ՏԱՆԿԸ, ԼԵՌՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ…
Գնդապետ Գոռ Տիգրանյանի հրամանատարությամբ գործող զորամասը ապրիլյան պատերազմում ՀՀ ՊՆ զորամասերից ամենից շատ պարգևների արժանացավ:
Երբ երկաթյա դռները բացվում են, ու մեր մեքենան մտնում է զորամասի տարածք, ես մի պահ աչքերիս չեմ հավատում: Ճանապարհները ասֆալտապատ են, մայթերը` հարդարված, ամեն ինչ ներկված է, մաքուր, բարեկարգ և խնամված: Հատուկենտ մեծ ծառերի ու տեղ-տեղ գույնզգույն գորգ հիշեցնող ծաղիկների կողքին հավասար շարքերով նորատունկ ծառեր են, որոնք մի քանի տարի հետո հիանալի այգու կվերածվեն: Ես զարմանում եմ, որովհետև մոտ տարիուկես առաջ այս զորամասի մասին պատմում էին, որ անմխիթար վիճակում գտնվող արհեստանոցներում անձնակազմը տիտանական աշխատանք է կատարում` սարքին ու մարտունակ պահելով պաշտպանության համակարգի ավտոտեխնիկան: Մեկ տարի առաջ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում զորամասի գործառույթներն ընդլայնվեցին, զորամասի հրամանատար նշանակվեց գնդապետ Գոռ Տիգրանյանը:
….Իջնում եմ մեքենայից ու սկսում եմ քայլել` ուշադիր զննելով շուրջս: -Այս ասֆալտապատ ճանապարհի փոխարեն՝ մեկ տարի առաջ փոսեր էին, իսկ այս փոքրիկ տնկիների փոխարեն՝ անմշակ տարածք,- պատմում է ինձ ուղեկցող զինվորականը:- Նոր հրամանատարը տարածքի բարեկարգումից սկսեց իր աշխատանքը: Ճանապարհն ասֆալտապատեցինք, 500 պտղատու ծառ տնկեցինք, քար ու փոշուց ազատագրեցինք մեր զորամասը, նստարաններ տեղադրեցինք, ծաղիկ ցանեցինք:
…Հեռվում լեռն է, սարից փչող քամին ու աշնան տաք արևը այնքան հաճելի են, որ ես չեմ ուզում ներս մտնել, նստում եմ գույնզգույն ծաղիկների կողքին դրված նստարանին` խաչքարի մոտ:
-Այս խաչքարը ապրիլյան զոհերի հիշատակն է հավերժացնում,- ասում է զինվորականը: -Զորամասերից մեր զորամասը ամենաշատը մեդալներ ստացավ ապրիլյան պատերազմից հետո:
-Ինչի՞ համար:
-Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար,- պատասխանում է զինվորականը: -Պատերազմի ժամանակ քանի արկ պայթեց հենց մեր տղաների կողքին: Փա՛ռք Աստծու, զոհեր չունեցանք:
Հանկարծ հիշում եմ, որ չեմ ներկայացել:
-Ես Գայանեն եմ` «Հայ զինվոր» պաշտոնաթերթից:
-Պողոսյան: Ճանաչում եմ, թե չէ` ինչո՞ւ պիտի պատմեմ այս ամենը: Ես էլ զորամասի շտաբի պետն եմ` փոխգնդապետ Սուրեն Սալամյան:
-Զրահատեխնիկա բոլորն են սիրում, ես էլ,- հաճոյախոսում եմ,- երբ շքերթի ժամանակ մեր ծանր տեխնիկան մտավ հրապարակ, հպարտությունից սիրտս պայթում էր, ուրախությունից լաց էի լինում:
-Մեր աշխատակիցները երեք ամիս օր ու գիշեր աշխատել են, որ տեխնիկան փայլի շքերթի ժամանակ: Մեր անձնակազմը հիմնականում ներգրավվել էր շքերթի նախապատրաստական աշխատանքներում, որ ցուցադրվող տեխնիկան լինի պատշաճ վիճակում: Շքերթի նախապատրաստական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար պաշտպանության նախարարի կողմից զորամասի հրամանատարը պարգևատրվեց անվանական դաշույնով, իսկ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արայիկ Մեսրոպյանը` անվանական զենքով: Մենք այդ պարգևները բոլորինս ենք համարում ու պարգևատրվողներին հավասար ուրախանում ենք, որովհետև դրական արդյունքին համատեղ ջանքերով ենք հասել:
…Մտնում ենք վարչական շենք: Դարձյալ ամեն ինչ նոր է, մաքուր, ճաշակով: Զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Տիգրանյանը երիտասարդ զինվորական է` հայկական ռազմական դպրոց անցած: Նա ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և հասել զորամասի հրամանատարի պաշտոնին:
-Ասում են` նոր զորամասում աշխատանքն սկսել եք տարածքը բարեկարգելուց:
-Խուսափում եմ բարձրագոչ բառեր ասելուց, բայց, եթե ինձ նշանակել են այս զորամասի հրամանատար, ուրեմն՝ ես այս մեծ ընտանիքի հայրն եմ, ու այս զորամասն իմ տունն է: Եվ իմ պարտքն է կառուցել տունս, կարգի բերել, գեղեցկացնել, ստեղծել հարմարավետ ու տրամադրող պայմաններ: Ես չէի կարող մտնել զորամաս ու քարուքանդ ճանապարհներով գնալ դեպի իմ աշխատասենյակ: Կառուցեցինք ու շարունակելու ենք կառուցել: Սրտացավ մարդիկ օգնեցին` քաղաքապետը, համայնքապետեր: Գուցե ասածս Ձեզ տարօրինակ թվա, բայց անխնամ, թափթփված, հնամաշ տարածքում համախմբում, նվիրվածություն, եռանդ չի լինի: Ես մեծ նշանակություն եմ տալիս մարդկային գործոնին: Պարզ ասած՝ եթե մարդը ներքին մղումով, սիրով է աշխատում, նրա արած գործի արդյունավետությունը բազմապատկվում է: Ես մեկ առ մեկ ճանաչում եմ իմ ենթականերին, իմ դուռը բաց է բոլորի առաջ:
-Ձեր անձնակազմը շատ կարևոր ծառայություն է մատուցում բանակին, զինտեխնիկան սարքին վիճակում, այսինքն` մարտունակ պահելը կենսական նշանակության ունի մեզ համար: Ոչ վաղ անցյալում ականատես եղանք, թե ինչպես թշնամին դավադիր մտավ մեր հողը:
-Մեր անձնակազմն աշխատում է և՛ ԶՈՒ զորամասերում, և՛ մեզ մոտ: Եթե թերությունները հնարավոր չէ վերացնել տեղում` տեխնիկան բերվում է մեր զորամաս, և մեր մասնագետները իրենց գործը կատարում են հատուկ պայմաններում, լրացուցիչ միջոցների օգտագործմամբ:
-Ապահովվա՞ծ եք համապատասխան մասնագետներով: Ըստ իս` զինտեխնիկա նորոգելը հատուկ պատրաստություն է պահանջում:
-Քաղաքացիական մեքենաշինական ուսումնական հաստատություններ ավարտած մասնագետները տիրապետում են մասնագիտական նրբություններին և լիովին բավարարում են առկա պահանջները: Ավագները, փորձառուները սովորեցնում են կրտսերներին և նորանշանակ կադրերին: Շուտով կձևավորվի ուսումնական կենտրոնը, որտեղ համապատասխան ծրագրով կպատրաստվեն մասնագետ-կադրերը, ինչը կլրացնի բացը:
-Ամբողջ աշխարհում ձեռքի աշխատանքը մղվում է հետին պլան, ամեն ինչ ավտոմատացվում է, համակարգչային դարաշրջանը իր նորամուծություններն է բերում:
-Մի՛ շարունակեք, որովհետև այդ մասին կարելի է խոսել միայն նորակառույց ավտոտեխնիկական վերանորոգման արտադրամասը շահագործման հանձնելուց հետո: Իսկ դա կլինի առնվազն երկու տարի հետո:
Արտադրամասերում տարբեր սարքերի միալար բվվոցի տակ մարդիկ իրենց գործն են անում: Այս տանկերն ու մեքենաները շուտով նորոգված կգնան առաջնագիծ ու կկանգնեն թշնամու ճանապարհին:
Ես զորամասից հեռանում եմ նույն բարեկարգ, փոքրիկ ծառերով ու ծաղիկներով օղակված ճանապարհով:
-Տանկը, լեռն ու զինվորականները նույն գույնն ունեն,- ասում եմ ինձ ճանապարհող սպային:
…Սենտիմենտալ եմ դարձել:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #42 (1162) 26.10.2016 - 01.11.2016, Ազգային բանակ