ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՏԵՂԱՆՔՈՒՄ
Պաշտպանությունը համարվում է համազորային մարտի հիմնական տեսակներից մեկը, որն իրագործվում է կամ կանխամտածված, կամ էլ հարկադրված միայն մի նպատակով՝ հետ մղել հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումը՝ նրան պատճառելով առավելագույն կորուստներ, պահպանել տեղանքի կարևոր շրջանները (օբյեկտները), դրանով իսկ ստեղծելով հարձակման անցնելու հարմարավետ պայմաններ:
Այդ նպատակին հասնել կարելի է այն դեպքում, երբ պահպանվում են պաշտպանության մարտը վարելու հետևյալ` ստորաբաժանումների մշտական մարտական պատրաստականության, մարտը վարելու վճռականության, ակտիվության և տարբեր զորատեսակների համաձայնեցված օգտագործման ու նրանց անընդհատ փոխգործակցության, ինչպես նաև գործողության հանկարծակիության և ռազմական խորամանկության սկզբունքները:
Խիստ հետաքրքրական է 1967թ. արաբաիսրայելական պատերազմի ժամանակ իսրայելցիների բանեցրած ռազմական խորամանկությունը: Ռազմական մասնագետների վերլուծությունը ցույց է տալիս, որ Իսրայելը կարողացավ հակառակորդին պարտության մատնել ոչ այնքան նրանց զինված ուժերի թույլ պատրաստականության, այլ ռազմական խորամանկության շնորհիվ: Ապագա պատերազմին իսրայելական հրամանատարությունը նախապատրաստվում էր ամենայն լրջությամբ: Բոլոր միջոցառումները կատարվում էին խստագույն գաղտնիության պայմաններում: Եգիպտոսի վրա հարձակումը քողարկելու և նրա զինված ուժերին խաբելու համար՝ 1966թ. Իսրայելական զորքերը սադրիչ հարձակում են գործում Սիրիայի վրա: Պատերազմը սկսելուց մեկ ամիս առաջ Իսրայելի խորհրդարանը Սիրիայի դեմ մարտական գործողություններ վարելու համար օժտվեց արտակարգ լիազորություններով: Այդ պատրվակով զորահավաք կատարվեց: Միաժամանակ ծավալվեց հզոր պատերազմական քարոզչություն: Անընդհատ այն միտքն էր սերմանվում, որ իսրայելական զորքերը պատրաստվում են կայծակնային հարված հասցնելու Սիրիային, ապա նոր միայն մարտական գործողություններ սկսելու Եգիպտոսի դեմ:
Եգիպտական կողմին խաբելու նպատակով, իսրայելական զորքերը ցուցադրաբար կենտրոնացան երկրի հարավում, իսկ իրականում հարվածը նախատեսվում էր հասցնել հյուսիսում: Լայնածավալ ապատեղեկատվություն տարածվեց, կառուցվեցին կեղծ օդանավակայաններ և վայրէջքի հրապարակներ, կատարվեցին զորքերի, հատկապես տանկային զորամասերի կեղծ կենտրոնացումներ, կեղծ ռադիոհաղորդումներ և այլն: Հարձակումից երկու օր առաջ երկրորդ էշելոնի մի քանի զորամասերում զինծառայողներին առժամանակ ազատ արձակեցին: Իրականացված ռազմական խորամանկության համալիր միջոցառումների շնորհիվ իսրայելական բանակը կարողացավ անսպասելի հարված հասցնել ու ծանր կորուստներ պատճառել արաբական երկրին:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Գումարտակի (վաշտի) հրամանատարը լրիվ և միանձնյա պատասխանատվություն է կրում մարտական պատրաստականության, իրեն ենթակա ստորաբաժանումների պատրաստության, դրանց ճիշտ օգտագործման և սահմանված ժամկետում նրանց կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման համար: Նա պարտավոր է ժամանակին մարտի որոշում ընդունել, խնդիրներ առաջադրել ենթակա ստորաբաժանումներին, կազմակերպել փոխգործողություն և համակողմանի ապահովում, համառորեն հասնել առաջադրված խնդիրների կատարմանը: Դա նրանից պահանջում է բարձր կազմակերպչական ընդունակություններ, ուժեղ կամք և անձնական արիություն, ժամանակակից մարտի բնույթի զինված պայքարի միջոցների և տեղանքի խոր իմացություն:
Պաշտպանությունը պետք է լինի կայուն և ակտիվ, ընդունակ լինի դիմանալու հակառակորդի բոլոր տեսակի հարվածներին, հակառակորդի խոշոր տանկային խմբերի ու հետևակի գրոհին, ակտիվ պայքար մղի նրա օդային դեսանտի, աերոմոբիլ և դիվերսիոն հետախուզական խմբերի հետ:
Այն պետք է լինի՝ հակատանկային, հակաօդային և հակադեսանտային, խորքով էշելոնացված ու պատրաստ երկար ժամանակ մարտ վարելու՝ հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման ու գերճշգրիտ զենքի օգտագործման, նաև պայքարի ռադիոէլեկտրոնային միջոցներ կիրառելու դեպքում:
Ստորաբաժանումները պարտավոր են համառորեն պաշտպանել զբաղեցրած դիրքերը, անգամ շրջապատման և հարևանների հետ տակտիկական կապի բացակայության պայմաններում:
Պաշտպանության կայունությունն ու ակտիվությունը
ձեռք է բերվում՝
- Պաշտպանվող զորքերի դիմացկունությամբ, համառությամբ և տոկունությամբ, բարձր բարոյական ոգով,
- Հակառակորդին անընդհատ հետախուզելով,
- Գումարտակի (վաշտի) մարտակարգի մանրազնին քողարկմամբ,
- Տեղանքի նպաստավոր պայմանների և ինժեներական սարքավորումների հմուտ օգտագործմամբ,
- Մանրամասն կազմակերպված կրակային համակարգի ստեղծմամբ, առանձնապես հակատանկային, դրանք զուգակցելով ինժեներական փակոցների, հենակետերի և կրակային դիրքերի հետ:
- Հուսալի հակաօդային պաշտպանությամբ:
- Պաշտպանություն մխրճված հակառակորդին ու նրա իջեցված դեսանտի անմիջական ոչնչացումով:
- Համառ և երկար պահպանելով պաշտպանության շրջանները (հենակետերը)՝ դրանք նույնպես զուգակցելով հակագրոհների անցկացմամբ:
ԳՈՒՄԱՐՏԱԿԻ (ՎԱՇՏԻ) ՄԱՐՏԱԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ԴԱՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Մարտակարգը ստորաբաժանումներին շարելն ու դասավորելն է մարտ մղելու համար, և այն պետք է համապատասխանի գալիք մարտի խնդիրներին` ապահովելով մարտը վարելու հաջողությունը:
Պաշտպանական մարտագծի հիմքը կազմում է գումարտակի պաշտպանության շրջանը (ԳՊՇ): ԳՊՇ-ն կառուցվում է 3 կամ 4 խրամատներով ու բաղկացած է վաշտի հենակետերից, հաստիքային և տրված կրակային միջոցներից, որոնք իրար հետ են կապվում կրակի միասնական կարգով, արգելափակոցներով և պաշտպանության շրջանի իրար կապվող անցումներով:
Վաշտային հենակետերի միջև հեռավորությունը կարող է լինել մինչև 1 կմ, իսկ դասակների հենակետերինը՝ մինչև 300 մ:
Խրամատներն ու իրար կապող անցումները պետք է ապահովեն՝
♦ կրակի վարման արդյունավետությունը,
♦ անձնակազմի ու կրակային միջոցների քողարկումը,
♦ ստորաբաժանումների արագ ու գաղտնի տեղաշարժը:
Առաջին մարտագծի առաջին խրամատը հանդիսանում է պաշտպանության առջևի եզրը, և այն նշանակվում է ավագ հրամանատարի կողմից:
Երկրորդ խրամատը կառուցվում է առաջինից 300-600 մ հեռավորության վրա այնպիսի հաշվարկով, որ պաշտպանողները կարողանան իրենց կրակով աջակցել առաջին դիրքերում գտնվողներին և միաժամանակ կարողանան կրակ վարել պաշտպանության առաջին մարտագծի կառույցների վրա ու դրանով իսկ պաշտպանել նրանց առջև գտնվող արգելափակոցները:
Երրորդ, չորրորդ խրամատը սարքավորվում է երկրորդից 600-1000 մ հեռավորության վրա այնպիսի հաշվարկով, որ հնարավոր լինի կրակ վարել 2-րդ և 3-րդ խրամատների միջև ընկած տարածություններում և առանձին տեղերում, ինչպես նաև 1-ին մարտագծի առջևի եզրից առաջ գտնվող տարածքում:
Միացման խրամուղիներն օգտագործվում են ստորաբաժանումների գաղտնի տեղաշարժման համար պաշտպանության մեջ մխրճված հակառակորդի դեմ մարտ մղելու, վիրավորների էվակուացման, ռազմամթերքի ու մթերքի մատակարարման նպատակով:
Արամ ՓԱՀԼԱՎՈՒՆԻ
գնդապետ
Խորագիր՝ #41 (1161) 19.10.2016 - 25.10.2016, Ռազմական