ԱՌԱՆՑ ԶՈՀԵՐԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
-Ապրիլի 1-ին հերթափոխը հանձնեցի ու իջա դիրքերից: Ապրիլի 2-ի գիշերը տանը երեքով էինք` ես, ընկերս` Նելսոնը, որը դասակի հրամանատար է, ու հայրս, որը եկել էր ինձ տեսնելու: Երևի ժամը երկուսի կողմերն էր, արթնացա ուժեղ դղրդոցից: Մտածեցի` երկրաշարժ է: Արագ դուրս եկա պատշգամբ. երկինքը կարմիր էր: Հրետակոծում էին՝ երևի րոպեում 100 արկ ուժգնությամբ: Արթնացրի ընկերոջս: Մինչև հագնվեցինք` զորամասից զանգեցին: Ասացին, որ հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել երեք ուղղությամբ` Թալիշ, Մարտակերտ, Ջեբրայիլ…
Համագյուղացիներն ասում էին, որ Աշոտ Երկաթը իրենց գյուղում է ծնվել, լճաշենցի է: Վահեն դեռ դպրոց չէր գնում, երբ առաջին անգամ տեսավ Աշոտ Երկաթի բերդը… Բերդի ավերակները՝ թմբի վրա, հոր պատմությունները…Ժամանակները խառնվել էին: Թվում էր` ավերակների խորքից ինչ-որ մեկը հետևում է իրենց զրույցին:Նույնիսկ լսում էր նրա շնչառությունը:
…Աշոտ Երկաթը կա: Որովհետև երկիրը պիտի արքա ու զորք ունենա: Թագավորական ծիրանիով, թագադիր Արքա, այրուձի… Արքան ու զորքը պիտի կռվեն ու հետ բերեն թշնամու խլած հողերը: Ու Արքան պիտի մարտադաշտում մեռնի:
Երբ մեծանամ, դառնալու եմ Աշոտ Երկաթ` ասում էր հորը: Հայրը ոնց որ թե չէր հավատում: Ու քանի որ հայրը չէր հավատում, նրան չէր պատմում, թե ինչպես է իր զորքը տանելու մարտի: Փակում էր աչքերը ու… տեսնում. ամեն ինչ: Կարմիր էին` հողը, երկինքը: Ամեն ինչ կրակի գույն ուներ: Ականջները փակում էր ու լսում ամեհի դղրդոցը: Զենքերը կրակում էին:
-Արագ հասանք զորամաս: Գումարտակի հրամանատար, մայոր Մալոյանը ասաց, որ հարձակման էպիկենտրոնը կապիտան Ուրֆանյանի դիրքն է: Նա դիրքը պաշտպանում էր իր 6 զինվորներով՝ կռվելով ավելի քան երկու հարյուր ադրբեջանցու դեմ: Երկու անգամ Ուրֆանյանը նահանջի հրաման էր ստացել, բայց չէր կատարել հրամանը, ասել էր` իմ բաժին հողը չեմ տալու: Հակառակորդը հարձակվել էր մեծ ուժերով: Մեր զոհերի թվի մասին տեղեկություն չկար:
«Պիտի փրկենք մեր զինակից ընկերներին, ու եթե հակառակորդը գրավել է դիրքը, պիտի ազատագրենք»: Հրամանատարը մի պահ լռեց, հետո ավելացրեց` «ամեն գնով»:
Ամեն ինչ ասված էր: Ամեն գնով` նշանակում էր կյանքի գնով, նշանակում էր՝ ապրել-մեռնելու հավանականությունը նույնիսկ 50-50 չէ: Ամեն գնով` նշանակում էր գնում ենք մեռնելու, բայց զինակից ընկերներին մենակ չենք կարող թողնել: Ու մինչև վերջին շունչը կռվելու ենք դիրքի համար: Ես շարեցի զորքս: Իմ տղաները: Մի պահ չգիտեի` ինչից սկսեմ: Հետո բառ առ բառ կրկնեցի մայոր Մալոյանի ասածը: «Ամեն գնով»: Նայեցի տղաներիս աչքերին: Ոչ մի խուճապ, ոչ մի վախ… կանգնած էին ձիգ, ամուր, աչքերում ինչ-որ անասելի-ամուր վճռականություն, որ նախկինում չէի տեսել:
Մայրը ուսուցչուհի էր: Թիվ 4 դպրոցում էր աշխատում: Իսկ թիվ 3 դպրոցը Արցախյան պատերազմի հերոսներից մեկի` գնդապետ Վլադիմիր Կարապետյանի անունն էր կրում: Սեպտեմբերի 1-ին Վահեին տարան թիվ 4 դպրոց: Հենց աչքները թեքեցին, փախավ դպրոցից: Ո՛չ քարոզն օգնեց, ո՛չ սպառնալիքը, ո՛չ էլ պատժվելու հեռանկարը: Ստիպված էին հաջորդ օրը տանել գնդապետ Վլադիմիր Կարապետյանի անվան դպրոց:
Աշոտ Երկաթը քիչ-քիչ պատմություն էր դառնում: Հիմա նոր ներշնչանք ուներ` հրամանատարը: Թագավորական ծիրանուն փոխարինելու եկավ զինվորական համազգեստը: Կարդում էր, ինչ ձեռքն էր ընկնում: Հայկական բանակի մասին, աշխարհի բանակների մասին, զենքերի, պատերազմների մասին: Ժամերով տնտղում էր զինվորական համազգեստը, բոլոր մանրուքները: Ու երազում էր… Մեծ զորք էր երազում, որ ծայրը չերևա, որ բոլորը լինեն ուժեղ, բարձրահասակ: Ինքը կանգնի զորքի առաջ ու գոռա` ի զեն: Ինչպես գոռում էին Արցախյան պատերազմի հրամանատարները գրականության ու պատմության դասագրքերում…
-Երբ զինվորներով լցված մեքենան շարժվեց, տղաները սկսեցին երգել: Բարձր էին երգում՝
Բազմել ես լեռներին, իմ քաջ Գետաշեն…
Աշխարհում ավելի գեղեցիկ, ցավոտ, հերոսական բան չկա, քան կռիվ գնացող զինվորի երգը… Երբ մոտեցանք դիրքերին, զինվորներիս դիրքավորեցի թշնամու հնարավոր առաջխաղացումը մերձակա ուղիներով կանխելու համար: Գումարտակի հրամանատար, մայոր Էդիկ Մալոյանը որոշում կայացրեց, որ ինքը, իր երկու տեղակալները` մայոր Հայկ Գալստյանը և մայոր Էդուարդ Թելյանը, ու ես պիտի մտնենք հարձակման ենթարկված դիրք, իսկ բուժակ, ավագ Ալիկ Հայրապետյանը և երկու վարորդները թիկունքից պիտի ապահովեին մեր անվտանգությունը գնդացրի կրակով…
Երբ ուզում էինք շարժվել, զինվորներս մոտեցան, թե` մենք էլ ենք գալիս հետդ, հրամանատար: Զինվորներս հասկանում էին, թե ինչ է նշանակում մտնել այդ դիրք, բայց ասում էին` քեզ մենակ չենք թողնի: Ու չէին ենթարկվում հրամանին: Մի կերպ տղաներիս հանգստացրի, ու շարժվեցինք առաջ: Ինչքան մոտենում էինք դիրքին, թշնամու հրետակոծությունն այնքան ուժեղանում էր:
…Մալոյանը առաջ անցավ: Մենք հետևում էինք նրան: Հանկարծ Մալոյանը կտրուկ շրջվեց ու հետ դարձավ: Մենք կանգ առանք: Երբ Մալոյանը հասավ մեզ, պատմեց.
-«Ինչ-որ մեկը կանչեց` պարոն մայոր, պարոն մայոր: Նայեցի ձայնի ուղղությամբ` խրամատում սերժանտ Ռոբերտ Աբաջյանն էր: Ձեռքով նշան արեց, հասկացրեց, որ մոտերքում դարանակալած ազերիներ կան: Եթե մի քիչ էլ առաջանայինք, չորսս էլ զոհվելու էինք» :
Մենք հետ դարձանք, բայց թուրքերը նկատեցին Ռոբերտին, իմացան տեղն ու սկսեցին խփել հենց նրա ուղղությամբ: Դիրքին մոտեցանք մեկ այլ ճանապարհով: Հետո խրամուղիով շարժվեցինք առաջ: Հանկարծ ուժեղ պայթյուն լսեցինք: Նռնակի պայթյուն էր: Հասկացանք, որ Ռոբերտ Աբաջյանը պայթեցրեց իրեն, որ գերի չընկնի:
…Դիրքը գրավված էր: Եթե չկասեցնեինք ադրբեջանցիների առաջխաղացումը, հետևանքներն անդառնալի կլինեին: Սկսեցինք կրակել: Մենք ավտոմատներով էինք, թշնամու կողմից աշխատում էին Կալաշնիկովի գնդացիրներ, ձեռքի հակատանկային նռնականետներ, ՀԱՆ-17, դիպուկահարներ, նռնակներ…
…Տեսա, որ մոտս ընդամենը 4 փամփուշտ է մնացել: Հրամանատարին ասացի: «Չկրակես, պահիր. մենք էլ հենց չորս հոգի ենք, հո գերի չենք ընկնելու».- պատասխանեց: Հետո ասաց. «Եթե համաձայն եք, զանգեմ գնդի հրամանատարին ասեմ, որ դիրքը հավասարեցնի հողին: Մենք այլևս չենք կարող դիմադրել, իսկ սրանք չպիտի առաջանան: Տղաներին կկոտորեն, էլ դեմն առնել չի լինի»: Յուրայինի գնդակից ենք զոհվելու, մեզ էլ հետը՝ դիրքը կհավասարեցնեն հողին՝ մտածեցի, ու սրտիս մեջ մի բան նվաց: Համաձայն եմ ՝ ես լսեցի սեփական ձայնս մյուս ձայների մեջ…
Մայոր Մալոյանը զանգեց հրամանատարին.
«Դիրքը գրավված է: Ամենայն հավանականությամբ` Ուրֆանյանի զորքը մինչև վերջին մարդը զոհվել է: Ադրբեջանցիները շուտով կառաջանան: Միակ ելքը այն է, որ դիրքը հավասարեցնեք հողին: Տղաները համաձայն են»:
Հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը մի պահ լռեց: Հետո մենք լսեցինք նրա ձայնը. «Դիրքը հողին կհավասարեցնեմ, երբ կապ տամ, ու ձեզնից ոչ ոք չպատասխանի: Քանի դեռ ձեզնից գոնե մեկը ողջ է, չենք խփի… »:
Արդեն բավականին մեծ էր, երբ դադարեց «բեմադրել» սեփական մահը: Իսկ մինչ այդ զոհվելու հարյուր տարբերակ էր հորինել: Դուրս է գալիս խրամատից մեն-մենակ, ավտոմատի չդադարող կրակահերթով գնում է դեպի թուրքերի ոհմակը, հազարավոր ավտոմատներ կրակում են իր վրա… Կամ սողոսկում է թշնամու թիկունք, ոչնչացնում հարյուրավոր թուրքերի, պայթեցնում հակառակորդի զինապահեստները ու…: Երբեք յուրայինի կրակից զոհվելու տարբերակը մտքով չի անցել: Հասկանում էր, որ այլընտրանք չկա, բայց ինչ-որ բան ներսում ճմլվում էր: Չէր ուզում յուրայինի գնդակից զոհվել …
-Հեռվում զոհված ազերիների մարմիններն էին, կողքին` զենքերը: Մայոր Մալոյանը սողալով առաջացավ, մի քանի ավտոմատ ու փամփուշտ բերեց: Ու սկսեցինք կրակել հակառակորդի զենքով: Մալոյանը հրակետից մի ադրբեջանցու խփեց: Երևի ադրբեջանցիների հրամանատարն էր, որովհետև անսպասելի խուճապ սկսվեց՝ աղմուկ, հարայ-հրոց: Սկսեցին փախչել: Մենք կրակում էինք, նրանք նահանջում էին` քարշ տալով զինակիցների դիակները: Երբ բավականաչափ հեռացան, սկսեցինք փնտրել մերոնց….
Ռոբերտ Աբաջյանն ու Անդրանիկ Զուրաբյանը չկային… Մյուս չորսի մարմինները դիրքում էին: Սլոյան Քյարամը իր հրամանատարի` Ուրֆանյանի կողքին էր: Ադրբեջանցիները չէին կարողացել իրենց բոլոր զոհերին տանել, ու նրանք էլ էին մեր դիրքում:
…Կդժվարանամ բառերով նկարագրել, թե ինչ էի զգում, երբ տղաներս դիմավորեցին ինձ: Հետո, երբ ամեն ինչ ավարտվել էր, զորքս շարեցի ու ներողություն խնդրեցի իմ զինվորներից: Ասացի` «կներեք. ես մտածում էի, որ իմ զորքի 20 տոկոսը միայն հաստատապես, առանց տատանվելու կյանքը կտա հայրենի հողի ու զինակից ընկերոջը փրկելու համար: Բայց տեսա, որ բոլորդ եք հերոսներ: Ներողություն եմ խնդրում…»:
Երբ Վահե Խաչատրյանը Ռազմական համալսարանը ավարտեց ու որպես դասակի հրամանատար, առաջին անգամ զորամաս մտավ, 20 զինվոր ուներ: Նրանց «իմ զորք» էր ասում: Ինստիտուտում շատ հրամանատարներ էր ունեցել, հիմա ինքն էր հրամանատար, ու աչքի առաջ էր ամենասիրելի հրամանատարի` վաշտի հրամանատար, մայոր, Արմեն Ղազարյանի օրինակը: Ուզում էր նրա նման հրամանատար դառնալ, նրա նման սիրված լինել: Ուզում էր, որ զինվորներն իրեն այնքան սիրեն, որքան ինքն էր սիրում մայոր Արմեն Ղազարյանին: Ու կաշվից դուրս էր գալիս: Զինվորների բոլոր հոգսերը իր վրա էր վերցրել: Որ զինվորը կուշտ լինի, համազգեստը հարմար լինի, ծխախոտ ունենա… Եթե զինվորը հոգնած է՝ խրամատը մի օր ուշ կփորեն, զինվորը պիտի հանգստանա: Եթե զինվորի գուլպան պատռվել է, ավելի լավ է՝ ինքը առանց գուլպայի մնա, քան զինվորը պատռված գուլպա հագնի: Եթե իր զինվորին ծառայակից ընկերը վիրավորել է, նշանակում է իրեն է վիրավորել: Եթե իր զինվորն իրեն լավ չի զգում բանակում, եթե պաշտպանված չէ, նշանակում է ինքը լավ հրամանատար չէ, առաջնորդ չէ: Ումի՞ց լսեց առաջին անգամ` զինվորը հայրենիքին է ծառայում, սպան՝ զինվորին: «Այնպես, ինչպես արքաներն են ծառայում ժողովրդին»` հավելեց իր կողմից ու միտքը ավարտուն դարձրեց: Նոր բառ է հորինել` զինվորասիրություն: «Զինվորասիրությունը հրամանատարի ամենակարևոր հատկանիշն է, մյուսները բխում են սրանից: Եթե զինվորասիրությունը կա, մյուս առաքինությունները կլինեն ինքնաբերաբար»:
-Զարմանալի մարդիկ են լրագրողները: Խոսքները մեկ արած հարցնում են` քեզ ի՞նչ տվեց Քառօրյա պատերազմը, ի՞նչ բացահայտում արեցիր, ի՞նչ փոխվեց քո կյանքում: Քառօրյա պատերազմն ինչ ոչինչ չտվեց, ես ընկերներ կորցրի, Ուրֆանյանի պես հերոսը զոհվեց: Ռոբերտ Աբաջյանի պես զինվորը չկա: Քյարամ Սլոյանի պես նվիրյալին կորցրինք…. Քառօրյա պատերազմը ոչինչ չփոխեց իմ կյանքում… Շարունակում եմ ապրել այնպես, ինչպես ապրել եմ: Թերևս պատերազմը օգնեց, որ հասկանամ, թե ինչ է երջանկությունն ինձ համար: Երջանությունն այն է, երբ զորքդ տանում ես մարտի ու ամբողջ կազմով դուրս ես բերում մարտից: Առանց զոհերի ու հաղթանակած:
Վահե Խաչատրյանը 2014թ. օգոստոսի մարտական գործողություններին մասնակցելու համար ԼՂՀ «Արիության մեդալ» ստացավ Արցախի նախագահից, Ապրիլյան քառօրյա պատերազմից մնաց Հայաստանի Հանրապետության «Արիության համար» մեդալը:
…Այնպիսի զգացողություն ունի՝ ասես մեդալները իր համազգեստն է ստացել, ոչ թե ինքը: Համազգեստը, որ բանակի խորհրդանիշն է, իր յուրաքանչյուր զինվորի խորհրդանիշն է:
– «Արիության մեդալ» կարող էր ստանալ իմ յուրաքանչյուր զինվորը, եթե նրան հրամայվեր գնալ թշնամու կողմից հարձակման ենթարկված դիրքը հետ գրավելու և զինակից ընկերներին փրկելու,- ասում է գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Վահե Խաչատրյանը:
Քառօրյա պատերազմի ժամանակ նա ընդամենը 24 տարեկան էր, վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ…
– Գիտե՞ք՝ ինչու է ադրբեջանական բանակը թույլ: Տեսեք՝ ինչքան մարդկային ու նյութական ռեսուրս ունի, բայց թույլ է …Երբ փոխանակում էինք զոհվածներին, մեր սպան ադրբեջանցի զինվորականին հարցրեց` քանի՞ զոհված զինծառայող եք թողել մեր տարածքում: Ադրբեջանցի հրամանատարը պատասխանեց՝ 15: Մինչդեռ մենք 21 ադրբեջանցի զինծառայողի մարմին տվեցինք նրանց: Նույնիսկ չգիտեին, թե քանի զոհ ունեն: Սա խոսում է զինվորի հանդեպ ադրբեջանցի հրամանատարի անհոգի վերաբերմունքի մասին: Իսկ հայ հրամանատարի համար մարտադաշտում զինվորի կյանքը թանկ է իր կյանքից…
Մեր զոհված զինվորները խոշտանգված էին, իսկ մենք թշնամու զինվորների մարմինները չէինք անարգել:
…Այս տարբերությունների մեջ է մեր ուժն ու թշնամու թուլությունը:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #44 (1164) 09.11.2016 - 15.11.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում