«ARMHITEC-2016»՝ ԱՌԱՋԱԴԵՄ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ
«Yerevanexpo» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-ից 15-ը անցկացվեց սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» միջազգային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմաարդյունաբերության նորարարական մշակումները: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ նախագահ Նիկոլայ Բորդյուժան, բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնատար անձինք, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը մեկնարկեց ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի և հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների ցուցադրական ելույթներով:
Իր ողջույնի խոսքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ ցուցադրությունը միտված է պաշտպանության ոլորտում հայրենական գիտատեխնիկական արդի ձեռքբերումների կիրառմանը, հետագա ներդրումների խթանմանը և գործընկերների հետ սերտ համագործակցությանը:
-«ArmHiTec»-ն ունի բոլոր նախադրյալները՝ զինված ուժերի շահերի համար առաջադեմ գաղափարների ու մշակումների քննարկման հեղինակավոր հարթակի վերափոխվելու, արդյունաբերության այս ճյուղի զարգացման հիմնական վեկտորը որոշելու և զարգացումը խթանելու համար,-նշեց նախարար Սարգսյանը, ապա եւ հավելեց, որ ցուցահանդեսում հիմնական շեշտը դրված է բարձր տեխնոլոգիական լուծումների վրա:
-Հայաստանն ավանդաբար առաջատար դիրքեր է զբաղեցրել էլեկտրոնիկայի, օպտիկայի, լազերային տեխնիկայի, կիբեռնետիկայի, ինֆորմատիկայի և ռադիոֆիզիկայի բնագավառներում: Այսօր նույնպես բարձր տեխնոլոգիաների ասպարեզում մենք ունենք բավարար ներուժ՝ պաշտպանության ոլորտում նորագույն մշակումները կիրառելու և ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու համար:
Խորհրդանշական է, որ միջոցառումն անցկացվում էր հանրահայտ «Մերգելյան» ինստիտուտի տարածքում, որը լուրջ ներդրում ունի նախկին Խորհրդային Միության ռազմաարդյունաբերության ոլորտում: Մասնավորապես՝ հենց այս հաստատության մշակած հատուկ հաշվիչ համալիրներն էին հանդիսանում ԽՍՀՄ զինված ուժերի կառավարման համակարգի հանգուցային բաղադրիչները:
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի ռազմաարդյունաբերությունն ունի համապետական ծավալներով նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում տնտեսության խթանիչ ուժ դառնալու բոլոր հնարավորությունները: Ուստի բոլոր տեղական արտադրողներին, գիտական ոլորտի ներկայացուցիչներին և առաջատար բուհերի ուսանողներին կոչ արեց ջանք ու եռանդ չխնայել ազգ-բանակ տիրույթում իրենց ներգրավվածության շրջանակները ուրվագծելու համար:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հերթին համոզմունք հայտնեց, որ Հայաստանում անցկացվող սպառազինությունների ցուցահանդեսը և նույն հարկի տակ մասնակից պետությունների ու ձեռնարկությունների կուտակած փորձի փոխանակման հնարավորությունները նոր խթան կհանդիսանան հեռանկարային սպառազինությունների արտադրության, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման համար, կնպաստեն ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ազգային ռազմաարդյունաբերական համալիրների արտահանման ներուժի ընդլայնմանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շրջեց ցուցահանդեսին մասնակցող հայրենական և արտասահմանյան մի քանի տասնյակ ընկերությունների տաղավարներում, ծանոթացավ ներկայացված սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ցուցանմուշներին: Նախարարին ներկայացվեց ռազմական նշանակության հայրենական արտադրատեսակների փակ ցուցադրությունը:
Ցուցահանդեսի տիրույթում անցկացվեցին նաեւ գիտագործնական քննարկումներ, նիստեր և կլոր սեղաններ: Մասնավորապես՝ հոկտեմբերի 13-ին մեկնարկեց «21-րդ դարի տեխնոլոգիաները ՀՀ զինված ուժերի զարգացման գործում. միջազգային համագործակցություն» խորագրով գիտագործնական համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ, ՌԴ ԶՈւ և ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավար կազմի, ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչները: Հոկտեմբերի 15-ին կազմակերպվեց կիբեռանվտանգության թեմայով համաժողովը:
Նույն օրը «Yerevanexpo» այցելեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ծանոթացավ հայրենական և արտասահմանյան մի քանի տասնյակ ընկերությունների ցուցանմուշներին:
Ցուցահանդեսի թեմատիկ ցանկն ընդգրկում էր սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին՝ նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումներ, մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ, «Ապագայի զինվորի» սպառազինություն, հանդերձանք և այլն:
«ArmHiTec-2016»-ը պարզապես ռազմական նշանակության արտադրանքի եւ տեխնոլոգիաների ցուցադրություն չէր. միջազգային գործարար ծրագիրը բացառիկ հնարավորություն ընձեռեց անվտանգային ոլորտի առաջատար փորձագետների միջեւ հանդիպումների, ինչպես նաեւ խորհրդատվությունների անցկացման, խնդիրների քննարկման համար:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Հ.Գ. «Հայ զինվորը» առաջիկա համարներում կներկայացնի հայրենական ռազմաարդյունաբերության նորագույն մշակումները:
Խորագիր՝ #41 (1161) 19.10.2016 - 25.10.2016, Ուշադրության կենտրոնում, Ռազմական