ՔԱՋ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ
Անկախ Հայաստանում ծնված և մեծացած սերունդն ասես հատուկ առաքելությամբ է լույս աշխարհ եկել՝ շարունակելու, հավաստելու հայի անկոտրում ոգին, իրենց պապերից, հայրերից հետո գրելու մի նոր հերոսական տարեգրություն:
Արա Ասրյանի պարտադիր ժամկետային ծառայությունն անցել է պաշտպանության բանակում: Նա այն քաջ զինվորներից է, ովքեր իրենց գործողություններով կասեցրին հակառակորդի լայնածավալ ագրեսիան: Արա Ասրյանն արդեն զորացրվել, վերադարձել է հայրենի Քարահունջ գյուղ, իր օջախը: Արան կրում է հորեղբոր՝ Արայիկ Ասրյանի անունը, որը զոհվել է 1993 թվականի ապրիլի 3-ին, Բերձորի միջանցքի հարավային ճակատի պաշտպանության ժամանակ:
Արայի պապն ու տատը՝ Ալվարդ և Յուրա Ասրյանները, այգիներում բերք ու բարիք ստեղծելով, հող մշակելով են զբաղված: Այսպես են նրանք մեղմում սրտի անանց ցավը, որն արդեն 23 տարի իրենց անբաժան ուղեկիցն է: Նրանք այստեղ իրենց որդու հիշատակի ինքնատիպ անկյուն են ստեղծել՝ պատից կախել նրա մեծադիր լուսանկարը, տեղադրել հետմահու ստացած մեդալները, պատվոգրերը: Իսկ տան այգում, ծառերի շվաքում ցայտում է Արայիկ Ասրյանի հուշաղբյուրը: Ծնողների ստեղծած հիշատակի անկյունում ավելացել են նաև թոռնիկի՝ Արայի՝ զինվորական ծառայության ընթացքում և պատերազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար զորամասից ստացած շնորհակալական պատվոգրերն ու «Մարշալ Բաղրամյան» մեդալը…
Ապրիլյան խառը օրերին պապն ու տատը իրենց տեղը չէին գտնում: Աղոթում էին մեր զինվորների համար, ամեն զինծառայողի զոհվելու մասին լուրը լսելիս մղկտում և վերհիշում իրենց ցավը: Պատերազմական օրերին Յուրա պապը բոլորից թաքուն մեկնել է թոռան մոտ, կանգնել նրա կողքին, քաջալերել և ուժ տվել նրան:
Այժմ էլ հայրենասեր և քաջարի մարտիկների գերդաստանի ավագը հպարտությամբ կարդում է ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Չիլինգարյանի՝ Արայի ծնողներին ուղղված շնորհակալագիրը.
«…Շնորհակալ ենք ձեզ, մեծարգո Արմեն և Արմիդա Ասրյաններ, որ ծնել և դաստիարակել եք հայրենանվեր և նպատակասլաց, խոհեմ և կարգապահ, ընկերասեր և պատվախնդիր, վճռական ու արիական, զինվորական սկզբունքներն ու պահանջները հարգող ու պահպանող զավակ, իսկական հայորդի, որը բարոյահոգեբանական բարձր հատկանիշներով, ազգային ամուր արժեհամակարգով քաջարի մարտիկ է:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ձեր որդին անառիկ պահեց մեր հայրենիքի սահմանները, դրսևորեց հայ զինվորին վայել կամք ու մարտական ոգի, իր ներդրումն ունեցավ հաղթական գործողությունների մեջ և ապացուցեց, որ արժանի զավակն է իր փառապանծ նախնիների: Արան, ինչպես նաև իր զինակից ընկերները ապացուցեցին, որ արժանի են հաղթանակած սերունդ կոչվելուն»:
Կարդում և համեմատում է 1993 թվականին գնդի և գումարտակի հրամանատարներ, փոխգնդապետ Գ. Մելքոնյանի և կապիտան Ա. Մարտիրոսյանի գրած տողերի հետ.
«Արցախյան պատերազմի առաջին օրից պարտադիր զինվորական ծառայության մեկնած Արայիկ Ասրյանը մարտական գործողությունների ժամանակ աչքի է ընկել իր քաջությամբ, աննկուն ոգով: ՀՀ սահմանները, Բերձորի մարդասիրական միջանցքը պաշտպանելիս դրսևորել է հայ զինվորին վայել անձնուրացություն և հայրենասիրություն:
Մասնակցել է բազմաթիվ մարտերի՝ Ղոչազի բարձունքի և գյուղի ազատագրմանը, Բերձորի հարավային ճակատի պաշտպանությանը: Ցավոք, վերջինիս ժամանակ էլ Արայիկը ծանր վիրավորվել է և զոհվել քաջի մահով:
Նա կռվում էր մինչև արյան վերջին կաթիլը՝ հավատալով մեր հաղթանակին և ազատությանը»:
Զորացրվելու օրը, երբ Արան պապին է հանձնել իր ստացած «Մարշալ Բաղրամյան» մեդալը, պապը չի կարողացել զսպել հպարտության և ուրախության արցունքները, համբուրել է մեդալը և հուզմունքով ասել.
-Արայիկիս ոգին Արայիս հետ է: Որդուս վրեժը թոռս լուծել է, կարող եմ այսուհետ հանգիստ լինել…
Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Խորագիր՝ #41 (1161) 19.10.2016 - 25.10.2016, Բանակ և հասարակություն