Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԵՎՈՐ ՈՒԽՏ ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ



ՀՈԳԵՎՈՐ ՈՒԽՏ ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑՈՒՄԱյսօր անհերքելի փաստ է, որ հոգեւոր սպասավորներն իրենց նշանակալի դերակատարումն ունեն մեր զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում: 1997թ.-ից մեր զորքերում գործում է հոգեւոր առաջնորդությունը, որում այսօր արդեն շուրջ հինգ տասնյակ գնդերեց է ներգրավված: Նրանց վերապահված է կարեւորագույն խնդիրներից մեկը՝ հայ զինվորականներին ոգեղեն ամրություն հաղորդելու առաքելությունը:

Մեր հոգեւոր սպասավորների անկոտրում կամքը, հայրենիքին նվիրվածությունը եւս մեկ անգամ հաստատող  փաստեր արձանագրվեցին այս տարվա ապրիլ ամսին, երբ նրանցից շատերը մեկնեցին առաջնագիծ՝ ուս ուսի կանգնելու զինվորականների կողքին եւ հոգով զորացնելու նրանց: Հայ հոգեւորականը նույնպես գերազանց քննություն բռնեց հայրենիքի համար վճռորոշ պահին: Պատահական չէ, որ այս տարվա սեպտեմբերի 21-ին  ՀՀ անկախությանը նվիրված շքերթին մեր զորքերում հոգեւոր սպասավորություն իրականացնող գնդերեցները հատուկ այս առիթով ստեղծված հանդերձավորմամբ, կուռ շարքով եւ զինվորական քայլքով միացան զինվորականներին:

 

Հոկտեմբերի 27-ին ՀՀ անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված զորահանդեսի մասնակից հոգեւորականները ուխտագնացություն կատարեցին դեպի Զորաց եկեղեցի, որտեղ ժամերգության կարգ կատարեցին: Հատկանշական է, որ ուխտագնացության համար հենց այս վայրն էր ընտրվել:  Զորաց եկեղեցին  Վայոց Ձորի Եղեգիս գյուղի արեւելյան հատվածում գտնվող միջնադարյան եկեղեցի է (1324-1331թթ.): Այն հազվագյուտ կառուցվածք ունի. բաղկացած է խորանից եւ երկու կից խցերից: Նախատեսված է եղել բացօթյա աղոթքներին հնարավորինս մեծ թվով մարդիկ ներգրավելու համար: Ըստ պատմաբանների՝ հայոց զորքը կանգնում էր այս եկեղեցու դիմաց, աղոթում եւ հոգեւորականի օրհնությունն ստանում մարտադաշտ մեկնելուց առաջ: Այստեղից էլ եկեղեցին ստացել է «Զորաց եկեղեցի» անվանումը:

ՀՈԳԵՎՈՐ ՈՒԽՏ ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑՈՒՄՀաշվի առնելով այն հանգամանքը,  որ այս տարվա զորահանդեսին զորամասերի գնդերեցները հանդես եկան որպես լիիրավ մասնակիցներ՝ պաշտպանության նախարարի հրամանով նրանք եւս գերատեսչական պարգեւների եւ պատվոգրերի էին ներկայացվել: Ուխտագնացության օրը եկեղեցու ժամերգությունից հետո ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը հանդիսավոր կերպով պարգեւները հանձնեց նրանց:

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքերով՝ սա կարեւոր մի ուխտ էր, որով իրենք ոգեկոչեցին Աստծու արքայությունում այն բոլոր հանգրվանածներին, ովքեր հանուն հայրենիքի զոհվել են մարտադաշտերում: Մեկ անգամ եւս նշվեց, որ գնդերեցներն այսօր էլ շարունակում են հայրենիքի պաշտպաններին Աստծու խոսքն ու պատգամները փոխանցելու սրբազան առաքելությունը:

-Ես միշտ զուգահեռներ եմ անցկացնում բանակի ու եկեղեցու միջեւ՝ իբրեւ երկու սրբազան տաճարների,- ասաց Տեր Վրթանեսը:- Այս տաճարներից յուրաքանչյուրը հենվում է խորհրդանշական սյուների վրա: Եկեղեցու հիմնասյուները մեր սրբազան առաքյալներն են, իսկ եկեղեցին հիմնվում է մարտիրոսների թափած արյան վրա: Նույնն էլ մեր տղաների թափած արյունն է, որի վրա հիմնվում է մեր բանակը, իսկ բանակի զորավոր հիմնասյուները զորատեսակներն են:

Մեր նախնիները Զորաց եկեղեցին կառուցել են, որպեսզի զորքը հաղորդություն ստանա, մկրտվի հաղթական պատերազմի գնալուց առաջ: Ես հույս ունեմ, որ գնդերեցներն այսօր այստեղից ոգեւորված կհեռանան եւ կշարունակեն իրենց ծառայությունը՝ մեր աղոթքն ու սերը տանելով զինվորներին եւ սպաներին:

ՀՈԳԵՎՈՐ ՈՒԽՏ ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑՈՒՄԶորքերում հոգեւոր դաստիարակության կարեւորության, հոգեւոր ծառայության եւ օրվա խորհրդի մասին իր խոհերն արտահայտեց  նաեւ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը:

-Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է իր կյանքը վերաիմաստավորելու համար գոնե կիրակնօրյա պատարագներին մասնակցի եւ Սուրբ հաղորդություն ստանա: Արդեն ինը տարի է, ինչ  սա կենսաձեւ է դարձել իմ եւ օջախիս անդամների  համար: Պատարագից պատարագ, հաղորդությունից հաղորդություն ես  նորոգվում եմ հոգով ու ոգով եւ զորացած դուրս եմ գալիս եկեղեցուց:  Հոգեւոր սպասավորության դերը մեր զորքերում հսկայական է: 19 տարի է, ինչ այն դարձել է մեր բանակի առօրյայի կարեւոր մասը: Այսօր զորքերում  ունենք մեծ թվով  սերմնացան գնդերեցներ, որ արդեն մեծ ու հարուստ կենսագրություն ունեն այս ոլորտում: Ես անձամբ հետեւում եմ բոլորի գործունեությանը,  ու մենք նրանց աշխատանքը գնահատելու, խրախուսելու առիթը բաց չենք թողնում:

Շատ կարեւոր է, որ մեր զինվորները՝ ժամկետային զինծառայողները, իրենց երկամյա ծառայության ընթացքում, զորքերում հոգեւորականների  հետ շփվելով, հոգեւոր գիտելիքներ են ստանում, ձեռք են բերում հոգեւոր կյանքի նոր ըմբռնում: Երկամյա ծառայության ընթացքում զինվորներից շատերը, դարձի գալով, մկրտություն են ստանում զորամասերի մատուռներում եւ հարակից եկեղեցիներում:

Այն, որ հայոց բանակի գնդերեցներն իրենց պատրաստակամությամբ, ձգվածությամբ, ճկունությամբ հասել են նրան, որ զորահանդեսի ժամանակ շարային քայլքով քայլում են ստորաբաժանումների հետ համընթաց, հաստատում է այս ծառայության ոչ միայն գլխամասային է, այլեւ առաջնորդողի դիրքերում լինելը:

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #43 (1163) 02.11.2016 - 08.11.2016, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


02/11/2016