ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ
Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Բուայային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայի Խորհրդի միջև իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Բարձր գնահատելով ԵԽ օժանդակությունն այս հարցում՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է առաջիկայում համակարգային համագործակցության անհրաժեշտությունը, զինված ուժերում մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեվարքության ամրապնդման ուղղությամբ թիրախային ծրագրերի իրականացումը, որոնք կներառեն փորձագիտական օժանդակություն թե´ ինստիտուցիոնալ և թե´ օրենսդրական վերանայման բնագավառներում:
Ֆիլիպ Բուայան, իր գոհունակությունն արտահայտելով բաց և թափանցիկ աշխատանքի համար՝ պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը պաշտպանության նախարարության հետ՝ ներգրավելով փորձագիտական և խորհրդատվական ողջ հասանելի ռեսուրսը:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում