 12.10.2016 - 18.10.2016, Ռազմական


12/10/2016