ՆՐԱՆՔ ՄԻՇՏ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ
Ուղիղ 60 տարի առաջ` 1956թ., Խորհրդային Միության պաշտպանության նախարար Գ. Ժուկովի նախաձեռնությամբ, Մոսկվայում հիմնադրվում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեն:
Հայաստանում ևս, ինչպես և խորհրդային մյուս հանրապետություններում, ստեղծվում է Պատերազմի վետերանների կոմիտե, որի շարքերը համալրում են Մեծ հայրենականի թոհուբոհով անցած զինվորականներ` ամենասովորական շարքայինից մինչև գեներալ ¥Խորհրդային Միության հերոսներ, փառքի շքանշանի ասպետներ): Կոմիտեի առաջին նախագահ է ընտրվում Խորհրդային Միության հերոս, գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը. նա կարողանում է այդ ծանր, դժվարին ժամանակներում իր շուրջ համախմբել վետերաններին և նպատակասլաց գործունեություն ծավալել: Նրանից հետո կոմիտեն շուրջ 20 տարի ղեկավարում է գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանը, այնուհետև` 1986թ. նախագահ է ընտրվում գնդապետ Պերճ Բոշնաղյանը: Մինչև 1987թ. Պատերազմի վետերանների կոմիտեն միավորում է այն մասնակիցներին և համագնդերի վետերաններին, որոնց զորամասերը ձևավորվել կամ լուծարվել էին Հայաստանում, որոնք ռազմաճակատ էին մեկնել Հայաստանից, ինչպես նաև Լենինգրադի պաշտպանության, Բուլղարիայի դիմադրության շարժման մասնակից հայ վետերաններին, 390-րդ, 408-րդ, 409-րդ, 261-րդ, 31-րդ, 89-րդ հրաձգային դիվիզիայի, 352-րդ կանանց առանձին զենիթային հրետանային գնդի վետերաններին: Իսկ ահա 1987թ. սկսած՝ կոմիտեի շարքերը համալրում են Հայաստանի շրջանների բոլոր այն քաղաքացիները, որոնք գործող օրենսդրությամբ համարվում էին պատերազմի մասնակիցներ կամ օգտվում էին պատերազմի մասնակիցների համար սահմանված արտոնություններից, նաև ռազմածովային նավատորմի և ավիացիայի վետերանները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների անչափահաս գերիները:
1997թ. ՀՀ Պատերազմի վետերանների կոմիտեի ղեկավարումն ստանձնում է գնդապետ Հրանտ Հովհաննիսյանը: Նրա գործունեության ընթացքում կոմիտեի շարքերը համալրում են նաև զինված ուժերի վետերանները, և այն այդուհետ վերանվանվում է ՀՀ Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտե:
2010թ. սեպտեմբերից կազմակերպությունը ղեկավարում է գնդապետ Պետրոս Պետրոսյանը:
Պատերազմի և զինված ուժերի կոմիտեն մշակում է իր ռազմավարական ծրագրերը, որոնցում առաջնային տեղ է հատկացվում հատկապես ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Կոմիտեին կից գործում է «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» միջազգային երիտասարդական կառույցի հայաստանյան խորհուրդը, որի անմիջական մասնակցությամբ կրթօջախներում, թանգարաններում, հուշահամալիրներում մշտապես իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ` «Հաղթանակի և արիության դասեր», ցուցահանդեսներ…
Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեն ակտիվ համագործակցում է պաշտպանության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, զինկոմիսարիատների, հասարակական տարբեր կազմակերպությունների հետ` միաժամանակ սերտ կապ պահպանելով նախկին Խորհրդային Միության հանրապետությունների վետերանական կազմակերպությունների, ինչպես նաև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հայկական վետերանական կազմակերպությունների հետ:
Վետերանական կոմիտեն այսօր էլ ակտիվորեն մասնակցում է երկրում տեղի ունեցող բոլոր կարևորագույն միջոցառումներին: Ծերունազարդ վետերանները զինվորի նվիրվածությամբ շարունակում են ծառայել հայրենիքին: Քանի դեռ բաբախում է նրանց սիրտը, նրանք միշտ շարքում են…
♦♦♦
Հոկտեմբերի 28-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հոբելյանական միջոցառումը նվիրված էր ՀՀ Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի հիմնադրման 60-ամյակին: Կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանն իր զեկույցում հանգամանալի ներկայացրեց կատարված աշխատանքները` ևս մեկ անգամ շեշտելով, որ իրենց գլխավոր և առաջնային նպատակը սերունդներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելն է, որ նրանք ևս նույն նվիրումով ծառայեն հայրենիքին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղել Վետերանների կոմիտեին: Կոմիտեն բազմաթիվ շնորհավորանքներ էր ստացել:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը պաշտպանության նախարարի անունից շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ խոսեց Մեծ հայրենականում հայ ժողովրդի դրսևորած աննկուն ոգու, հերոսական պայքարի և անօրինակ նվիրումի մասին:
Այնուհետև գերատեսչական «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվեցին վետերաններ Ռոզալիա Աբգարյանը, Արթուր Մկրտչյանը, Սարգիս Հարությունյանը, Արման Աթայանը, Հուսիկ Փանոսյանը: Շնորհավորական ջերմ խոսքերի տեղատարափ էր…
Տոնական միջոցառումն ավարտվեց համերգով: Վետերանների աչքերում և՛ ժպիտ կար, և՛ արցունք, ինչպես իրենց սիրած երգում «նՑՏ տՐՈջՊվՌՍ րՏ րսպջՈՎՌ վՈ չսՈջՈւ»…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #43 (1163) 02.11.2016 - 08.11.2016, Բանակ և հասարակություն