ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում:
Ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է զորամասերում հանցագործությունների և պատահարների կանխարգելման ու նվազման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի և միջոցառումների վերաբերյալ: Ներկայացրել է զորամասերի հրամանատարության հետ համատեղ աշխատանքների արդյունքում արձանագրված դրական միտումները՝ ընդգծելով, որ ռազմական ոստիկանության որդեգրած մարտավարության և իրականացված օպերատիվ միջոցառումների շնորհիվ զինված ուժերում էապես նվազել են կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերն ու ծանր հանցագործությունները:
Տարաբնույթ միջոցառումներ են իրականացվել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների առաջացմանը նպաստող պատճառներն ու պայմանները ժամանակին հայտնաբերելու և նախականխելու համար: Դրան զուգահեռ շոշափելի արդյունքներ են գրանցվել բանակին հասցված նյութական վնասների հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ: Սամվել Ղուկասյանը հավաստիացրել է, որ ռազմական ոստիկանները հետևողական են զինված ուժերում առկա արատավոր երևույթների ու բարքերի դեմ պայքարում:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել և դրական է գնահատել ռազմական ոստիկանների աշխատանքը՝ շեշտելով առկա ռեսուրսներն ու ներուժը առավել արդյունավետ և նպատակային օգտագործելու, ինչպես նաեւ արձանագրված հաջողություններով չսահմանափակվելու անհրաժեշտությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև ռազմական ոստիկանության ծառայության կազմակերպմանն առնչվող հարցերի, առաջադրել է որոշակի խնդիրներ: