Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՁԵՎԱՎՈՐԵԼ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ` ՀԱՆՈՒՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿԻ»



«ՁԵՎԱՎՈՐԵԼ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ` ՀԱՆՈՒՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿԻ»Ցանկացած կոլեկտիվ, ընտանիք ամուր է, եթե այնտեղ տիրում է փոխադարձ վստահության  ու համագործակցության մթնոլորտ: Բանակն էլ մի մեծ ընտանիք է, որը վսեմ առաքելություն ունի`պաշտպանել հայրենիքը: Ուստի, առավել քան կարեւոր է, որ զինվորական ընտանիքում բարձր վստահություն ու փոխգործակցության մթնոլորտ տիրի` զինվորի եւ հրամանատարի, զինծառայողների միջեւ լինեն  առհասարակ առողջ միջանձնային հարաբերություններ:

Զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի աշխատանքն առանձնահատուկ է` միտված նաեւ բանակում առողջ հարաբերությունների ձեւավորմանն ու պահպանմանը:

Վստահության մթնոլորտի ստեղծման համար պետք է  խոստագույնս պահպանել օրվա կարգացուցակը, ճիշտ ընտրել կրտսեր հրամանատարական կազմը,   զուգակցել կոլեկտիվի նկատմամբ պահանջկոտությունն ու  հոգատարությունը:

Ստորաբաժանումում առաջնահերթություն է  անձի արժանապատվության պահպանումը: Դաստիարակչական աշխատանքներն ուղղված են  զինծառայողների միջեւ փոխադարձ հարգանքի ամրապնդմանը, նվաստացման, ծեծի, հայհոյանքի եւ այլ արատավոր երեւույթների բացառմանը: Զինծառայողների գիտակցության մեջ արմատավորում ենք այն գիտակցությունը, որ յուրաքանչյուր իրավախախտման համար, անկախ հետեւանքների ծանրության աստիճանից, խախտողը ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության:

Սպայական շրջանում հատուկ ուշադրություն է դարձվում  սպայի պատվի կանոններին եւ հրամանատար-ենթակա կանոնադրական փոխհարաբերությունների պահպանմանը. անհանդուրժելի ենք  համարում պաշտոնական դիրքի չարաշահումը: Հետեւողականորեն աշխատանքներ են տարվում կարգազանցության հակում ունեցող զինծառայողների հետ: Դաստիարակչական աշխատանքները նպատակաուղղում ենք անձնակազմի բարոյահոգեբանական կայուն վիճակի ու բարձր մարտական ոգու պահպանմանը, մարտական խնդիրների արդյունավետ կատարմանը եւ զգոնության բարձրացմանը: Զինծառայողների հետ անհատական եւ կոլեկտիվ զրույցները եւս դաստիարակչական աշխատանքի մի բաղադրիչն են, որոնք հաճախ են կիրառվում մեր զորամասում:

Հատուկ ուշադրություն ենք դարձնում հոգեպես անկայունություն դրսեւորող զինծառայողներին՝ բացահայտելով  ռիսկային խմբերը` համապատասխան  աշխատանքային ուղղություններում ներգրավում ենք զինվորական իրավապահ մարմիններին, հոգեւոր սպասավորին, ինչու չէ՝ նաեւ ծնողներին:

Հրամանատարության ուշադրության կենտրոնում են որոշ զինծառայողների կիսագողական զրույցները, շարժուձեւը, վարքը, որը վերացնելու համար հատուկ զրույցներ ենք վարում, միշտ նշում, որ  խելացի է այն մարդը, որն անմիջական է, ընկերասեր, ներող, աջակցող: Զինվորների միջեւ պետք է լինի հավասարության սկզբունքը եւ նրանց մոտ իշխի այն գիտակցումը, որ բոլորն են լծված հայրենանվեր աշխատանքին եւ նրանց միավորողը Հայրենիքի պաշտպանության վեհ գործն է: Փորձը ցույց է տալիս, որ զինվորներն ընկերանում են, երբ համատեղ որեւէ աշխատանք են կատարում, քանի որ աշխատանքը պահանջում է միասնական ուժ, աջակցություն:

Զինվորը ձեւավորվում է բանակում, եւ կարեւոր է, որ ձեւավորման ճանապարհին նրան ճիշտ մոտեցում ցուցաբերվի: Պետք է երիտասարդին ուղղորդել արժանապատիվ ծառայության: Առաջնորդվելով այս մտածողությամբ՝ փորձում ենք ձեւավորել առողջ մթնոլորտ` հանուն մարտունակ բանակի:

Կարո ԱՎԱՆԵՍՅԱՆ

Զորամասի հրամանատարի  ԱՀՏԱ գծով տեղակալ

մայոր

Խորագիր՝ #40 (1160) 12.10.2016 - 18.10.2016, Ազգային բանակ


12/10/2016