Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՋԱԽՋԱԽՎԱԾ Է



ԳՆԴԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

ԳՆԴԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՀՀ ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 10-ից 14-ը գնդապետ Կ. Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում անցկացվեց գնդային մարտավարական զորավարժություն:

Գունդը «Տագնապ» ազդանշանով բերվեց մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի, նախատեսված շրջաններում պահպանությունից անցավ պաշտպանության: Կատարվեց ստորաբաժանումների մարտական խնդիրների, փոխգործակցության, համապատասխան այլ հարցերի ճշգրտում:

Այնուհետև անձնակազմը ռազմերթ կատարեց դեպի ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոն, որտեղ բացազատվեց վրանային ավան անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Մեկնարկեցին տարաբնույթ տեսական և գործնական պարապմունքներ, դաշտային վարժանքներ և շտաբային մարզումներ:

Հոկտեմբերի 14-ին անցկացվեց զորավարժության վերջին՝ մարտական հրաձգությամբ փուլը: Մարտական հրաձգությամբ զորավարժության նպատակն էր ստուգել գնդի մարտական պատրաստվածության աստիճանը, ապահովել ստորաբաժանումների ներդաշնակումը հարձակման, հետապնդման և հակագրոհների ետ մղման ժամանակ:

ԳՆԴԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՏեղագրական և մարտավարական կողմնորոշում իրականացնելուց հետո գնդի հրամանատարը զորավարժության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին ներկայացրեց հարձակողական մարտի վարման մտահղացումը, պլանավորման և համակողմանի ապահովման նպատակով կատարված միջոցառումները: Ստորաբաժանումներն զբաղեցրին հարձակման ելման շրջանները, իրականացրին կահավորման աշխատանքներ: Հրետանային նախապատրաստությամբ սկսվեց պայմանական հակառակորդի կրակային խոցումը: Հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում զորամասի ստորաբաժանումները անցան հարձակողական մարտի վարման:

Հակառակորդի ուժերը՝ «արևելյանները», ակտիվ պաշտպանություն բռնեցին՝ հարվածներ հասցնելով հայկական ուժերի՝ «արևմտյանների» առաջնային, նաև թիկունքային ստորաբաժանումներին: Ի վերջո, չդիմանալով «արևմտյանների» հուժկու գրոհին, նահանջեցին նախապես պատրաստված դիրքեր՝ հընթացս փորձելով հակագրոհել: Մեր ստորաբաժանումները շարունակեցին ճնշում գործադրել եւ մարտի մեջ մտցրին նաև երկրորդ շարակազմը, ինչի արդյունքում «արևելյանները» ետ շպրտվեցին զբաղեցրած դիրքերից:

ԳՆԴԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԿորցնելով նախաձեռնությունը՝ հակառակորդը փորձեց ամրանալ նոր բնագծերում և համազորային պահեստուժի ներգրավմամբ անցնել հակագրոհի: Հայկական զորախումբը մարտական խնդիրների կատարման ժամանակ լայնորեն կիրառեց ինչպես իր ինքնաթիռները և ուղղաթիռները, այնպես էլ հրետանային տարբեր միջոցներ: Զորատեսակների տարբեր ստորաբաժանումների արդյունավետ և ճիշտ փոխգործակցության շնորհիվ մեր ուժերը ջախջախեցին հակառակորդի ստորաբաժանումներն ու մոտեցող օգնական ուժերը: Գնդի անձնակազմը բարենպաստ բնագծում անցավ պաշտպանության՝ պատրաստ ցանկացած պահի շարունակելու հարձակումը:

Զորավարժության ղեկավարության մտահղացմամբ՝ մարտի ընթացքում գործեցին նաև հատուկ նշանակության խմբեր: Մասնավորապես՝ ՄԻ-8 ուղղաթիռից կատարվեց դեսանտավորում սահմանված տեղամասում, որից հետո մեր մարտիկները հատուկ միջոցների գործադրմամբ գրավեցին հենակետը, ոչնչացրին հակառակորդի պաշտպանվող անձնակազմին՝ ճանապարհ բացելով գրոհող ուժերի համար: Մյուս դրվագում հակառակորդին հաջողվեց խոցել հայկական մարտական ինքնաթիռներից մեկը: Հատուկ նշանակության խումբը դեսանտավորվեց տվյալ տեղամասում եւ հաջողությամբ իրականացրեց օդաչուների տարհանումը վտանգի գոտուց:

Զորավարժությունն ավարտված է: Պատասխանատուները արձանագրում են՝ մասնակից զինծառայողները ցուցադրեցին պատրաստվածության բարձր աստիճան: Եղան նաև թերացումներ, սակայն, ընդհանուր առմամբ, կատարելագործվեցին բոլոր օղակների մասնագիտական պատրաստվածությունը, ներդաշնակումն ու մարտ վարելու գործնական հմտությունները: Քննարկվեցին բազմաթիվ ուսումնական հարցեր՝ ինժեներական աշխատանքների կազմակերպումից մինչեւ ետ քաշվող հակառակորդի հետապնդումն ու ոչնչացումը միջանկյալ բնագծում, հարձակման զարգացումը հակառակորդի պաշտպանության խորքում և այլն:

ԳՆԴԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԱմենակարևորը՝ զորավարժությունն անցկացվեց իրական մարտական իրավիճակին առավելագույնս մոտ պայմաններում: Խաղարկվեցին ժամանակակից մարտի վարման մի քանի նոր, փորձարարական դրվագներ: Մարտական գործողությունների անցկացման փուլում հիմնական ուշադրությունը դարձվեց զինծառայողների անվտանգության, կենսունակության ապահովմանը: Զինվորը հանպատրաստից մարտի դաշտ չէր մտնում: Հարձակմանը նախորդում էր հրետանային և ավիացիոն հուժկու նախապատրաստությունը, որից հետո իրական մարտի դաշտում հակառակորդը դժվար թե կարողանա լուրջ դիմադրություն ցույց տալ:

Զորավարժության արդյունքներն ամփոփելուց հետո առաջիկայում կիրականացվեն համապատասխան գործողություններ՝ արձանագրված թերացումները հետագայում բացառելու համար:

 

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԵՐԸ…

Հոգնած, տանջված, բայց վաստակած ու հպարտ

ՍԱՐԳԻՍ ՄԻԿԻՆՅԱՆ

ՍԱՐԳԻՍ ՄԻԿԻՆՅԱՆ

ՆԱՐԵԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆԱՐԵԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ

ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #41 (1161) 19.10.2016 - 25.10.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/10/2016