Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ



(1919 թ. նոյեմբեր)

 

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸՀայաստանի Հանրապետությունը Անտանտի, հետևաբար Անգլիայի դաշնակիցն էր: Ելակետ ունենալով այդ իրողությունը՝  Հայաստանի ղեկավար շրջանները, կարելի է ասել միամտաբար,  հավատում էին, որ հարևան մահմեդական տերության հետ ունեցած վիճելի հարցերում դաշնակից տերությունները կպաշտպանեին Հայաստանին:

Իհարկե, դրա համար կային որոշակի հիմքեր: Հայության ու նրան առաջնորդող ուժերի համար, որոնք մեծ խանդավառությամբ էին ընդունել բրիտանական ռազմական ուժերի մուտքը Անդրկովկաս, չափազանց դժվար էր սթափ ու միանշանակ կողմնորոշվել բրիտանական երկդիմի քաղաքականության համատեքստում ու կատարել անհրաժեշտ հետևություններ և առաջնորդվել կենսունակ ու գործուն մարտավարությամբ:

Ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված Ղարաբաղի և Զանգեզուրի հարցում Կովկասում հաստատված անգլիացիների ու նրանց գերագույն գեներալ Թոմսոնի համանման  դիրքորոշումը:

Անգլիացիները Անդրկովկասում առաջնորդվում էին իրենց շահերով, նախ և առաջ ձգտելով տիրանալ Բաքվի նավթին: Այսուհանդերձ, ի տարբերություն հայկական կողմի,  Ադրբեջանի ղեկավար շրջանները Անգլիայի դիվանագիտական ու զինվորական ներկայացուցչությունների  նկատմամբ արդեն հասցրել էին դրսևորել իրենց կարգավիճակին համահունչ ու համակողմանիորեն հաշվարկված մոտեցումներ` գործելով առավել արդյունավետ ու ավելի խորամանկ մարտավարությամբ:

Գեներալ Թոմսոնի ու նրա հաջորդների դիրքորոշման գործում որոշակի ազդեցություն են ունեցել նաև Անդրկովկասում հաստատված անգլիացի ղեկավար գործիչների նկատմամբ Ադրբեջանի վարչապետ Ֆաթալի Խան-Խոյսկու և նրա գլխավորած վարչակազմի դրսևորած դիվանագիտական ճկուն քայլերը, խորամանկ ու սիրաշահող վերաբերմունքը:

«Մինչև դեկտեմբեր,- գրում է պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը,- ադրբեջանական պետական գործիչները հաջողեցին շահել բրիտանական հրամանատարության համակրանքը: Ժողովրդավարական սկզբունքներին Ադրբեջանի հանրապետության նվիրվածությունը ապացուցելու համար նրանք հիմնեցին ազգային խորհրդարան»:

Շահելով գեներալ Թոմսոնի համակրանքն ու վստահությունը՝ Ադրբեջանի վարչապետ Ֆաթալի Խան-Խոյսկին կարողանում է համոզել գեներալ Թոմսոնին Արցախ-Զանգեզուրի գեներալ-նահանգապետ նշանակվել դոկտոր Խոսրով Բեկ Սուլթանովին:

Կովկասում Անգլիայի ներկայացուցչության միակողմանի, հօգուտ Ադրբեջանի վարած քաղաքականությունը դժվարագույն խնդիրներ ու անհանդուրժելի պայմաններ է առաջադրում ՀՀ կառավարությանը Զանգեզուրի և Արցախի հարցում:

Ի պատասխան այդ որոշման՝ հունվարի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Ս. Տիգրանյանը «…վճռական բողոք ուղարկեց Ադրբեջանի կառավարությանը՝ հայտարարելով, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը Հայաստանի անբաժան մասն են»:

Այս հարցում անգլիական կողմի դիրքորոշումը միանշանակ էր: Որևէ ուշադրության չարժանացնելով ՀՀ կառավարության բողոքին, իրենց վճիռը կրկին անգամ հաստատելու նպատակով Բաքվում տեղակայված անգլիական զորքերի հրամանատար, գեներալ Շատելվորտը ապրիլի 3-ին հրապարակում է հետևյալ հայտարարությունը. «Անգլիական հրամանատարությունը հայտարարում է ի գործադրություն Շուշի, Զանգեզուր, Ջիբրայիլ և Ջիվանշիր գավառների բովանդակ ազգաբնակչության, որ՝ 1. Ադրբեջանի կառավարության 1919 թ. հունվ. 15-ի  որոշումով դր. Սուլթանովը նշանակված է Շուշի, Զանգեզուր, Ջիբրայիլ և Ջիվանշիր գավառների ընդհանուր նահանգապետ և վայելում է անգլիական հրամանատարության աջակցությունը…»:

Անգլիացի զինվորականների ուղեկցությամբ փետրվարի 10-ին դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովը ժամանում է Շուշի և անթաքույց հայտարարում, որ ինքը Արցախ է եկել հայերի դիմադրությունն ընկճելու և Ադրբեջանի իշխանությունը Արցախում ու Զանգեզուրում հաստատելու նպատակով:

Ըստ արժանվույն պիտի գնահատել անգլիացիների ու Ադրբեջանի իշխանությունների կողմից կրկնվող ճնշումներին ու սպառնալիքներին հաստատակամորեն դիմակայող արցախահայության անհողդողդ կամքն ու վճռականությունը: Ադրբեջանի և ընդհանուր նահանգապետ Խոսրով բեկ Սուլթանովի գերիշխանությունն Արցախում հաստատելուն միտված անգլիացիների ձեռնարկած բոլոր փորձերը տապալվում են՝ հանդիպելով  արցախահայության վճռական դիմադրությանը:

Ի պատասխան անգլիացիների և Խոսրով բեկ Սուլթանովի  ներկայացրած վերջնագրի՝  արցախահայությունը փետրվարի 12-ին  գումարում է իր հերթական 4-րդ համագումարն ու մերժում իրենց ներկայացրած Ադրբեջանի իշխանություններին ենթարկվելու պահանջը:

1919 թ. ապրիլին Կովկասում Անգլիայի առաքելության ղեկավար, գեներալ Թոմսոնին փոխարինում է գեներալ Շատելվորտը:

Գեներալ Շատելվորտի գործուն աջակցությամբ Սուլթանովն իր իշխանությունը Արցախում և Զանգեզուրում հաստատելու նպատակով որդեգրում է հայությանը սիրաշահելու, կեղծ խոստումներով ապակողմնորոշելու ու համոզելու մարտավարություն:

Ժամանակը միանշանակորեն ցույց տվեց, որ իզուր էին համանման ճանապարհով Ադրբեջանի իշխանությունը Արցախում հաստատելուն նպատակաուղղված  անգլիացիների ու Սուլթանովի գործադրած բոլոր ջանքերը: Հանդիպելով արցախահայության վճռական դիմադրությանը՝ գնդապետ Շատելվորտը ապրիլի 23-ին մեկնում է Շուշի՝ անձամբ պարտադրելու արցախցիներին ընդունել Ադրբեջանի  իշխանությունը:

Պատմությունը կրկնվում է. արցախահայությունը բնավ ուշադրության չարժանացնելով գնդապետ Շատելվորտի սպառնալիքները ու պահանջները՝ 1919 թ. ապրիլի 23-ին  Շուշիում գումարում է Արցախի հերթական 5-րդ համագումարն ու վճռականորեն մերժում անգլիական հրամանատարության կողմից իրեն ներկայացրած Ադրբեջանի իշխանությունն ընդունելու որոշումը:

Անգլիացիներն ու նրանց առաջարկությամբ Արցախ-Զանգեզուրի ընդհանուր նահանգապետի պաշտոնն ստանձնած  դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովը համանման սցենարով ու մարտավարությամբ էին առաջնորդվում նաև Զանգեզուրում:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի զավթողական նկրտումները Զանգեզուրի նկատմամբ առավել ուժգնությամբ է դրսևորվում հատկապես այն ժամանակ, երբ անգլիացինների պահանջով ու հարկադրանքով Անդրանիկն ու նրա գլխավորած զորքը ավելորդ ընդհարումների տեղիք չտալու նկատառումով՝ 1919 թ. ապրիլին թողնում են Զանգեզուրի տարածքը: Զանգեզուրում Անդրանիկի ու նրա զորքի ներկայությունը ոչ միայն մեծապես նպաստում է գավառի մարտական ուժերի կազմավորմանն ու բնակչության անվտանգության ապահովմանը, այլև տեղի ինքնապաշտպանական ուժերի հետ միասին, կաշկանդող հզոր ուժ էր ընդդեմ Զանգեզուրի նկատմամբ Ադրբեջանի որդեգրած զավթողական նկրտումների:

Քանի դեռ ՀՀ կառավարությունն ի զորու չէր ռազմական ծանրակշիռ ուժեր ուղարկելու Զանգեզուր, ուստի անհրաժեշտ էր Զանգեզուր գործուղել կարող, կազմակերպական ու ռազմագիտական ակնառու կարողություններով օժտված գործիչներ, որոնք կկարողանային արժանիորեն փոխարինել Անդրանիկին ու նրա զինակիցներին:

Խոսրով բեկ Սուլթանովին Արցախ-Զանգեզուրի նահանգապետի պաշտոնում նշանակելը չէր կարող չմտահոգել ՀՀ կառավարությանը: Վերոհիշյալ դեպքերի թելադրանքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր ընդունած  որոշմամբ (1919 թ. հունվարի 21), ստեղծում է Արցախ-Զանգեզուրի ժամանակավոր վարչություն, իսկ կապիտան Արսեն Շահմազյանին նշանակում Արցախ-Զանգեզուրի գեներալ-կոմիսար (գեներալ-նահանգապետ):

Ինչպես սպասվում էր, Արսեն Շահմազյանին Արցախ-Զանգեզուրի գեներալ-նահանգապետի պաշտոնում նշանակելը բուռն խառնաշփոթություն է առաջ բերում Ադրբեջանի ղեկավար կազմի և Կովկասում եղած անգլիացիների շրջանում:

Ժամանակը միանշանակ ցույց տվեց, որ այդ նշանակումն ավելի քան տեղին էր ու արգասաբեր: Գեներալ-նահանգապետի պաշտոնում Արսեն Շահմազյանն իրեն դրսևորում է որպես ոչ միայն շնորհալի, կարող կազմակերպիչ ու ժողովրդական առաջնորդ, այլև քաջարի և տաղանդավոր զորահրամանատար:

Շարունակելի

 

Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆ,

պատմական գիտ. դոկտոր,

պրոֆեսոր

Խորագիր՝ #44 (1164) 09.11.2016 - 15.11.2016, Պատմության էջերից


09/11/2016