Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՑՎԵՑ «ArmHiTec-2016» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ



ԲԱՑՎԵՑ «ArmHiTec-2016» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ«Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվեց սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը: Հոկտեմբերի 13-ից 15-ը անցկացվող ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները:

Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնատար անձինք:

Իր խոսքում նախարարը մասնավորապես նշեց, որ ցուցադրությունը միտված է պաշտպանության ոլորտում հայրենական գիտատեխնիկական արդի ձեռքբերումներն օգտագործելուն, ներդրումները խթանելուն և գործընկերների հետ սերտ համագործակցությանը:

-«ArmHiTec-2016»-ն ունի բոլոր նախադրյալները՝ զինված ուժերի շահերի համար առաջադեմ գաղափարների ու մշակումների քննարկման հեղինակավոր հարթակի վերափոխվելու, արդյունաբերության այս ճյուղի զարգացման հիմնական վեկտորը որոշելու և զարգացումը խթանելու համար,-նշեց նախարար Վ. Սարգսյանը:

Նաև հավելեց, որ բարձր տեխնոլոգիաների ասպարեզում մենք ունենք բավարար ներուժ` պաշտպանության ոլորտում նորագույն մշակումները կիրառելու և ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու համար:

Ցուցահանդեսի թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին՝ նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումներ, մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ, «Ապագայի զինվորի» սպառազինություն, հանդերձանք և այլն:

«ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի շրջանակում անցկացվելու է նաև բազմազան գործարար ծրագիր, ինչը բացառիկ հնարավորություն կընձեռի անվտանգային ոլորտի առաջատար փորձագետների հետ հանդիպումների և խորհրդատվությունների անցկացման, խնդիրների քննարկման համար:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

մայոր

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


13/10/2016