Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐՀԱՆԴԱԿԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

 

ՍՈՒՐՀԱՆԴԱԿԸԱվտոմեքենայի շարժիչի միանվագ ձայնը, օրորվող ավտոմեքենան նինջ բերեցին հոգնած ուղևորների աչքերին: Ավտոմեքենայի խցում Մուրադյանն ու Համոն խոր մտորումների մեջ էին:

-Անելիքներ շատ ունենք,- հոգոց հանեց Համոն:

-Այո՛, մենք շատ-շատ անելիքներ ունենք, իսկ ամենից առաջ մենք պետք է իրար ավելի շատ սիրենք, մեր հույսը մեզ վրա դնենք,- նկատեց Մուրադյանը:

-Ճի՛շտ է: Մենք իրար ավելի շատ պիտի սիրենք ու փայփայենք,- կրկնեց Համոն ու շարունակեց,- ի՞նչ է, պարտադիր է՝ դանակը ոսկորին հասնի՝ նոր հասկանանք:

-Տեսնո՞ւմ ես, այստեղ` սահմանում, բոլորս էլ մեկ ենք: Մեկ հայրենիք ունենք ու բոլորս էլ եկել ենք մեր հայրենիքը պաշտպանելու, անկախ նրանից, թե ով ինչ կուսակցության անդամ է, թե ինչ քաղաքական հայացքներ, դեր ու դիրք ունի:  Անկախ նրանից, թե աշխարհի որ երկրի  քաղաքացին է: Հայի համար կա մեկ հայրենիք և մեկ ժողովուրդ, իր  անցյալին, ներկային ու ապագային տեր կանգնած մի պետություն: Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Այսօր մենք միասնական ենք ավելի: Մեր պետությունը մեր պատմական հայրենիքի սրբագույն հողի վրա կրկին վերածնվեց,  ազատագրվեց Արցախը:

Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ լինի, իր բաժին սերը պետք է տա իր երկրին: Այսօր տես, թե որքան միասնական ենք, որքան հայկական, ու հենց դրա համար էլ մենք այսօր ավելի ուժեղ ենք,- հպարտ-հպարտ ասաց Մուրադյանը:

-Մենք հաղթելու ենք, ու մեր վերջնական հաղթանակը կլինի բարոյականության և արդարության հաղթանակ:  Այլևս մեր թշնամին մեզ չի տեսնի այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Հիմա ձեռ ու ոտ է ընկել, հաշտություն է աղերսում: Իսկ մենք լավ գիտենք, որ նրա նպատակը հաշտությունը չէ և ոչ էլ խաղաղությունը,- շարունակեց Համոն:

Ամեն ինչ անում է՝ կանգնեցնելու մեր զինվորի առաջընթացը: Հայոց պատմական բուն հայրենիքի բռնազավթված տարածքների ազատագրումը օրհասական է դարձել: Պատմական ճշմարտությունները  գզրոցներից աղմկում են` աշխարհի տարբեր լեզուներով, հայոց ցեղասպանության պատկերներով: Երկաթյա վարագույրը ժանգոտ փշալարերի նման կախվել է ցեղասպանությունն ուրացողների գլխին…,- առույգացավ Մուրադյանը:

-Ողջ աշխարհն է քաջատեղյակ,- ղեկը մեկ աջ, մեկ ձախ պտտեց, ապա ավտոմեքենայի ընթացքը կարգավորելով՝ արձագանքեց Համոն:

-Գիտեն, միայն թե, շարունակում են լռել: Գոնե մեզ չխանգարեն. գուցե վախենում են թուրքական այս խաժամուժից, որոնք զենք ու զինամթերք թողած, տեսնում ես էլի նապաստակների պես ոնց են փախչում,- մի պահ լռելուց հետո շարունակեց Մուրադյանը:

-Իսկ մեզանից մահն է վախենում, թուրքի կերպարանք առած մահը,- չի հանգստանում Համոն:

Մուրադյանի և Համոյի դարակազմիկ զրույցը դադարեց, երբ Անդրանիկը ավետեց տեղ հասնելու լուրը` մեքենայի խցիկի գլխին բռունցքով ամուր հարվածելով.

-Կանգնեք, հասանք:

Ավտոմեքենան կայանեց այնտեղ, որտեղ հարկ էր բեռնաթափել եղած-չեղածը: Նրանց դիմավորեցին գումարտակի հրամանատարն ու շտաբի պետը` Միքայել Ոպանյանը, ապա մոտեցավ բժիշկն ու անձնակազմի գծով մյուս տեղակալը: Մեկը մյուսին շնորհավորում էին նոր տեղանքի պահպանության համար, երբ որոտաց ահռելի մի պայթյուն: Պայթյունը այնքան մոտ էր և այնքան ուժեղ, որ բոլորն էլ անմիջապես ընկան գետնին: Պայթյունի ահռելի ցնցումը հիշեցրեց Ղոչասարում տեղի ունեցած ականի հուժկու պայթյունը:

Քիչ անց պարզվեց, որ դեպի ձախ լեռն ի վեր բարձրացող ականապատ ճանապարհին ականից ավտոմեքենա է պայթել: Վարորդն ու իր երեք ուղևորները զոհվել են:

Անդրանիկը, որ տխուր նայում էր Մուրադյանին, անմիջապես աչքերը կախեց: Մուրադյանը ատամները ամուր սեղմեց իրար, նոր ցավի իրեն հասանելիք բաժին էր մխրճվել նրա կոկորդում ու շնչահեղձ էր լինում:

-Ազնիվ խոսք,- դիմելով Մուրադյանին՝ ասաց Անդրանիկը,- ես այդ նույն ճանապարհով ոտքով եմ իջել: Բարդիների հովտի խաչմերուկից եմ մեքենա նստել:

-Իսկ Ղոչասարի «Ուրալի» պայթյունից ոչինչ չե՞ս լսել: Ո՞ւր է ընկերդ` Երվանդյան Գառնիկը, մեր յոթ տղաներն ո՞ւր են, բարեբախտաբար` հիվանդանոցում,- միաժամանակ պատասխանելով իր իսկ տված հարցին՝ ատամների արանքից նետեց Մուրադյանը:

Խորագիր՝ #40 (1160) 12.10.2016 - 18.10.2016, Հոգևոր-մշակութային


12/10/2016