Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԿՐԱԿԵԼՈՒՑ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՆ ԵՄ ԲՌՆԵԼ, ՈՐՏԵՂ ԱՍԵՍ` ԿՊՑՆԵՄ



ԵՍ ԿՐԱԿԵԼՈՒՑ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՆ ԵՄ ԲՌՆԵԼ, ՈՐՏԵՂ ԱՍԵՍ` ԿՊՑՆԵՄ-Ե՞րբ եք դուրս գրելու, ուզում եմ դիրքեր գնալ:

-Համբերի՛ր, դեռ շուտ է: Կապաքինվես, կկազդուրվես, նոր կգնաս,- վիրավոր զինվորին փորձում էր հանգստացնել բուժքույրը:

-Ճիշտ է ասում, էդ դիրքերը պիտի ամեն գնով պահվեն,- խոսակցությանը խառնվեց վիրավոր զինվորի մահճակալի մոտ կանգնած ալեհեր ծերունին:

-Պապի՛ ջան, քո ի՞նչն է զինվորը,- միջամտեցի ես:

-Թոռս է, անունն էլ իմ անունն են դրել` Արտաշ:

-Բա լրիվ չապաքինվի՞, նոր գնա դիրքեր,- փորձեցի բուժքրոջ «կողմը պահել»:

-Արտաշս քաջ տղա է: Չի ուզում մնալ հոսպիտալում, ուզում է գնալ դիրքեր: Եթե ուզում է, դժվար կըլնի նրան ետ պահելը: Կռիվ է, ընկերները՝ էնտեղ, ինքը` էստեղ, նեղվում է…

-Բոլորս ենք ուզում գնալ պոստեր,- մեր զրույցին միանալով` վիրավոր ընկերոջը իր անվերապահ աջակցությունը հայտնեց Արտաշի կողքին պառկած զինվորը` շարքային Վալերի Երեմյանը: -Գնանք-հասնենք տղերքին, էստեղ բան չունենք անելու…

-Պապի՛ ջան, քանի՞ տարեկան ես,- փորձեցի խոսակցության թեման փոխել:

-86:

-Քանի՞ թոռ ունես:

-Քսանից ավելի, 13-ը` տղա: Ծոռներ էլ ունեմ, շատ են, արդեն չեմ հիշում՝ քանիսն են:

-Ծնունդով որտեղի՞ց ես,- գլխի չընկնելով, որ պապի հետ երկխոսության ժամանակ անցել եմ ավելի մտերմիկ` դու-ի, հետաքրքրվեցի:

-Ճարտարից:

-Ճարտարում եղել եմ, մեծ գյուղ է, եթե չեմ սխալվում՝ Արցախի ամենամեծ գյուղն է, ընկերս` Վարդան Գրիգորյանը, համակուրսեցիներս` Գոհարն ու Նարինեն էլ Ճարտարից են:

-Հաստատ սխալվում ես: Ճարտարն արդեն քաղաքի կարգավիճակ է ստացել: Ճիշտն ասած` մենք էլ չիմացանք, ոնց քաղաք դարձավ:

-Բացի Արտաշից, էլի՞ թոռ ունես բանակում ծառայող,- հետաքրքրվում եմ:

-Բա ո՜նց,- հարցիցս մի տեսակ տարակուսած՝ բացականչեց պապն ու սկսեց թվարկել:- Արթուրս շարքային է, Վարուժանս՝ կապիտան, Հակոբս՝ կամանդիր…Մի քանի տարուց մյուսների հերթը կգա, հետո էլ ծոռներս կգնան բանակ:

-Բա դո՞ւ ինչ ես անում հոսպիտալում,- իր հերթին հետաքրքրվեց Արտաշ պապն ու երբ իմացավ, որ զինվորական լրագրող եմ, ավելացրեց,- հետաքրքիր, բայց մի քիչ էլ վտանգավոր մասնագիտություն է, մայո՛ր ջան: Մեր հերոս տղաների մասին շատ գրեք: Գրեք, որ աշխարհն իմանա, թե ինչ առյուծներ են մարտնչում Արցախի ազատության համար:

-Կգրե՛մ,- խոստացա ու փորձեցի ավելի խորացնել զրույցը:

-Արտա՛շ պապ, երկարակեցության  քո բանաձևը ո՞րն է:

-Մեր հողն ու ջուրը: Իմ քաշած օղին ու գինին եմ խմում, չեմ ծխում, շատ եմ աշխատում հողի հետ: Խմել սիրում եմ, քաղցր սիրում եմ, թե ո՞րն է օգուտ՝ գլուխ չեմ հանում… Ապրում եմ, էլի՜: Չեմ իմանում, մայո՛ր ջան, հերս էլ է երկար ապրել, ախպերքս էլ…

-Հիմա քո քաշած օղուց, գինուց չունե՞ս մոտդ, միասին խմենք մեր հերոս տղերքի, մեր հաղթանակի կենացը:

-Խի՞ չունեմ: Ես առանց օղի տեղիցս ժաժ չեմ գալի:

-Բա որտե՞ղ ես պահել:

-Էդ գաղտնիք է, չի կարելի ասած: Կգաս Ճարտար՝ մեր տուն, կխմես, ինչքան սիրտդ քաշի:

-Արտա՛շ պապ, քո՞ սիրտն ինչ է քաշում, ի՞նչ ցանկություն ունես:

-Որ ազգովի միշտ համախմբված լինենք՝ էսօրվա պես, ցանկանում եմ, որ հաղթանակը մերը լինի…

-Այդպես էլ լինելու է, պա՛պ:

-Դե, պրծավ-գնաց: Մի տղաս կռվում է զոհվել: Կամանդիր բատալիոն էր: Վարուժանս, որ հիմա պոստում է, նրա անունն է կրում:

Պապի աչքերը խոնավացան, և նա, անհարմար զգալով, շրջվեց դեպի պատուհանը. «Ես 86 տարեկան եմ, բայց ուզում եմ գնալ պոստեր, ուզում եմ գնալ թոռներիս մոտ, նրանց կողքին եմ ուզում լինել, կռվել նրանց հետ ուս ուսի:

-Կրակել գիտե՞ս, պա՛պ: Քո տարիքում դժվար չի՞ լինի…,- զարմացա ես:

-Ես կրակելուց առաջին տեղ եմ բռնել, որտեղ ասես` կպցնեմ: Բանակից բլագադարնստներ ունեմ: Չե՞ս հավատում, հենց հիմա թղթերս ցույց տամ,- ու ձեռքը տարավ ծոցագրպանը:

-Հավատում եմ, հավատում եմ,- անմիջապես վրա բերեցի:

-Առաջին կռվին էլ եմ մասնակցել, ինչով կարողացել եմ, օգնել եմ մեր տղերանցը:

Այդ պահին բուժքրոջ ուղեկցությամբ հիվանդասենյակ մտավ վիրաբույժը, և տղաները պապի աջակցությամբ իրենց դուրսգրման պահանջով միաբերան դիմեցին նրան: Մենք էլ, մեր գործը ավարտած համարելով, դուրս եկանք հիվանդասենյակից:

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

մայոր

Լուս.` հեղինակի

Խորագիր՝ #41 (1161) 19.10.2016 - 25.10.2016, Ազգային բանակ


19/10/2016