Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՐԵՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ԿԱԿԱՉՆԵՐԸ…



ՍԱՐԵՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ԿԱԿԱՉՆԵՐԸ...Սասուն Մկրտչյան…մեկը այն երիտասարդներից, որոնք կենդանության օրոք չեն արտաբերել հայրենիքին նվիրված բարձրագոչ խոսքեր, եղել են համեստ, չեն փորձել առանձնանալ կամ քաջի համբավ ձեռք բերել, բայց մի ակնթարթում, ամենա-ամենակարեւոր ու վճռական մի պահի հաստատեցին իրենց ազնիվ, հայ տղամարդու վեհ տեսակ լինելու փաստը… Նրանք միացան մեր մյուս հերոս քաջերին, որ այսօր արդեն մեր կողքին չեն…

 

Երևանի համար 78 հիմնական դպրոցի այն դասասենյակը, որտեղ դպրոցական տարիներին ուսանել է Սասուն Մկրտչյանը, անվանակոչվեց նրա անունով: Դպրոցի նախասրահում տեղադրված հուշանկյան երկու կողմերում զինվորական համազգեստով պատվո պահակ են կանգնել դպրոցի սաները: Ցուցափեղկում ներկայացված են Սասունի շքանշանների և մեդալների վկայագրերը, պատվոգրերը, իսկ կենտրոնում ամենասրտառուչը՝ հարսնացուի նամակն իր սիրելիին:

Դասասենյակի մոտ հավաքվել են Սասունի ծառայակից ընկերները, դասընկերները, քաղաքապետարանի ներկայացուցիչները,  հարազատները…  Դասասենյակում ուսուցիչն ու աշակերտները զգաստ կանգնած սպասում են արարողությանը: Սենյակի՝ Սասուն Մկրտչյանի պատվո անկյունում դրված պահարանի ապակիների ետևում երևում են նրա բազմաթիվ պատվոգրերը,  մեդալները, հաղթանակներով ձեռք բերված գավաթները:

Մոտենում եմ համադասարանցիներից Սիրանույշին. «Մարդու անհատականությունը, տեսակը փոքրուց է երևում. նա ամեն ինչի պատրաստ էր՝ ընկերներին օգնելու համար: Ցավոք, այսօր արդեն նրան չունենք մեր կողքին, բայց ունենք այն, ինչ ձեռք ենք բերել նրա սխրանքի շնորհիվ… Երբեք, երբեք հնարավոր չէ մոռանալ նրան…»:

ՍԱՐԵՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ԿԱԿԱՉՆԵՐԸ...«Սասունի մասին մտածելիս,- ասաց Ալիսան,- հիշում եմ նրա աչքերի ու հայացքի՝ սասունցուն բնորոշ պարզությունն ու բարությունը: Ենթատեքստով ոչինչ չէր ասի. ուղղամիտ էր ու միշտ ուրախ… Մի կողմից հպարտություն եմ զգում, որ նույն դասարանում եմ սովորել  մարդու այդ տեսակի հետ, որ ազգի համար իր կյանքը չխնայեց, մյուս կողմից՝ ցավում եմ, որ այն ժամանակ չգիտեինք, թե ի՜նչ մեծ զոհողության էր պատրաստ մեր ընկերը: Ափսոս, երբեք չեմ կարողանա  իմ ու ընկերներիս անունից ասել նրան այս պահին մեր զգացածը…»:

Սասուն Մկրտչյանի դասղեկը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Օվսաննա Վարդանյանը, իր խոսքը հենց իր վաղամեռիկ սանին է ուղղում. «Սիրելի՛ Սասուն, երբեք չտեսա քեզ անիմաստ կռիվների ու վեճերի մեջ, երբեք չպահանջեցիր այն, ինչը քոնը չէր, և երբեք չփորձեցիր ինքնահաստատվել ուրիշի հաշվին, իսկ ամենադժվար պահերին քեզ օգնության էր հասնում հումորդ, որով «զինաթափում» էիր բոլորիս: Հիմա, երբ աշակերտներիս պատմում եմ սխրանքիդ մասին, երբ նկատում եմ՝ ինչպես են վառվում նրանց աչքերը, հասկանում եմ, որ քո հեռանալը մի անվերջ վերադարձ է դեպի կյանք… Հավատա, երբեք չի մոռացվելու անունդ, և քո օրինակով սերունդներ են դաստիարակվելու…»:

Դասասենյակի բացման հանդիսավոր արարողությունից հետո, արդեն դպրոցի դահլիճում, աշակերտները խոսում են Սասուն Մկրտչյանի՝ մեկը մյուսից բարձր առաքինությունների մասին: Առաջին շարքում են Սասունի մայրը՝ տիկին Նարինեն, ու հարսնացուն՝ Գոհարը:  Նրանց ու բեմում կանգնածների միջև զգացմունքների նուրբ կապ է հաստատվել. երեխաները փնտրում են նրանց հայացքները՝ հուզվում նրանց հուզումից: Բայց արցունքների միջից շարունակում են իրենց վստահված կարևոր գործը՝ դրվատում են հերոսի  ապրած կարճ, բայց իմաստալից կյանքը:

ՍԱՐԵՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ԿԱԿԱՉՆԵՐԸ...…Նա ծնվել է Երևանում, 1989թ. հունիսի 10-ին: Նախնիները սասունցիներ են եղել: 10 տարեկանից Սասունը սկսել է զբաղվել բռնցքամարտով, ունի բազմաթիվ պատվոգրեր, մեդալներ, մրցանակներ: «Մուայ թայ»-ի ֆեդերացիայի պատվավոր անդամ էր: Բանակից զորացրվելուց հետո Սասունն աշխատանքի է անցել վերաքննիչ դատարանում, այդ ընթացքում ընդունվել համալսարան, միաժամանակ աշխատել և սովորել է իրավաբանության ֆակուլտետում, 2011-ին աշխատանքի է անցել խաղաղապահ զորքերում, այնուհետև՝ ՀՀ  ԶՈւ-ում՝ որպես հետախույզ-գնդացրորդ: Հրամանատարության կողմից բազմիցս պարգևատրվել է: Ծառայել է Արցախի տարբեր հատվածներում. վերջում Թալիշում է եղել: «Սասունն առաջ է նետվել գնդացրով՝ իր ճանապարհին հնձելով թշնամուն, -պատմում է աշակերտուհիներից մեկը,- հետո երկինքը կարծես շատ մոտ էր, հետո շուրջը դաշտային ծաղիկներն էին, որոնք նա շատ էր սիրում, և մի աղջիկ էր կանգնած՝ ծաղկեփունջը ձեռքին: Հետո ժամանակը մի պահ կանգ առավ…»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանով և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` «Արիության համար» մեդալով:

Ռուբեն Հախվերդյանի՝ «Սարերում բացվել են կակաչները» երգի հնչյունների ներքո աշակերտներից մեկը կարմիր կակաչներով մոտենում է Սասունի սիրած աղջկան՝ Գոհարին, մյուսը՝ սպիտակ վարդերի փնջով՝ հերոսի մորը՝ տիկին Նարինեին:

 

Սարերում բացվել են կակաչները,

Սարերում հրդեհ է իսկական,

Լավագույն տղերքը հեռանում են,

Որ երբեք, երբեք էլ ետ չգան:

 

Երբ նորից բացվեն գարնան դռները,

Ու ծոցվոր հարսները մայրանան,

Կհիշվեն հավերժ այն անունները,

Տղերքի, որոնք արդեն չկան…

 

Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,

Իր կարմիր գույնով սարերը ներկել,

Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,

Որ սարերը մեր չմնան անտեր…

 

ՍԱՐԵՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ԿԱԿԱՉՆԵՐԸ...…Պատանիներն ու աղջիկները երդումի պես միաձայն արտասանում են այժմ արդեն Սասունի և մեր մյուս զոհված հերոսների՝ պահանջի վերածված պատգամը. «Ո՛չ մի թիզ հող թշնամուն»:

Ելույթով հանդես եկավ նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը.«Երբ քառօրյա պատերազմից  հետո մեր ուսուցիչները աշակերտներին առաջարկել էին շարադրություններ գրել,-պատմեց նա,- 15-ամյա մի աղջիկ իր շարադրության մեջ  գրել էր. «Երեկ մենք քայլում էինք միասին՝ քառօրյա պատերազմի զինվորի հետ: Այսօր դու չկաս, բայց դու կաս… Ես շարունակում եմ քայլել, ու ինձ համար նախանշված սահմանին հասնելուց հետո ես այլևս չեմ լինի, բայց դու հավերժ կլինես…»:

Այնուհետև, հուզումի այս ալիքների մեջ, Հատուկ նշանակության ստորաբաժանման հոգևոր սպասավոր Մհեր սարկավագ Հարոյանի գլխավորությամբ բոլոր ներկաները հոտնկայս «Տերունական» աղոթք բարձրացրին առ Աստված՝ Սասուն Մկրտչյանի և մյուս զոհված հերոսների հոգու հանգստության, մեր երկրի ու ժողովդրի խաղաղության, բանակի հզորության համար:

«Դժվար է նման միջոցառումներին մասնակցելը,- հետո արդեն հուզված՝ ինձ ասում է հերոսի մայրը,-բայց  գիտակցում եմ, որ դրանք շատ կարևոր են. նոր սերունդը պետք է իմանա նախորդների հերոսական պատմությունները՝ նույն ոգով նրանց գործը շարունակելու  համար: Հիմա ավելի լավ է՝ Գոհարիկիս հետ խոսեք. նա միշտ մեր կողքին է…Ես տղայիս փոխարեն նրա մատին նշանի մատանի եմ դրել»:

ՍԱՐԵՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ԿԱԿԱՉՆԵՐԸ...Մոտենում եմ կարմիր կակաչների փունջը գրկած Գոհարիկին: Փորձում եմ հասկանալ նրա զգացումներն այսպիսի պահերին: «Ինձ համար ծանր են այս հանդիպումները,-ասում է աղջիկը,- ամեն անգամ ցավս նորոգվում է, բայց, ոչինչ, ես ամուր մարդ եմ,- ժպտում է արցունքների միջից: Ցուցափեղկում դրված նամակի շարունակությունն է կարծես: -…Երբ խոսում է ցավը, լռում է ամեն ինչ…կանգ է առնում անգամ ժամանակը: Սիրելի՛ս, ժամանակը կանգ է առել ապրիլի 2-ից, երբ ասացիր, որ գնում ես…

Գրում եմ ու նույն պահին էլ լսում եմ քո ձայնը.

-Դուխո՛վ, Գոհա՛ր, դուխո՛վ, նայի՛ր առաջ:

-Ժամանակ է պետք՝ ժամանակս կանգ է առել…»

Գոհարն էլ սասունցի է:

«Այս պահին մի բան կա մտքումս, ուզում եմ Ձեզ ասել,-խոսում է հերոսի հարսնացուն,-Սասունի հետ կապված բոլոր հիշողություններս միայն հիշողություններ չեն: Երբ ժամանակը կանգ է առնում…դրանք ինձ ուղեկցում, առաջնորդում են դեպի կյանք, ինձ  ստիպում են մտածել, որ իրավունք չունեմ գլուխս կախելու, դեպի առաջ չնայելու…դրանք ինձ ապրելու ուժ են տալիս»:

ՍԱՐԵՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ԿԱԿԱՉՆԵՐԸ...…Այսօր Մկրտչյանների ընտանիքում մի փոքրիկ Սասուն է մեծանում՝ բոլորի ուրախությունն ու մխիթարանքը: Ծնվել է 2016-ի սեպտեմբերի 21-ի տոնական, խորհրդանշական օրը: Ի՜նչ հպարտությամբ է կրելու իր հերոս քեռու անունը:

Կյանքը նվիրելով իրենց փոքրիկ, բայց հպարտ Հայաստան աշխարհին՝ մեր հերոս տղաները ցնցեցին բոլորիս ու ոչ թե բառերով, այլ գործած սխրանքով պատգամեցին՝ «Ո՛չ մի թիզ թշնամուն»:

 

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #40 (1160) 12.10.2016 - 18.10.2016, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


12/10/2016