Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԸ ՏՈՒՆ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ



ԶԻՆՎՈՐԸ ՏՈՒՆ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼԴանիել Վահանյանը Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղից է: Վերջերս է զորացրվել: Տուն է վերադարձել պատվոգրերով, շնորհակալագրերով ու «Նելսոն Ստեփանյան» մեդալը կրծքին: Երիտասարդը զինվորականի ընտանիքում է մեծացել. հայրը` Անդրանիկ Վահանյանը, պահեստազորի սպա է, Արցախյան պատերազմի մասնակից:

Դանիելը ծառայության բոլոր օրերն էլ ջերմությամբ է հիշում. «Սկզբում մի փոքր դժվար էր, քաղաքացիական ազատ կյանքից միանգամից անցում ես կատարում զինվորական կարգուկանոնի` քնում, արթնանում, սնվում, հանգստանում ես ռեժիմով: Անծանոթ միջավայր, տարբեր բնավորության և մտածելակերպի քեզ հասակակից տղաներ, որոնց հետ պետք է կարողանաս ճիշտ փոխհարաբերվել: Մտածում էի` բանակը խլում է կյանքիս լավագույն շրջանի` երիտասարդությանս 2 տարին, բայց հետո հասկացա` բանակի տված դասերը շատ են և անփոխարինելի` դառնում ես առավել ինքնուրույն, կարողանում ես ճիշտ տարբերել մարդկանց… Ու ամենակարևորը` բանակային ընկերներ ես ձեռք բերում` եղբոր պես հարազատ ու նվիրված, որոնք կողքիդ են թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին:

…Ապրիլի 1-ին ծնունդս էր: Դիրքերում էինք, ընկերներով մի լավ նշեցինք, տեղը տեղին ուրախացանք, իրար խաղաղ ծառայություն մաղթեցինք: Մեկ էլ գիշերվա ժամը 3-ին հնչեց` «Տագնապ»…

Թշնամին փորձում էր ներխուժել հայկական տարածքներ: Ապրիլյան այդ օրերը երբեք չեն ջնջվի հիշողությունից: Վախի, տագնապի զգացում չկար, փոխարենը մի աննկարագրելի տրամադրություն էր տիրում զինվորների շրջանում` հերոսությունը, քաջությունը, հայրենիքի հանդեպ պարտքն ու պատասխանատվությունը խառնվել էին իրար: Բոլոր տղաները միմյանց ոգևորում էին, քաջալերում, մեկը մյուսի կյանքը սեփականից թանկ գնահատում:

-Ես միշտ վստահել եմ հայ զինվորի ուժին, ոգու ամրությանը, իսկ ապրիլյան այդ ծանր օրերին համոզվեցի, որ աշխարհի ամենաուժեղ զինվորը հենց հայ զինվորն է, հավատացի, որ ոչ մի ուժ չի կարող կոտրել հայի ոգին, նրա միասնականությունը` ամբողջ ազգը զինվոր էր դարձել,-հպարտությունը չթաքցնելով՝ ասում է Դանիելը: -Այս հողի համար տարիներ առաջ հայրս է կռվել ու մարտական ընկերներ կորցրել: Մեր հերթն էլ եկավ: Մեր հայրենիքի մի բուռ հողն էլ այժմ չափազանց թանկ է ինձ համար. այս հողի համար իրենց կյանքն են տվել նաև իմ ընկերները: Ապրիլին զոհվեց ամենամոտ ընկերներիցս մեկը` Գևորգ Մղդեսյանը… Չէի հավատում, որ կյանքով այդքան լի ընկերս այլևս չկա… Մեր զորամասից էին Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը, Արմենակ Ուրֆանյանը…Անվանակոչին կարդում էին նրանց անունները, ու մենք նրանց փոխարեն ասում էինք` ներկա, հավերժ փա՛ռք…

♦♦♦

Դանիելը հիշում է ընկերներին, միասին անցկացրած օրերը, հուզվում: Կարճատև դադարից հետո շարունակում է.

-Բանակից հետո մտածելակերպս շատ է փոխվել: Առաջ, երբ Արցախյան պատերազմի մասնակից հայրս հուզմունքով, հպարտությամբ հետևում էր մեր բանակի զորահանդեսներին, անկեղծ ասած, զարմանում էի, չէի հասկանում նրա ոգևորությունը:

Անկախության 25-ամյակի օրը, երբ Հանրապետության հրապարակով խրոխտ քայլքով անցնում էին մեր զինվորները, երբ ցուցադրվում էր մեր բանակի ուժը, հավատացե՛ք, մի անբացատրելի զգացողություն էլ ինձ էր պատել… Երևի հայր ու որդի նույնն էինք զգում…

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #41 (1161) 19.10.2016 - 25.10.2016, Ազգային բանակ


19/10/2016