ՎԵՐԱԴԱՐՁ, ՈՐ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ
Դանիելը փոքր է, երեք տարեկան է ընդամենը ու չի հասկանում: Դանիելը սպասում է զինվոր եղբորը: Դանիելը կարմիր, վառվռուն թշերով մարտունեցի փոքրիկ տղա է ու ամեն օր հարցնում է մորը` մա՛մ, բա Նորիկը ե՞րբ կգա բանակից:
-Երբ թուրքերը գիշերով հարձակվել են դիրքը պահող զինվորների վրա, տղաները կռվել են մինչև վերջ: Հետո, երբ դասակի հրամանատարը հասկացել է, որ ուժերը անհավասար են, ու այլևս դիմադրելն անհնար է, հրամայել է իր զինվորներին նահանջել, իսկ ինքը մնացել է դիրքում, որ դիմահար կրակոցով դադարեցնի թշնամու առաջխաղացումը և ապահով նահանջի հնարավորություն տա իր զինվորներին: Բայց Նորիկը չի ենթարկվել հրամանատարին: Նա չի նահանջել զինակից ընկերների հետ: Մնացել է իր հրամանատարի կողքին, մենակ չի թողել նրան: Նահանջող զինվորներից մեկը հեռվից տեսել է, թե ինչպես ընկավ Նորիկը: Ընկավ զենքը ձեռքին, իսկական զինվորի նման, գեղեցիկ, փառահեղ, հերոսական: Զոհվեց մարտական հենակետում, իր հրամանատարի հետ: 7 օր հետո հակառակորդը հայրենիքին վերադարձրեց իր հերոսի մարմինը:
-Բա ե՞րբ կգա,- հարցնում է Դանիելը:
Ես ուզում եմ, որ Նորիկի հորաքրոջ տղան` Բագրա՛տը պատմի հերոսի մասին: Նորիկը 4 եղբայր ունի, մեկ քույր, Նորիկի հայրը Արցախյան պատերազմի մարտիկ է, բայց ես ուզում եմ, որ Բագրատը պատմի, որովհետև, ասում են` Բագրատն ու Նորիկը շատ մտերիմ են եղել: Ինքնամփոփ, զուսպ, իր աշխարհում ապրող տղան ընկերություն է արել իր ամենաավագ զարմիկի հետ:
-Ես Նորիկի զարմիկը չեմ, եղբայրն եմ,- նեղանում է Բագրատը: -Նորիկն իմ աչքի առաջ է մեծացել: Մորեղբայրս՝ Զավենը, 6 երեխա ունի, նրանց մեջ Նորիկին մի այլ սիրով եմ սիրել, որովհետև Նորիկը արտասովոր տղա էր: Պիտի մտերիմ լինեիր հետը, որ բացվեր, ու տեսնեիր, թե ինչ մաքուր, լույսով ու բարությամբ լցված զգայուն հոգի ունի, արտաքին խաղաղության, հանգստության տակ ինչ քաջ ու հզոր սիրտ է թաքնված, ինչ արժանապատիվ, խրոխտ տղամարդ է ապրում նրա պատանեկան մարմնում:
Բագրատը նկարիչ է: Ինձ թվում է՝ նա վրձինն առած կտավի վրա գույն առ գույն, գիծ առ գիծ պատկերում է Նորիկի կերպարը:
-Նորիկը քաջերի երրորդ սերունդն է, մենք քաջերի գերդաստան ենք:
Ես ակամա ժպտում եմ: Ուրախությունից եմ ժպտում, բայց Բագրատը խոժոռվում է ու չի նահանջում:
-Չէ՛, քաջերի չորրորդ սերունդն է, որովհետև պապիցս առաջ իմ ալաշկերտցի մեծ պապն է թուրքերին…
Ես չեմ լսում, թե ինչ է արել Բագրատի մեծ պապը թուրքերին, ես մտածում եմ Զավեն Սարգսյանի մասին, որը Արցախյան պատերազմի ժամանակ կռվել է ամենաթեժ կետերում, ազատագրել է գերեվարված մի շարք բնակավայրեր: Վեց երեխա է ունեցել. հինգ զինվոր և մեկ ապագա զինվորի մայր` ինչպես ինքն է սիրում ասել: Ու պատերազմից 20 տարի անց…
-Այն հողը, որի պաշտպանության համար զոհվեց որդիս, ժամանակին ես եմ պաշտպանել: Իմ ընկերներն են զոհվել այդ հողի համար… Իսկ հիմա որդուս տվեցի: Երկու որդիներս ծառայել են, երկուսն էլ պիտի ծառայեն: Անդրանիկս ու Գևորգս բարով-խերով հետ եկան բանակից, Դավիթս ու Դանիելս էլ մեր հողը կպաշտպանեն ու տուն կգան: Իսկ Նորիկս զոհվեց: Հայրենիքն էդպես ուզեց, իր բաժինն էր, տարավ… Ես հիմա քեզ իմ ցավի մասին չեմ պատմելու: Ես քեզ իմ հպարտության մասին եմ պատմելու: Տղաս չի նահանջել: Տղաս իր հրամանատարին մենակ չի թողել ոհմակի առաջ: Որոշել է մնալ ու մեռնել իր հրամանատարի հետ, որ հրամանատարը միայնակ չմեռնի…
…Ես ոտքի եմ կանգնում: Ակամա: Ես չեմ կարող նստած լսել այդ պատմությունը:
-Ես եմ բանակ ճանապարհել Նորիկին,- պատմում է Բագրատը: Դուք տեսե՞լ եք անարցունք լացող աչքեր:
-Վիճակահանության ժամանակ երկու հոգի էին մնացել` Նորիկն ու մի տղա: Երկուսին էլ նույն զորամասը բաժին հասավ: Ես տխրեցի: Մի տեսակ սիրտս սեղմվեց: Նորիկը եկավ, գրկեց ինձ: Ասաց` դուխդ բարձր պահիր, մի՛ նեղվիր, կծառայեմ` կգամ:
…Երկուսն էլ զոհվեցին: Ինչո՞ւ են ամենալավերը զոհվում:
Ես պիտի մի խելքին մոտ բան պատասխանեմ, բայց ուղեղս արգելակվել է:
-Հիշում եմ, թե ինչպես տեսա Նորիկին վերջին անգամ: Ես ու Զավեն քեռիս գնացել էինք զորամաս: Նորիկն էնքան ուրախ էր. ինքնավստահ, հրամանատարների գովքից հուզված: Հետո Զավեն քեռուս մարտական ընկերները եկան-հավաքվեցին: Նրանք էդ կողմերում են կռվել: Հիշեցին, պատմեցին: Հոտոտեցին հողը: Նորիկը մտազբաղ լսում էր: Տեսնես` ի՞նչ էր մտածում: Հետո իր երազանքների մասին խոսեց: Ասաց, որ ուզում է ուսումը շարունակել…
Դեռ քանի՜ մասունք պիտի հավաքենք, որ ամբողջացնենք հայրենիքի համար նահատակված զինվորի ուրվանկարը, քանի գույն պիտի գտնենք, քանի հույզ, քանի երազանք… Ով կիմանա, թե ինչ էր նրա սիրո անունը, ով կտեսնի դեռատի աղջկա` դեպի ներս հոսող արցունքը…
Իսկ գրադարանավարուհու դողացող ձեռքը Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը» բռնել էր սրբության նման:
-Նորիկը շատ էր կարդում, սա նրա կարդացած վերջին գիրքն է:
Դիրքերից եկած հասարակ փամփուշտը հիմա անուն, վերնագիր ունի. «Զոհված զինվորի վերջին նվերը քրոջը»: Իսկ Նորիկի ձեռքով պատրաստած ցուցանակին մյուս հերոսների հետ նաև իր նկարն է փակցված:
-Նորիկը ե՞րբ է գալու բանակից,- հարցնում է երեքամյա Դանիելը:
-Նորիկը եկել է,- ասում է մայրիկն ու համբուրում փոքրիկի մետաքսե մազերը:
Նրա վերադարձը չի ավարտվելու:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #40 (1160) 12.10.2016 - 18.10.2016, Բանակ և հասարակություն