Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



ՀՈՒՇԱՐՁԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆՎերջերս Վայոց Ձորի Շատին գյուղում բացվեց Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհված Յուրի Խանոյանի հիշատակին նվիրված հուշարձան: Ելույթ ունեցան Վայոց Ձորի փոխմարզպետ Մ.Հարությունյանը, դպրոցի տնօրեն Բ.Մարգարյանը, բանաստեղծ Շ.Մկրտչյանը, Յուրիի մանկության ընկեր Տ.Խուդոյանը: Բանաստեղծ Վ. Խանոյանի բանաստեղծությունը նվիրված է հերոսի հիշատակին:

 

ԵՂԵԳԻՍԻ ԱՓԻՆ

Ազատամարտիկ ՅՈՒՐԻ  ԽԱՆՈՅԱՆԻ հիշատակին

 

Եղեգիսի ափին, մեր Եղեգիսի,

Մի խաչքար է հառնել աստղալեզու.

Մեղմիկ զրուցում է հերոսների մասին,

Որ կռվի են ելել սուրբ  ցասումով լեցուն:

 

Մարտնչել են նրանք հանուն հայրենիքի,

Արաքս գետից մինչև Ամարաս ու Օմար,

Իրենց կյանքն են տվել հանուն մեր գալիքի,

Ներկա ու ապագա սերունդների համար:

 

Եղեգիսի ափին, մեր հին Եղեգիսի,

Աստծո հետ է լռին խոսում այդ խաչքարը,

Աստված բարձունքներից հայոց սեգ Մասիսի

Հոր սրտով է օրհնում արդար մեր պայքարը:

 

Խաչքարերի երկիր սեգ Հայաստանը մեր

Հավատով է հայացքն հառել ապագային,

Նրա հետ է նախնյաց մտքի լույսը անմեռ,

Վսեմ մեր լեռների ուժն ու անպարտ ոգին:

 

Այդ է վկայում և նոր այս խաչքարը մեր,

Որ հառնել է, ահա, ափին Եղեգիսի;

Նա և՛ լեզու ունի, և՛ թռիչքի թևեր

ՈՒ  մեր գալիքի հետ պիտի անվերջ խոսի:

 

Վարդգես  Խանոյան

ք. Ջերմուկ

Խորագիր՝ #40 (1160) 12.10.2016 - 18.10.2016, Բանակ և հասարակություն


12/10/2016