ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները:
Ալեքսանդր Ֆոմինը նշել է ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու լայն հնարավորությունների և դրանք կյանքի կոչելու պատրաստականության մասին և այս առումով կարևորել է Հայաստանում սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի անցկացումը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր հերթին ընդգծել է վերջին տարիներին Հայաստանում կուտակված զգալի գիտակրթական ներուժի, տնտեսապես շահավետ նոր մշակումների մասին, որոնք ոչ միայն պաշտպանության ոլորտում օգտագործելու, այլև միջազգային շուկաներ դուրս գալու հեռանկարներ ունեն:
Կողմերը քննարկել են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները և գոհունակություն հայտնել դրանց կատարման ընթացքի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Վլադիմիր Դրոժովը ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորող լրացուցիչ արձանագրություն:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի իրականացման կարգի մասին համաձայնագիրը: