ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
Հոկտեմբերի 8-ին խրախուսվեցին ու պարգևատրվեցին փոխգնդապետ Արմեն Մաթևոսյանի հրամանատարությամբ գործող առանձին տանկային գումարտակի շարքային անձնակազմի մի խումբ զինծառայողներ: Միջոցառմանը ներկա էին ԲԶ հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ալավերդյանը, զորամասի հրամանատարական կազմը, սպայական ու շարքային անձնակազմը, Հաղարծին վանքի վանահայր Արիստակես վարդապետ Այվազյանը, ինչպես նաև ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների ծնողներ, հարազատներ, ընկերներ, զորամասի նախկին զինծառայողներ:
Ներկաներին շնորհավորելով մասնագիտական տոնի առիթով՝ փոխգնդապետ Ա. Մաթևոսյանն իր ելույթում կարեւորեց զորատեսակի դերն ու նշանակությունը ժամանակակից պատերազմներում, թվարկեց հայ տանկիստների ձեռքբերումները, ինչպես նաեւ անդրադարձավ միջազգային ասպարեզներում նրանց ունեցած նվաճումներին՝ չմոռանալով հիշատակել ապրիլյան քառօրյա պատերազմում տանկիստների դրսևորած քաջության ու բարձր որակների մասին: Ծառայության ընթացքում աչքի ընկած տանկիստներն ու նրանց ծնողները խրախուսվեցին պատվոգրերով, կրծքանշաններով ու անվանական նվերներով:
Միջոցառման ավարտին, իր խոսքն ուղղելով տանկիստների ծնողներին, զորամասի հրամանատարն ասաց.
-Շնորհակալ եմ ձեզ՝ հայրենիքի պաշտպանության գործին նվիրված քաջարի զավակներ դաստիարակելու համար: Այսօր այստեղ նրանց հանձնվող պարգևները նախեւառաջ ձերն են, հարգելի՛ ծնողներ: Հպարտացեք ձեր զավակներով:
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #41 (1161) 19.10.2016 - 25.10.2016, Ազգային բանակ