ԹԵՀՐԱՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱԽՎԵԼ
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից Հյուսիսային Իրաքի մայրաքաղաք Մոսուլի ազատագրմանը թուրքական զորքերի մասնակցության հարցը լրջագույն խնդիրներ է ստեղծել ոչ միայն Բաղդադի եւ Անկարայի, այլ նաեւ Անկարայի եւ Թեհրանի միջեւ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը բացահայտորեն անտեսում է Իրաքի կառավարության բոլոր հայտարարությունները՝ երկրի տարածքում թուրքական զորքերի ապօրինի ներկայության մասին եւ շարունակում է պնդել, որ իր երկրի զինված ուժերը եւս պետք է մասնակցություն ունենան Մոսուլի ազատագրմանը: Անկարայի նման պահվածքը արդեն իսկ սկսել է նյարդայնացնել Իրաքի հարցում տակավին չեզոք դիրք բռնած Թեհրանին՝ սպառնալով ոչ միայն երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների վատացմամբ, այլ նույնիսկ ռազմական բախման հեռանկարով:
Մոսուլի մոտ «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին ԱՄՆ օդուժի աջակցությամբ մասնակցում են իրաքյան ոստիկանությունն ու բանակը, ինչպես նաեւ՝ քրդական զինված ստորաբաժանումները: Մինչ այդ, Էրդողանը հայտարարել էր, որ եթե Անկարային մերժեն մասնակցության հարցում՝ նրան ոչինչ չի մնա անելու, քան հանդես գալ սեփական նախաձեռնությամբ: Այս պահին Թուրքիան պատերազմ է վարում միանգամից երկու ճակատով եւ՛ Սիրիայում, եւ՛ Իրաքում, ընդ որում՝ թե՛ «Իսլամական պետության», թե՛ սիրիական ու իրաքյան քրդերի դեմ: Անկարայում պնդում են, որ քրդերի շարքում իրենց դեմ կռվում է Թուրքիայի քրդաբնակ վայրերում թուրքական բանակի դեմ փաստացի պատերազմող Քրդական բանվորական կուսակցության ստորաբաժանումների մի մասը:
Մոսուլում ռազմական գործողություններին մասնակցելը Անկարային հնարավորություն կտա ինչ-որ կերպ վերահսկելու իրավիճակը թուրք-իրաքյան սահմանագոտու քրդաբնակ վայրերում: Այդ համատեքստում Էրդողանը փորձում է այլեւս չխանգարել Սիրիայի հարցում ռուսական սցենարի իրականացմանը, բայց դրա փոխարեն ակնկալում է որոշակի ձեռքբերումներ արդեն Հյուսիսային Իրաքում: Եվ ռուս-թուրքական հարաբերությունների վերջին բեռնաթափումը հենց նման մոտեցումների տրամաբանական հետեւանքն է:
Թուրքիայի ակտիվացումը Իրաքում անհանգստացնում է Իրանին, քանի որ վերջինս սատարում է իրաքյան շիա ազգաբնակչությանը, որի գոյության անվտանգությունը կախված է ոչ միայն ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների բարեհաջող լինելուց, այլեւ թուրքական զորքերի հնարավոր առաջխաղացումից: Թեհրանը Իրաքի, Սիրիայի եւ Լիբանանի շիաներով բնակեցված տարածքները դիտարկում է որպես կարեւորագույն աշխարհաքաղաքական եւ տնտեսական միջանցք դեպի Միջերկրական ծով, իսկ Էրդողանի վերջին հայտարարությունները Հալեպի եւ Մոսուլի պատկանելության շուրջ կարող են հարկադրել Իրանին դիմելու կտրուկ քայլերի, ընդհուպ մինչեւ ռազմական միջամտություն: Որ բախումը Թեհրանի հետ անխուսափելի է, լավ հասկանում են նաեւ Անկարայում: Թեեւ առերեւույթ երկու երկրները պահպանում են բարիդրացիական հարաբերություններ, այնուամենայնիվ, շուրջ մեկ տասնամյակ միմյանց դեմ տարվում են պատերազմի նախապատրաստական աշխատանքներ: Իրանը զինում եւ ամրացնում է Սիրիայի, Լիբանանի, Իրաքի շիաներին, Թուրքիան՝ այդ երկրների սուննիներին եւ թյուրքական տարբեր ցեղերի: Այս պարագայում, եթե Անկարան շարունակի Քրդական պետության ստեղծման դեմ իր քայլերը, չի բացառվում, որ նրանք եւս միանան իրանա-շիական դաշինքին՝ հրահրելով անգամ թուրք-իրանական բախում:
Այս իրավիճակում կարեւոր է ԱՄՆ-ի դիրքորոշումը: Վաշինգտոնում ըմբռնումով են մոտենում Բաղդադի կառավարության բողոքներին՝ փորձելով չափավոր աջակցության միջոցով նվազեցնել Թեհրանի ազդեցությունը: Միաժամանակ՝ որքան Անկարայի ձգտումները Վաշինգտոնի կողմից լուրջ չեն ընկալվում, այնքան ավելի լուրջ են տրամադրվածությունը շիա ազգաբնակչությամբ տարածքներով Միջերկրական ծով Իրանի դուրս գալու հավանականությունները: Բնական է, որ այս հարցում Միացյալ Նահանգները պատրաստ են սատարելու Թուրքիայի նախաձեռնությանը՝ ստեղծելով երկիմաստ իրավիճակ: Փաստացի՝ ԱՄՆ-ը ձգտում է հեշտացնել Մոսուլում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների իրականացումը, բայց նաեւ կասեցնել Իրանի առաջխաղացումը՝ նույնիսկ չբացառելով թուրք-իրանական ռազմական բախում:
«Իսլամական պետության» դեմ կռվող արեւմտյան կոալիցիան մի քանի օր առաջ օրինականացրեց թուրքական ստորաբաժանումների կենտրոնացումը Մոսուլի մոտ՝ Բաշիկում՝ հայտարարելով այն որպես ՆԱՏՕ-ի բազա: Միաժամանակ ԻՊ-ի դեմ մարտնչող շիա զինված ստորաբաժանումները հայտարարեցին, որ պայքարելու են արտաքին ցանկացած միջամտության դեմ: Հետեւաբար՝ անմասն չի մնա նաեւ Իրանը, որը կարող է աջակցել շիաներին զինուժով:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Ավ. լեյտենանտ
Խորագիր՝ #43 (1163) 02.11.2016 - 08.11.2016, Տարածաշրջան