ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ…
Օսմանյան բռնապետության դեմ հայ ազգային-ազատագրական ուժերի պայքարին նվիրված հուշերում, աշխատություններում, փաստաթղթերի և նյութերի ժողովածուներում, գիտական հոդվածներում հիշատակվում և ստույգ օրինակներ են բերվում թուրքական հատուկ ծառայությունների ծավալած գործունեության մասին, որոնք նպատակ են ունեցել վիժեցնելու հայերի ազատագրական նկրտումները: Այս հիմնահարցի լուսաբանմանն է նվիրված պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Հատիկյանի մենագրությունը: Հեղինակը զարգացնում է այն կարևոր միտքը, որ օսմանյան գաղտնի ծառայությունների ժառանգորդը հանդիսանում է մեր օրերի Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (Milli Istihbarat Teskilati):
Մենագրության արժեքավոր և կարևոր հատկանիշներից մեկն էլ այն է, որ Հ. Հատիկյանն օգտագործել է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության արխիվային նյութերը, որոնք գաղտնազերծվել են վերջերս:
Հայաստանի ազգային արխիվում հաջողվել է գտնել վավերագրեր Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական (Կովկասյան) ռազմաճակատում հայ հետախույզների ծավալած գործունեության մասին: Այդ մասին համապատասխան վկայություններ կան Հայկական I Հատուկ հետևակային բրիգադի հրամանատար, գեներալ Նիկոլայ Մորելի (1869-1920) անտիպ հուշերում:
Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության հետախուզական ստորաբաժանման գործունեությունը, Հ. Հատիկյանը գալիս է այն եզրակացության, որ հետախույզները 1920 թ. թուրքական հարձակման նախօրյակին բավականին արժեքավոր տեղեկություններ են հաղորդել կառավարությանը, և որ «ինչ-ինչ պատճառներով դրանք կամ ուշացումով էին տեղ հասնում, կամ էլ ղեկավարության կողմից համապատասխան վերաբերմունքի չէին արժանանում»:
Գրքույկի բովանդակությունից հետևում է, որ օսմանյան հետախուզական ծառայությունը՝ «Յըլդըզը» հիմնել են բրիտանացիները: Հավանաբար, այս և այլ պատճառներով է, որ Մեծ Բրիտանիան թշնամաբար էր վերաբերվում օսմանահպատակ ազգային փոքրամասնությունների՝ հատկապես հայերի ազգային-ազատագրական շարժմանը և մշտապես օժանդակում էր սուլթանական կառավարության հակահայ քաղաքականությունը:
«Յըլդըզն» ուներ լայն գործակալական ցանց, որը ամենուրեք փնտրում էր հայ ազատագրական գործիչներին, ինչպես այն ժամանակ նրանց անվանում էին՝ հեղափոխականներին: 1891 թ. մարտի 22-ի Կարինի (Էրզրում) ռուսական հյուպատոսարանի աշխատակցի զեկուցագրից տեղեկանում ենք, որ մատնության հետևանքով Մուշում ձերբակալվել են 70 հայեր, որոնք ցանկանում էին ռուսական հպատակություն ընդունել:
Օսմանյան հետախուզական ծառայության վերաբերյալ տեղեկությունների սակավությունը բացատրվում է այն հանգամանքով, որ երիտթուրքերը իշխանությունը զավթելուց հետո՝ 1913 թ. Էնվեր փաշայի հրամանով բոլոր փաստաթղթերը ոչնչացրել են: Պահպանված որոշ փաստաթղթերի պատառիկներ և ժամանակակիցների հուշերը հնարավորություն են տալիս որոշ պատկերացում կազմելու «Յըլդըզ» հետախուզական կառույցի մասին: Այդ համակարգում գործել են գաղտնի ծառայությունների երեք ստորաբաժանումներ: Դրանցից գլխավորը ենթարկվում էր Ֆեհմի փաշային, որն ուներ լայն լիազորություններ՝ կարող էր հրամայել խուզարկություններ կատարել ցանկացած անձի բնակարանում՝ անկախ նրա հասարակական դիրքից ու պաշտոնից:
Հայ ազատագրական շարժումը, որը Բեռլինի վեհաժողովից հետո սկսում է հիմնել իր կազմակերպությունները, սկզբնապես գործում էր ոչ պրոֆեսիոնալ կազմով. որոշ դեպքերում նրա շարքերն էին թափանցում սուլթանական գաղտնի ոստիկանության գործակալներ: Այսուհանդերձ, հայ գործիչները աստիճանաբար ոչ միայն անհրաժեշտ փորձ էին ձեռք բերում, այլև հայտնաբերում էին մատնիչներին ու պատժում:
Հայ ազատագրական ուժերն իրենց հերթին օգտագործում էին Օսմանյան կայսրության թշնամի պետությունների հնարավորությունները: Հայտնի է, որ Բեռլինի վեհաժողովից հետո Բուլղարիան համարվում էր կայսրության վասալ պետություն և ձգտում էր վերջնականապես թոթափելու թուրքական տիրապետությունը, ուստի հովանավորում էր հակաթուրքական ուժերին: Բուլղարացիները հայ գործիչներին ապահովում էին կեղծ անձնագրերով, թույլ էին տալիս իրենց տարածքով տեղափոխել զենք-զինամթերք: Ավելին, բուլղարական կառավարությունը թուքերից գաղտնի թույլ է տալիս հայերին Դուբնիցայի, ապա Ռոդոմետի շրջանում 1906 թ. նոյեմբերին կազմակերպել սպայական դպրոց:
Թուրքական հետախուզությունը, որը Բուլղարիայում իր հավատակիցներից ստեղծել էր գործակալական լայն ցանց, շուտով տեղեկանում է դպրոցի մասին և պահանջում է փակել դպրոցը: Համանման պահանջով է դիմում նաև Սոֆիայում ռուսական դեսպանորդը: Հայտնի է, որ այդ տարիներին ռուսական կառավարությունը վարում էր ընդգծված հակահայ քաղաքականություն, որը պայմանավորված էր 1903 թ. հայերի ելույթներով և ռուսական իշխանությունների հրահրած հայ-թաթարական ընդհարումներով: 1907 թ. դպրոցը լուծարվում է: «Յըլդըզը» հատկապես ակտիվ է գործում 1890-ական թթ. հայկական ջարդերի ժամանակ:
Քննելով 1890-ականների կոտորածների հետևանքները՝ Հ. Հատիկյանը հանգում է այն եզրակացության, որն էլ թույլ է տալիս ասելու՝ կիրառվել են օսմանյան հատուկ ծառայություններին բնորոշ գործողություններ, որոնք բանեցրել է նաեւ երիտթուրքերի ստեղծած «Հատուկ կազմակերպությունը» 1914-1916 թթ. հայերի ցեղասպանության ժամանակ:
Մենագրության մեջ մանրակրկիտ լուսաբանվում է երիտթուրքական կառավարության հայասպան գործելակերպը, որի արդյունքում բանտերից ազատ են արձակվում քրեական ծանր հանցագործները, որոնք էլ համալրում են «Հատուկ կազմակերպության» շարքերը և իրականացնում են ամենավայրագ ջարդերը:
Հեղինակը հարկ է համարում նշել, որ, անկախ ամեն ինչից, Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական ռազմաճակատում հայ հետախույզները զգալի դերակատարություն են ունեցել եւ արժանի են բարձր գնահատականի:
Կարծում ենք, որ Հակոբ Հատիկյանի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների համար, քանի որ ներկայացված փաստերն ու վերլուծությունները արդիական են նաև մեր օրերում:
Ռուբեն Սահակյան
պատմական գիտությունների դոկտոր
Խորագիր՝ #44 (1164) 09.11.2016 - 15.11.2016, Հոգևոր-մշակութային