Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԼԻԶԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ-ԲԵՐՔՅԱՆԻ ՄԱՍԻՆ



ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԼԻԶԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ-ԲԵՐՔՅԱՆԻ ՄԱՍԻՆԵրբ ես փոքր էի, սիրում էի պատմություններ լսել: Մարդիկ հազիվ էին գլուխն ազատում ինձնից: Մեկին բռնացնում էի ու ասում` պատմի՛ր: Ծանոթները գիտեին, անծանոթները անակնկալի էին գալիս` ի՞նչ պատմեմ: …Կարևոր չէ: Մի բան պատմիր: Երբ մեծացա, սկսեցի ինքս պատմել: Որովհետև տեսա, որ աշխարհը լիքն է սիրուն պատմություններով….

Ու հիմա ես էլի մի պատմություն պիտի պատմեմ: Պատմություն Լիզա անունով կնոջ մասին… Ու պիտի սկսեմ սկզբից, երբ նա փոքրիկ աղջիկ էր Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում` դեղին մազերով, աշխույժ ու զրնգուն: Ինչո՞ւ սկզբից… Թեկուզ միայն այն պատճառով, որ չկորչեն Լիզայի մոր գեղջկական անուշ ձայնով հնչող օրորներն ու խաղիկները, սիրերգերն ու ռազմի երգերը: Ո՞վ գիտե, գուցե հենց այդ երգերն էին պատճառը, որ ծնվեց այս պատմությունը:

-Մինչև հիմա մորս ձայնը հոգուս մեջ է, մայրս երգում էր, երբ ես երջանիկ էի: Մայրս երգում էր, երբ ցավն ու հուսահատությունը տիրում էր ինձ: Մայրս հիմա էլ է երգում, երբ հայրենիքից հեռու եմ: Ու մորս երգը հոգիս տանում է Հայաստան` ծննդավայր: Աչքերս փակում եմ ու տեսնում եմ հորս` Աբրոհենց Ժորժիկին, հյուրերով լեցուն մեր տունը: Հայրս ճակատագրի բերումով բարձրագույն կրթություն չէր ստացել, բայց պաշտամունքի հասնող սեր ուներ կրթության ու կրթվածության հանդեպ: Շրջան եկող մտավորականներն ու արվեստագետները մեր տանն էին հանգրվանում: Հայրս այնպես էր պատվում, այնպես էր գովաբանում նրանց, որ ինձ թվում էր` երկնքից իջած հրեշտակներ էին:

….Ժամանակն ամեն ինչ տարավ` հորս, մորս, քրոջս… մանկությունս: Մնացին գրքերը: Այն գրքերը, որոնք կարդացել էի, և որոնք կարդալու էի ողջ կյանքի ընթացքում:

…Գրքի էջերում էի որոնում իդեալներս, հույզերս, կարոտներս: Գրքի հանդեպ սերս հաղթեց բոլոր նախասիրություններիս, և ես դարձա մանկավարժական համալսարանի գրադարանավարության ու մատենագիտության ֆակուլտետի ուսանողուհի….

… Ես գրադարանի վարիչ եմ աշխատել, հետո աշխատել եմ շրջանային թերթում՝ բաժնի վարիչ, խմբագիր: Երբ հանդիպեցի Արա Բերքյանին՝ շրջկոմի գաղափարախոսության բաժնի վարիչն էի:

….Ես կարող էի իմ պատմությունը հենց այստեղից էլ սկսել: Որովհետև, ճիշտ է, Արա Բերքյանն ընդամենը երեք տարվա ֆիզիկական ներկայություն ունի այս պատմության մեջ, բայց հայտնվելու պահից դառնում է նրա առանցքը, գլխավոր հերոսը, ոգին… Դուք չգիտե՞ք, թե ով է Արա Բերքյանը: Ես հիմա ձեզ կպատմեմ նաև այն ամենը, որ գիտեմ Արա Բերքյանի մասին:

Արա Բերքյանը ծնվել է Բեյրութում: Եղեռնից փրկված արևմտահայի զավակը սկզբում սովորել է ֆրանսիական գիմնազիայում, ապա ավարտել է տեղի Ամերիկյան համալսարանը, ստացել ինժեներ ճարտարապետի մասնագիտություն: Այնուհետև ուսանել է Մյունխենի և Ախընի տեխնիկական համալսարաններում, պաշտպանել է դոկտորական թեզ «Հայկական պաշտպանական շինությունները միջին դարերում» վերտառությամբ՝ ստանալով ինժեներության դոկտորի կոչում: Գերմանիայում պահպանվում են նրա նախագծերով կառուցված բազմաթիվ հոյակերտ շենքերն ու շինությունները, որոնք հիացրել են հավակնոտ ու նրբաճաշակ գերմանացիներին: …Ես թերթում եմ Արա Բերքյանի մասին պատմող հոդվածները, նամակները, Արա Բերքյանի գրքերը… Ու հիմա չգիտեմ` ինչը պատմեմ, ինչը թողնեմ: Ճակատագրի բերումով հայրենիքից հեռու մեծացած հայորդին հայրենիքի համար է ապրել: Նրա օրը, յուրաքանչյուր գործն ու ջանքը Հայաստանի մասին խոսելու, Հայաստանի փառքը տարածելու առիթ են եղել: Ու նա իր հայասիրությամբ վարակել է նաև իր օտարերկրացի ընկերներին…

Ճարտարապետության և ինժեներության դոկտոր, գրող, պատմաբան Արա Բերքյանը մեծ ավանդ է ունեցել գերմանա-հայկական հարաբերությունների զարգացման գործում:

Նա իր ապրած կյանքով ճարտարագործ կամուրջ դարձավ Սփյուռքի և Հայրենիքի միջև: Նա իր աստվածատուր բազում շնորհները՝ ճարտարապետ, գրող, նկարիչ, պատմաբան, ազգային-հասարակական գործիչ և հռետոր, ի սպաս դրեց օտար ափերում հայոց պատմությունը, ճարտարապետությունը ճշմարիտ ներկայացնելու, հայոց մշակույթի էությունն ու ժառանգությունը ճանաչելի դարձնելու նվիրական գործին: Նա դարձավ գերմանա-հայկական հարաբերությունների վերականգնման, գերմանաբնակ իր հայրենակիցներին հայոց լեզվին ու հավատքին մերձեցնելու, եվրոպական իրականության մեջ հայոց մշակույթը քարոզելու և հայ դատի ձայնը լսելի դարձնելու ջատագովը: Արա Բերքյանը տարիներ ի վեր աշխատել է Մյունխենի, Մայնցի, Ախընի ճարտարապետական բյուրոներում, իսկ կյանքի վերջին տարիներին՝ Վիսբադենի քաղաքապետարանում՝ որպես ճարտարապետ:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԼԻԶԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ-ԲԵՐՔՅԱՆԻ ՄԱՍԻՆՔաջատեղյակ լինելով գերմանական և եվրոպական մշակույթին ու արվեստին, այնուամենայնիվ, Արա Բերքյանը պաշտում էր հայկականը: Նա ամենից առաջ հայ մշակույթի և արվեստի յուրօրինակ դեսպան էր, ազգային ոգին արթուն պահող նվիրյալ: Սակայն ազգային խնդիրների իրականացումն այնքան էլ դյուրին չէր անցած դարի 60-70-ականների Գերմանիայում: Չկային ներկայիս կառույցները, բազում միությունները, դեսպանատունը, համացանցի ընձեռած լայն հնարավորությունները: Նա և իր նման նվիրյալ հայորդիների բազում հայանպաստ նախաձեռնություններն ու իրականացրած աշխատանքները անձնուրաց ջանքերի արդյունքն էին:

Արան եղել է Մյունխենի և Ախընի ուսանողական, Հեսսենի հայ մշակութային միությունների հիմնադիրներից, վերջինիս վարչության առաջին նախագահը, Մայնցի հայկական համայնքի նախագահը: Նրա շնորհիվ վերաբացվեց Գերմանա-հայկական ընկերությունը, որի փոխնախագահն էր: Արան եղել է «Հայ-գերմանական հանդեսի» խմբագիրը, բազում կարևոր հոդվածներ է հրապարակել: Հայկական մշակույթի վերաբերյալ ելույթներ է ունեցել հայկական արվեստին ու մշակույթին նվիրված սիմպոզիումներում՝ Հայաստանում, Վենետիկում, Փարիզում և այլուր:

Արա Բերքյանի գրքերը՝ «Պլանավորումը և կառուցումը մերձարևադարձային երկրներում», «Հայկական միջնադարյան պաշտպանական ամրոցները», «Հռենոսի և Արաքսի միջև. 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» (համահեղինակ՝ Էննո Մեյեր), «XII-XIII դդ. հայկական ամրաշինական արվեստի ազդեցությունը գերմանական ճարտարապետության վրա», բարձր գնահատականի են արժանացել մասնագետների կողմից…

… Եվ ահա 55-ամյա Արա Բերքյանը հերթական անգամ հայրենիք է գալիս:

-1989 թվականն էր: Իմ ընկերներից մեկը` Վալենտինը, որը Հայկական ավիաուղիների պետն էր, մի անծանոթ տղամարդու հետ եկավ մեր տուն: Երբ տղամարդուն ներկայացնում էր մեզ, ասաց, որ նա Գերմանիայից է, ճարտարապետության դոկտոր, եկել է օգնելու երկրաշարժից տուժած շրջանների վերականգնման աշխատանքներին: Ճանապարհին Վալենտինը որոշել է Արա Բերքյանին մի բաժակ սուրճ հյուրասիրել մեր տանը:

-Արա Բերքյանը տպավորի՞չ էր, – հարցնում եմ տիկին Լիզային: -Ես առանձնահատուկ սեր ունեմ խելացի տղամարդկանց հանդեպ, ես լցվել եմ Արա Բերքյանի կտավների գույներով ու մտածում եմ, որ նա պիտի շատ համակրելի ու հմայիչ տղամարդ եղած լինի….

… – Տեսնում եմ` շատ եք ուզում Արային տպավորիչ պատկերացնել: Այդ օրը նրա մեջ տղամարդու իմ իդեալին չորոնեցի, նա մեր հյուրն էր, զուսպ, բարեկիրթ, ավելի շատ լսում էր, քան խոսում: Բայց հետո, երբ Գերմանիայից զանգում էր, հոգու հարազատություն էի զգում, մի անբացատրելի կապվածություն: Մեր միակ թեման հայրենիքն էր: Հայաստանի վիճակը, Հայաստանի ապագան: Երբ առաջին անգամ ինձ ամուսնության առաջարկություն արեց, մերժեցի, որովհետև Հայաստանից հեռանալու միտքը մղոններով հեռու էր ինձնից: Ես անսահման սիրում էի հայրենիքս, այն ամենը, ինչն ունեմ Հայաստանում: Հետո Արան ինձ և Վալենտինի կնոջը հրավիրեց իր տուն` Գերմանիա: Երբ պիտի վերադառնայինք, Արան խնդրեց, որ ես մի քիչ էլ մնամ ու ամբողջ արձակուրդս Գերմանիայում անցկացնեմ: Ես մնացի, բայց վերադարձա Հայաստան: Երեք ամիս հետո Արան վերստին Հայաստանում էր: Նրա ամուսնության առաջարկը այս անգամ արդեն չկարողացա մերժել: Մարդիկ կան, որոնք բարձր բլուրների նման են՝ երևացող, սիրուն, ուժեղ, բայց մի փոքրիկ երկրաշարժից, նույնիսկ քամուց կարող են փլվել-փոքրանալ: Արան անդրօվկիանոսյան ժայռաբեկոր էր, Արան մարգարիտ էր, որին պիտի պեղելով հասնեիր: Արան հայրենիքի նվիրյալ էր, հավատարիմ ընկեր էր, քնքուշ, հոգատար կողակից էր… Երկու տարի ես վայելեցի այդ հզոր ու նուրբ մարդու ընկերակցությունը: Հետո …մեկ տարվա մեջ կորցրի ամուսնուս, հորս, քրոջս…

…Ես Լիզա Աբրահամյան – Բերքյանի կյանքի պատմությունը պատմում եմ այն մարդկանց համար, որոնց կյանքի ընթացքը հանկարծ փոխել է հունը ու պայծառ, արևոտ կեսօրից մտել անլույս ու ցուրտ թունել: Ես պատմում եմ զինվոր որդիներին կորցրած մայրերի ու հայրերի համար: Սիրած տղաներին կորցրած աղջիկների համար: Ես ուզում եմ, որ Լիզա Աբրահամյան-Բերքյանը ասի, թե ինչպես պիտի շարունակել ապրել, երբ կյանքիդ ամենալուսավոր աստղը մարում է: Երբ մարում են բոլոր աստղերը:

-Ես Գերմանիայում մնացի մենակ, առանց ամուսնու, առանց հոր, առանց քրոջ… ու առանց աշխատանքի: Երկիրը՝ օտար, լեզուն՝ խորթ, շատ բան ինձ համար  անհասկանալի` անթիվ-անհամար պրոբլեմներով… Նույնիսկ Հայաստան վերադառնալու փող չունեի: Գնացի, որպեսզի աշխատեմ լվացքատանը և անխոհեմություն ունեցա ցույց տալու բարձրագույն կրթության դիպլոմս: Կասկածանքով նայեցին վրաս ու չընդունեցին աշխատանքի: Կյանքիս մեջ ոչ մի լուսավոր կետ չկար, իսկ հարազատներս զրկանքի ու կարիքի մեջ էին: Բայց ես պիտի ապրեի հանուն սիրելի մարդկանց և փրկեի Արա Բերքյանի ժառանգությունը՝ նրա տարիների վաստակը, տարիների տքնանքը` դա իմ սրբազան պարտքն էր:

…Լիզա Աբրահամյան-Բերքյանը վառ արտաքին ունի: 25 տարի ապրելով Գերմանիայում՝ գերմանուհու է նմանվել` իր նարնջագույն մազերով, անսովոր սանրվածքով ու գերմանացու զուսպ բարեկրթությամբ: Բայց Շուշիի մասին խոսելիս հայուհի է դառնում՝ բուռն ու զգացմունքային: Երբ պատմում է, թե ինչպես Արա Բերքյանի հետ եկան արդեն ազատագրված Շուշի, ու ինչպես էր Արան ուզում տուն կառուցել Շուշիում, մշտապես բնակվել այնտեղ, ծիծաղն ու արցունքը խառնվում են իրար: Ասում են՝ միայն հայերն են ծիծաղում ու արտասվում միաժամանակ: Չգիտեմ` այդպես են ասում:

-Ես սկսեցի պայքարել: Ես կառչել էի նպատակիս, ինձ պարուրել էի տաք ու արևոտ հիշողություններով և առաջ էի գնում: Գերմաներեն սովորեցի: Աշխատանքի անցա մեր քաղաքի գրադարանում, որտեղ աշխատեցի 22 տարի` մի ամբողջ կյանք: Դուք ինձ հարցրեք` թե ես օգտակար ի՞նչ եմ արել իմ այդ 22 տարիների ընթացքում: Դուք պարտավոր եք հարցնել: Որովհետև, եթե ինքդ քեզ համար ես ապրել, կյանքը ոչինչ չարժե…

-Ես գիտեմ, որ Դուք միշտ օգնություն եք ուղարկել Հայաստան: Վերջերս նաև քառօրյա պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին եք օգնել:

-Դա չարժե հիշատակել: Ես գրադարանավարուհու իմ աշխատանքով  գերմանացիներին պատմել եմ հայերի մասին: Ես անընդհատ միջոցառումներ եմ կազմակերպել, որպեսզի ներկայացնեմ հայկական մշակույթը, հայոց պատմությունը, հայ մեծերին: Գերմանիան գրքի ու ընթերցանության երկիր է: Գերմանական գրադարանները մշակութային օջախներ են և ոչ թե սոսկ ընթերցողներին գիրք բաժանողներ: Գրադարանում անընդհատ կազմակերպվում են զանազան շնորհանդեսներ, գրքերի քննարկումներ, հանդիպումներ գրողների հետ, ու այդ միջոցառումները ունենում են մեծ լսարան: Գրադարանները ամեն շաբաթ 5 հազար կտոր գիրք են տանում գավառներ (գրադարան` անիվների վրա): Գերմանական գրախանութները նույնպես մշակութային ժամանցի վայրեր են, որտեղ կարող ես սրճել, գիրք կարդալ, բարձրաձայն ընթերցանություն լսել: Եվ այդ լսարանը օգտագործել օտարներին Հայաստանի հետ ծանոթացնելու համար, կարծում եմ` շնորհակալ գործ է:

2014 թվականին Հայաստանում հրատարակվեց «Արա Բերքյան» գիրքը: Առաջաբանը հեղինակել, նամականին կենսամատենագիտությունը կազմել, ծանոթագրել եւ հրատարակության է պատրաստել Լիզա Աբրահամյան Բերքյանը:

…Օրերս Լիզա Աբրահամյան-Բերքյանը կրկին Հայաստանում էր: Նա վերջապես իրականացրեց Արա Բերքյանի մեծ երազը` գերմաներենից հայերեն թարգմանեց Արա Բերքյանի «Հռենոսի և Արաքսի միջև. 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» գիրքը և շնորհանդեսը Արա Բերքյանի հայրենիքում կազմակերպեց, որին մասնակցում էին Հայաստանում Գերմանիայի դեսպանը, Հայաստանի մշակույթի նախարարը: Նրանք նույնպես նշեցին, թե ինչ մանրակրկիտ ու տիտանական աշխատանք է կատարել հեղինակը` ուսումնասիրելով տասնյակ աղբյուրներ, բացահայտելով հայ-գերմանական շփումների հայտնի ու անհայտ էջերը:

….Ես ու Լիզա Աբրահամյան-Բերքյանը նստած ենք երևանյան սրճարաններից մեկում: Նա հաջորդ օրը մեկնելու է Գերմանիա` շարունակելու իր կյանքը: Ես գալու եմ տուն, որ թղթին հանձնեմ իմ հերթական պատմությունը: …Միշտ զարմացել եմ` ինչո՞ւ են գրողները հորինում. չէ՞ որ շուրջբոլորը լիքը հրաշալի պատմություններ կան:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #43 (1163) 02.11.2016 - 08.11.2016, Հոգևոր-մշակութային


02/11/2016