ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նոյեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան–Ֆրանսուա Շարպանտիեին:
Դեսպան Շարպանտիեն շնորհավորել է Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն պաշտոնավարման ընթացքում:
Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորել է Ֆրանսիայի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկիր: Անդրադառնալով պաշտպանական բնագավառում համագործակցությանը՝ կողմերը փաստել են, որ փոխգործակցությունը պաշտպանության՝ հատկապես միջազգային խաղաղապահության ոլորտում, զարգացման մեծ ներուժ ունի՝ հաշվի առնելով երկու երկրների միջև առկա միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել պաշտպանության ոլորտում համագործակցության և ռազմաքաղաքական մակարդակում պարբերական երկկողմ շփումների աշխուժացման ուղղությամբ:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում