ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻԻՀ ՊՆ ԵՎ ԶՈՒ ԱՋԱԿՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանն ու ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է ռազմաքաղաքական շփումները հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը: Իրանական կողմը Վիգեն Սարգսյանին է փոխանցել ԻԻՀ ՊՆ և ԶՈՒ աջակցման նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանի շնորհավորական նամակը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Նույն օրը կայացել է նաև ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպում, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և համապատասխան ոլորտների մասնագետներ: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են թիկունքային, կրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակմանը և շփումների ընդլայնմանը վերաբերող հարցեր: