Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ՍԻՐՏՆ ԱՅՍ ԳՐՔՈՒՄ Է…



ԻՄ ՍԻՐՏՆ ԱՅՍ ԳՐՔՈՒՄ Է...Լույս է տեսել ազատամարտիկ, գեղանկարիչ-մանկավարժ Ռոբերտ Մուրադյանի  «Սպասեք մեզ… մենք դեռ կգանք» բանաստեղծությունների ժողովածուն: Գրքում ամփոփված են հեղինակի վերջին տարիների՝ հայրենիքին, մարտական ընկերներին նվիրված, ինչպես նաեւ խոհափիլիսոփայական բնույթի լավագույն ստեղծագործությունները: Ի դեպ, գրքի գեղարվեստական ձեւավորումը կատարել է հենց հեղինակը:

Ռոբերտ Մուրադյանը (Մշեցի Մուրադ) ծնվել է Երեւանում: 1971 թվականին ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, երկար տարիներ աշխատել է կրթության ոլորտում, մասնակցել է պետական կարեւոր նշանակության կառույցների ձեւավորմանը: Մասնակցել է անկախության պայքարին, «Մեծն Մուրադ» ջոկատի կազմում՝ ազատագրական մարտերին: 1993 թվականից ծառայության է անցել հայկական զինված ուժերում: Պահեստազորում է 2005 թվականից:

Ռոբերտ Մուրադյանի «Սպասեք մեզ… մենք դեռ կգանք» ժողովածուի  բանաստեղծություններից շատերը առաջին անգամ հրապարակվել են «Հայ զինվոր» թերթում եւ անգամ տեղ զբաղեցրել պաշտոնաթերթի շապիկին:

 

Հայրենիքիս

 

Ես այս քարերին

Կառչած ապրել եմ

Դարեր շարունակ:

Տքնել, քրտնել եմ

Քար ու հողի հետ

Ու մաքառել եմ

Դարեր շարունակ:

Եղել են պահեր`

Ինձ սպանել են,

Բայց, տե՛ս, հառնել եմ

Դարեր շարունակ:

Իմ սուրբ Հայրենիք,

Ես` երախտապարտ

Զավակը հողիդ,

Օրհնում եմ բախտս,

Որ երկնի ներքո

Ծնվել եմ այստեղ`

Հայոց օրրանում,

Ու զինվորն եմ քո:

 

Սպասեք մեզ

 

Սպասեք մեզ,

Մենք

Դեռ

Կգանք…

Ծիծեռնակի գարնան կանչի,

Կռունկների երամի հետ

Կգանք

Դեռ

Մենք…

Ճերմակ թեւին սահող ամպի

Այս ցայգի հետ

Մենք

Դեռ

Կգանք…

Ամեն բացվող լուսաբացի,

Ծնծղայի հետ Արեգակի,

Հավատացե՛ք,

Մենք դեռ կգանք…

 

Հավատով ու հավատարիմ

 

Մենք մարտի ելանք

Զինված հավատով,

Թիկունքում թողած

Սեր ու ընտանիք:

Մենք մարտի ելանք,

Որ փակենք կրծքով

Ընթացքը չարի:

Շատերը ընկան,

Բայց հավատարիմ

Իրենց խոստումին,

Մնացին անպարտ,

Որ ողջերը միշտ

Հիշեն ու կրեն

Սխրանքը նրանց:

Կրծքի տակ հպարտ:

Մեր հաղթանակին

Հավատով ելանք

Ու մենք հաղթեցինք,

Որ Արարատի

Շքեղ գագաթին

Ծածանվի մի օր

Եռագույնը մեր:

 

Գևորգ ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #42 (1162) 26.10.2016 - 01.11.2016, Հոգևոր-մշակութային


26/10/2016