Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ՕՐԱԿԱՐԳ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ



ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ՕՐԱԿԱՐԳ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մինչև տարեվերջ մտադիր է այցելել Ադրբեջան: Հատկանշական է, որ այցի ստույգ ժամկետները դեռ նշված չեն, բայց այն կարող է մոտ լինել  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ Հայաստան այցի ժամկետներին: Թել Ավիվն ու Բաքուն կարծես փորձում են հավասարակշռել տարածաշրջանային իրավիճակը՝ ավելի սերտացնելով համագործակցությունը:

Վերջին տարիներին Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերություններն ընդլայնվել են ոչ միայն անվտանգության, այլև էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության, զբոսաշրջության ոլորտներում: Իսրայելը դարձել է Ադրբեջանի 5-րդ առաջատար առևտրային գործընկերը: Այսօր Իսրայելի օգտագործած նավթի կեսը առաքվում է Ադրբեջանից, իսկ Բաքուն շարունակում է միլիարդավոր դոլարների պաշտպանական տեխնոլոգիաներ գնել Իսրայելից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  բնութագրմամբ՝  Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերություններն այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքին:

Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը դրականորեն նպաստում են Ադրբեջանի հրեական համայնքը և այլ կառույցներ, ինչպես նաև Իսրայելում գործող ադրբեջանական նմանատիպ օջախները: Այսպես՝ Ադրբեջանում գործում են հրեական բազմաթիվ կազմակերպություններ, դպրոցներ, սինագոգներ, կրթական-մշակութային միություններ, որոնց թվում «Սոխնութ» գործակալությունը, բարեգործական «Հեսեդ-Հերշոն» կազմակերպությունը, հասարակական-մշակութային JCC կենտրոնը, երիտասարդական «Գիշել» ակումբը, բացի այդ, Բաքվում լույս են տեսնում «Մեր Իսրայել», «Օր-Շելյանու» թերթերը: Դրան զուգահեռ, աշխույժ է նաև ադրբեջանական համայնքը Իսրայելում, որը համախմբված է Մերձավոր Արևելքի ադրբեջանցիների կոնգրես կոչվող կազմակերպության շուրջ: Վերջին տասը տարվա ընթացքում Իսրայելը դարձել է Ադրբեջանի 5-րդ առաջատար առևտրային գործընկերը:

Նեթանյահուն նախորդ անգամ այցելել էր  Ադրբեջան Հեյդար Ալիևի օրոք՝ 1998 թվականին: Այդ հանդիպման արդյունքում ծնվեց Բաքու – Ջեյհան նավթամուղի գաղափարը, որի նախագիծը պաշտոնապես ներկայացրեց 1999-ի փետրվարին, եւ որում ներգրավված էին Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան: 2010 թ. նախագծի իրականացումը կասեցվեց Թել Ավիվի ու Անկարայի միջև հարաբերությունների վատթարացումից, և Ադրբեջանը, փաստացի, այսօր միակն է, որը շահագրգռված է այդ նախագծի իրականացմամբ: Եվ ներկայումս Ադրբեջանն սկսել է շահել Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վերականգնումից:

Թուրք-իսրայելական հարաբերությունների վերականգնումը թույլ կտա Բաքվին Իսրայել-Ադրբեջան ձեւաչափը` (այդ թվում էներգետիկ-տրանսպորտային), դարձնել գոնե եռակողմ` Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել:

Նեթանյահուի ծրագրվող այցի շրջանակներում, բացի առևտրային պայմանավորվածություններից, բնականաբար ձեռք կբերվեն նաև համաձայնություններ ռազմական և ռազմաքաղաքական ոլորտներում: Բաքուն և Թել Ավիվը կամփոփեն Իրանի նախագահի Երևան կատարվելիք այցի հեռանկարները և ըստ այդմ՝ կկազմեն համագործակցության իրենց ճանապարհային նոր քարտեզը: Սդրբեջանա-իսրայելական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում չի բացառվում, որ Ադրբեջանն Իսրայելից նորից մի քանի միլիարդ դոլարի նորագույն սպառազինություն կգնի: Փաստորեն, Թել Ավիվը տարածաշրջանում կհրահրի սպառազինությունների նոր մրցավազք:

Արդեն իսկ վերջերս Ադրբեջանի ՊՆ-ը ներկայացրել է Իսրայելից գնված Sand Cat զրահամեքենաները: Գնվել է այդ զրահամեքենաների առնվազն 4 տեսակ: Մեքենաները հագեցած են Mini Samson մարտական մոդուլով, Rafael ֆիրմայի արտադրության 12.7 մմ տրամաչափի NEVT գնդացիրներով: Մեկ այլ զրահամեքենայի վրա տեղադրված է Samson MLS մարտական մոդուլը` կառավարվող հակատանկային հրթիռային Spike LR համակարգով: Samson MLS մոդուլը հագեցած է օպտիկական համակարգերով և լազերային հեռաչափերով, որոնք թույլ են տալիս հետևել թիրախին ցանկացած եղանակային պայմաններում:

Այնուամենայնիվ, Բաքվի ախորժակն այս տարի կարող է ավելի համեստ լինել, քանի որ ագգային արժույթը նավթի գների անկման պարագայում հայտնվել է շատ անկայուն վիճակում: Սոցիալ-տնտեսական իրավիճակի բարդացումից խուսափելու համար Ադրբեջանը թերևս ձեռք կբերի սակավաթիվ, բայց որակապես նոր՝ ամենավերջին տեխնոլոգիաներով կառուցված տեխնիկա՝ միաժամանակ շեշտը դնելով այն սպասարկող անձնակազմի որակական հատկանիշները բարձրացնելու վրա: Չի բացառվում, որ ռազմական համագործակցության շրջանակում Ադրբեջան նաեւ ավելի շատ իսրայելցի մասնագետներ կժամանեն:

Բաքուն չի կարող բացահայտ միանալ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի առաջնորդությամբ հակաշիական-հակաիրանական դաշինքին, որի գաղտնի ջատագովն է Իսրայելը, բայց չի կարող նաև անմասն մնալ: Իր հերթին Մոսկվան պարտադրում է Բաքվին ավելի արագ կողմնորոշվել Եվրասիական տնտեսական համագործակցությանը անդամագրվելու հարցում, իսկ դա հակասում է հակաշիական դաշինքին միանալու նրա մտադրությանը, և, ըստ այդմ, կրկին կասկածի տակ դնում Բաքու – Ջեյհան նավթամուղի ապագան: Միաժամանակ Իսրայելն սկսել է ավելի աշխուժացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունների ներսում, ինչը Թեհրանի եւ Թել Ավիվի միջեւ դիրքորոշումների որոշակի մերձեցում է նշանակում: Բացի այդ, Կարմիր ծովի վրայով Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը իրար կապող 18-կիլոմետրանոց կամրջի շինարարությամբ Իսրայելի հետաքրքրվածությունը վկայում է, որ Թել Ավիվը փոխում է իր դիրքորոշումը Բաքու – Ջեյհան նավթամուղի հարցում, սևեռվելով  այլ, առավել ապահով ուղղությունների վրա: Դրանով Ադրբեջանի տարածաշրջանային նշանակությունը կարող է մեծ անկում ապրել:

Թուրքիայի ներքին կյանքում վերջին իրադարձությունները և թուրք-իրաքյան պատերազմի հավանականության մեծացումը (ոչ առանց Իրանի մասնակցության) ստիպում են Թել Ավիվին կենտրոնանալ Իրանի ցանկացած քայլերի վրա: Բնական է, որ Իրանի նախագահի անցը Երևան ընկալվում է Իսրայելում որպես լրջագույն ռազմաքաղաքական քայլ… Իսկ Բաքուն դեռ շարունակում է մնալ Կասպից ծովի ավազանում Թել Ավիվի եթե ոչ միակ, ապա հավատարիմ դաշնակիցը:

Ցավոք, չի կարելի բացառել, որ աշխարհաքաղաքական իր դերակատարությունը Իրանին և Հայաստանին ցուցադրելու նպատակով Իսրայելը կարող է դրդել Ադրբեջանին նոր արկածախնդրության՝ նույնիսկ Իրանի նախագահի սպասվելիք այցի օրերին:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #44 (1164) 09.11.2016 - 15.11.2016, Ռազմաքաղաքական


09/11/2016