Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈՒՄ Է ՇՆՈՐՀԱԿԱԼ ՄԱՐԴԿԱՆՑ…



Նախապես պայմանավորվել էինք: «Երիտասարդական» մետրոյի մոտ փորձեցի հայացքով գուշակել, թե ինձ ընդառաջ եկող երիտասարդներից ո՞ր մեկն է Մխիթար Ալեքսանյանը: Նա ինքը ինձ ձեռքով արեց՝ նկատելով փնտրող հայացքս: Բազմության մեջ մյուս տղաներից առանձնապես չտարբերվող այս ծայրահեղ համեստ, սիրալիր երիտասարդը նստած է դիմացս և հանդարտ ձայնով խոսում է… Ընդամենը մի քանի ամիս առաջ Թալիշի մատույցներում մղվող մարտերի մասնակիցն է եղել… Խոսում է ընտիր հայերենով, փոքր-ինչ բարբառային առոգանությամբ. ծնունդով Վրաստանից է՝ Մառնեուլից: Լսենք նրան:

 

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈՒՄ Է ՇՆՈՐՀԱԿԱԼ ՄԱՐԴԿԱՆՑ...-Մարտական ծառայության մեջ,- ասում է Մխիթարը,- միշտ էլ հոգեպես  պատրաստ ես ծայրահեղ դեպքերի՝ դիվերսիա, կրակոցներ, անգամ մահ: Բայց այդ օրը մենք չէինք սպասում, որ նման թեժ գործողություններ կծավալվեն, ու մենք դրանց կիզակետում կհայտնվենք: Ապրիլի 1-ին մարտական հերթափոխ կատարեցինք: Ամեն ինչ հանգիստ էր, ոչ  մի արտառոց  բան:  Տեղավորվեցինք ու անցանք հերթապահության: Արդեն իմ  տասնհինգերորդ  մարտական հերթափոխն   էր: Գիշերվա 2:10 էր, հանգստի ժամին քնած էինք,  երբ դասակի հրամանատարը արթնացրեց մեզ, ասաց, որ հակառակորդը մոտ 40-50 հոգով հարձակում է գործել հարևան մարտական դիրքի ուղղությամբ: Հաջողվել էր թշնամուն հետ շպրտել, բայց  իրավիճակը լարված էր մնում: Այդ ժամանակ մենք դեռ պատկերացնել անգամ չէինք կարող, թե ինչ լայնամասշտաբ գործողություններ են սկսվել: Անմիջապես անցանք հերթապահության ուժեղացված գրաֆիկի. ամբողջ անձնակազմով սկսեցինք իրականացնել շրջանաձև պաշտպանություն: Հեռվից լսվում էին հրետակոծության ձայները: Հակառակորդի առաջին հրետանային արկերը սլացան հենց գյուղի ուղղությամբ: Մեր բարձրադիր հենակետից երևում էր, թե ինչպես են հրետակոծում Թալիշը, սակայն մենք չէինք կարող օգնության հասնել.   հրամայված էր  ամեն գնով պահել հենակետը: Հետագայում, սակայն, երբ մեր առաջին գումարտակի հակագրոհից թշնամին սկսեց ետ նահանջել գյուղի մատույցներից, անկանոն կրակ բացեց նաև մեր դիրքի ուղղությամբ: Ու ահա երես առ երես հանդիպեցինք հակառակորդին…

Անհրաժեշտ դիմադրություն ենք ցուցաբերել, միացյալ ուժերով չենք թույլ տվել գրավել մեր դիրքը: Այդ ընթացքում հրետանու կրակոցից մեր տղաներից մեկը ոտքի, մյուսն ուսի շրջանում բեկորային վիրավորում ստացավ: Երբ արդեն զինամթերք քիչ էր մնացել, խմբովի  որոշեցինք, որ մինչև վերջին փամփուշտը պիտի կրակենք, ու եթե պետք լինի, չնահանջենք անգամ կյանքի գնով: Բացառեցինք գերի ընկնելը. ամեն մեկս մեզ մոտ Էֆ-1 տեսակի նռնակ էինք պահել: Խառը զգացողություններ ունեինք: Գերակշռողն, իհարկե, անորոշության զգացումն էր. վնասվել էր լարային կապը, արտաքին աշխարհից լրիվ կտրված էինք: Ստիպված էինք արագ հարմարվել նոր իրադրությանը և մեր ուժերով իրականացնել մարտական դիրքի պաշտպանությունը: Չէինք կարող նաև տնեցիներին մեր մասին մի լուր տալ…

Երրորդ օրն արդեն եկան կամավորականները: Հիմնականում արցախցի այն ազատամարտիկներն էին, որ 1991-94 թվականներին մասնակցել էին պատերազմին, ու այն երիտասարդները, որ մեզ հետ նույն ստորաբաժանումում էին ծառայել ու զորացրվել: Հետո արդեն սփյուռքից էլ կամավորականներ եկան: Իհարկե, ոգևորվեցինք. մեր կողքին պատերազմ տեսած, փորձված մարդիկ էին: Ափսոս, բոլորի անունները չեմ հիշում, կուզենայի մեկ առ մեկ բոլորին շնորհակալություն հայտնել:

Զորացրվել եմ 2016 թվի հուլիսի 22-ին: Հիմա շարունակում եմ ուսումս Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի կառավարում և տեխնոլոգիաներ ֆակուլտետի  տնտեսագիտության բաժնում: Երկու տարվա դադարը մի քիչ մոռացնել է տվել գիտելիքներս, բայց  հետզհետե  վերհիշում եմ: Կամաց-կամաց վերադառնում եմ քաղաքացիական կյանքին, հունի մեջ եմ մտնում:

Ի՞նչ տվեց ինձ այս փորձառությունը… Առաջին հերթին՝ սեփական ուժերին վստահելու կարողություն: Քիչ մարդիկ կան, որ իրենց կյանքում նման դժվարին, բայց անմոռաց պահեր են ապրել, իսկ մենք արդեն անցել ենք դրանով: Կարևոր էր այն գիտակցությունը, որ քո գործողություններով պատասխանատու ես ոչ միայն քո, այլև մի քանի հոգու կյանքի համար, որ սխալվելու իրավունք չունես…

Ցանկանում եմ խաղաղություն: Դիմում եմ ընկերներիս. տղե՛րք ջան, երբե՛ք, ոչ մի դեպքում չկորցնեք վստահությունը ձեր ուժերի հանդեպ: Իմացե՛ք, որ յուրաքանչյուր անելանելի թվացող իրավիճակից առնվազն մի քանի հնարավոր ելք  կա: Վստա՛հ եղեք, որ մեր զինված ուժերը հզոր են, և առանց ուրիշների օգնության կարող ենք հակառակորդին  արժանի հարված հասցնել: Մենք էլ հո՝ անհրաժեշտության դեպքում,  ձեր կողքին ենք:

Մխիթարը շնորհակալ էր ճակատագրից, որ իրեն նման կարևոր փորձության էր ենթարկել, շնորհակալ էր իր ծնողներից՝ կյանքի, ու Աստծուց՝ ողջ մնալու համար: Իսկ հաջողությունը սիրում է շնորհակալ մարդկանց: Շնորհակալություն քեզ էլ, Մխիթա՛ր, և բազում հաջողություններ քաղաքացիական կյանքում:

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #40 (1160) 12.10.2016 - 18.10.2016, Բանակ և հասարակություն


12/10/2016