Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԻՐՈՒՄ



ՆՎԻՐՈՒՄՓոխգնդապետ Վազգեն Հակոբյանը շուրջ 20 տարի բանակում է: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ դրսեւորելով զինվորականին հատուկ հմտություն եւ կարողություններ:  Նվիրված ծառայությունը գնահատվել է բազմաթիվ պարգեւներով` «Մարտական ծառայության», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության» 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով:

 

-Զինվորական գործի հանդեպ սերս գալիս է մանկությունից: Քեռիս` Ռաֆիկ Ներսիսյանը, իսկական զինվորականի կատարելատիպ էր, ես նկատում էի, թե մարդիկ ինչ ակնածանքով, ինչ սիրով էին նայում նրան: Ինձ գրավում էր համազգեստը, ուսադիրների աստղերի փայլը: Հետո, երբ արդեն ռազմական համալսարանի 4-րդ կուրսում առաջին անգամ գործնական պարապմունքի գնացի զորամաս, ամբողջովին հասկացա` այդ փայլուն ուսադիրների հետևում որքան տքնանք կա, դժվարությունների տեղատարափ, պատասխանատվություն ու, անկասկած, անվերապահ նվիրում…

-Սպան կայանում է զորքերում, երբ թաթախվում է զորամասային առօրյայի մեջ:

-Ավարտելուց հետո նշանակվեցի ուսումնական զորամասում՝ որպես դասակի հրամանատար: Առաջին երկու ամիսները, չեմ կարող չխոստովանել, չափազանց դժվարին էին. զինվորներից շատերը հասակակից էին ինձ, բարձրագույն կրթությամբ, հեշտ չէ տարեկիցների ղեկավարել: Զորամասում ավագ, փորձառու սպաները շատ էին օգնում, աջակցում, ուղղորդում, ծանոթացնում բանակային կյանքի գրված և չգրված օրենքներին: Կամաց-կամաց հաղթահարում էի ծառայական կյանքի առաջին դժվարությունները: Մեկ տարի անց արդեն նոր նշանակում ստացա` առաջնագծում մարտկոցի հրամանատար:

-21-22 տարեկան էիք… Ձեր տարիքի տղաները սրճարաններում նստած թեժ զրուցում էին, մայրաքաղաքում կյանքը եռում էր, իսկ Դուք սահմանագծում` կտրված աշխարհից, աշխարհիկ մեծ ու փոքր հաճույքներից…

-Այնտեղ, որտեղ այդ  ժամանակահատվածում մարտական հերթապահություն էինք իրականացնում, բացակայում էին կենցաղային ամենատարրական պայմանները: Եղանակն էլ ոչ միշտ էր բարեհաճ` այրող արև, ոսկորներդ կտրող ցուրտ, քամի… Հիշում եմ` մոտ ընկերոջս հետ, որը մեր սպառազինության գծով տեղակալն էր, բարձրանում էինք դիրքեր` ոտքներս հազիվ կտրելով ցեխից (ցեխն էլ, Աստված տվել, չէր խնայել` էնքան կպչուն էր) ու զրուցում նման թեմաներով: Երևանցի տղերք, քաղաքից եկել-հասել ենք այստեղ, չգիտենք էլ` ճակատագիրը ինչ է մեզ համար նախատեսել, ով գիտե` թշնամու մի կույր գնդակ էս պահին մեզ է սպասում… Քաղաքում լրիվ ուրիշ է, էստեղ` ուրիշ: Ի՞նչն է մեզ պահում,- հարցնում էինք իրար…

Սիրում եմ գործս…

3,5 տարի ծառայելուց հետո նշանակվեցի գումարտակի շտաբի պետ: Այդուհետ մեկ այլ զորամասում ստանձնեցի գումարտակի հրամանատարի պարտականությունը: Որտեղ էլ որ ծառայել եմ, աշխատել եմ ամեն կերպ արդարացնել վստահությունը:

-2015թ. ՌԴ  Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո նշանակվեցիք գնդապետ Կ. Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալ:

-Մեր հակառակորդ երկրի ռազմատենչ հայտարարությունները, շփման գծում դիվերսիոն խմբերի գործողությունները ստիպում են լինել ավելի զգոն, է՛լ ավելի բարձրացնել զինվորի մասնագիտական վարպետությունը, կատարելագործել մեր մարտական կարողությունները: Մեր բուն գործը ուսուցումն է: Ես վերահսկում եմ մարտական պատրաստությունը, հետևում եմ, որ ստորաբաժանումները ըստ մարտական պատրաստության պլանի լիարժեք կատարեն հանձնարարությունները, լիարժեքորեն տիրապետեն մասնագիտական ունակություններին, կապավորը հստակ իմանա իր գործը,  հրաձիգը` իր… Ամենամյա պարապմունքներ ենք անցկացնում նաև սպաների հետ, թեման ընտրվում է` հաշվի առնվելով, թե ինչն է առավել անհրաժեշտ, որտեղ են մի փոքր թերացել… Բացի վերադաս հրամանատարության ստուգումներից, մենք ևս հանկարծակի ստուգումներով զորամասը մշտապես զգոն ենք պահում: Ստուգումների ժամանակ ի հայտ եկած բացթողումների վերացման ուղղությամբ հետևողական աշխատանք է կատարվում: Անցյալ տարի շարային վարժաձևից առաջին տեղը գրավեցինք ամբողջ ԶՈՒ-ում: Մեր տանկային գումարտակը վաշտի կազմով վարժաձևից ևս գրավեց առաջին տեղը:  Հուսով եմ` այս տարի նույնպես կարդարացնենք սպասելիքները: Ուզում եմ անպայման շեշտել, որ գրանցած ամեն հաջողության հետևում համատեղ, խմբային և փոխկապակցված աշխատանք է:

-Դուք ծառայել եք և՛ առաջնագծում, և՛ ուսումնական զորամասում: Կա՞ էական տարբերություն:

-Յուրաքանչյուր զորամաս ունի իր առանձնահատկությունները, իր բարդությունները: Բայց չեմ կարող չասել` մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի զինվորներն ավելի թրծված են: Ասես՝ քուրայի մեջ եփված լինեն: Մարտական հերթապահություն կատարող սպան էլ, զինվորն էլ էականորեն տարբերվում են: Ով ասֆալտի վրա է ծառայել, կոկիկ համազգեստով, հաստատ նրանց «ղադրը» չի իմանա. պիտի ապրես, թաթախվես, եփվես, նոր զգաս ու գնահատես…

-Պարոն փոխգնդապետ, սպա-զինվոր փոխհարաբերություններում ամենից շատ ի՞նչն եք կարևորում:

-Փոխադարձ հարգանքն ու վստահությունը: Սպան պետք է սկզբունքային լինի, հավասար, արդարամիտ վերաբերմունք ցուցաբերի իրեն ենթակա ծառայակիցների նկատմամբ: Լինի և՛ պահանջկոտ, և՛ ընկերական: Ես կարող եմ երկար թվարկել` կարեկից լինի, սրտացավ, ապրի նրանց հոգսերով: Կոպտությամբ խնդիր չես լուծի, գուցե վախենան ենթարկվեն, բայց հաստատ հարգանք չես վայելի:

Մարտական հերթապահություն իրականացնող զինվորի հանդեպ ավելի հանդուրժող եմ. կարող է մի փոքր թերացում էլ նկատեմ, բայց նկատողություն չանեմ: Խոսքով մեղմ կհասկացնեմ, ընկերական խորհուրդ կտամ` ինքն էլ կզգա ու կշտկվի: Գիտեք, լավ, ջերմ խոսքը կարող է թև տալ զինվորին (և՛ ոչ միայն զինվորին), բազմապատկի նրա ուժը և հակառակը` անհոգի, կոպիտ վերաբերմունքը թևաթափ կանի: Հոգեպես ընկճված, նվաստացած զինվորը հնարավոր չէ, որ տոկուն լինի, էլ ուր մնաց` հերոս:

-Գարեգին Նժդեհը հանճարեղ է ասում` Զորավար չես, եթե զինվոր չես…

-Կայարանի մոտակայքում եմ ապրում ու շրջան գնացող իմ նախկին զինվորներին հաճախ եմ հանդիպում: Մոտենում են, իրար հետ ջերմ զրուցում ենք: Իրար բաց ճակատով ենք նայում. հեղինակությունը դժվար է նվաճվում, քո արարքներով, քո պահվածքով պետք է շարունակ ամուր պահես: Մի պարզ ճշմարտություն գիտեմ` հարգիր, որ հարգվես…Զինվորը պիտի վստահի քեզ, հարկ եղած դեպքում՝ կիսվի, չկաշկանդվի: Երբ պետք է` ծիծաղում էլ ենք, հումոր էլ ենք անում: Ամռանը ձմերուկներ էի գնել, աշխատանքից հետո մեքենայով տուն էի շտապում: Ճանապարհին որոշեցի մտնել զորամասի ենթակա տարածք` ստուգելու հանձնարարված ինժեներական աշխատանքը:  Փոշոտ-հողոտ էին տղերքը, բայց էնքան լավ էին մաքրել, կահավորել: Շոգն անտանելի էր, ձմերուկները` սառը, քաղցր… Զինվորները ժպիտով ինձ էլ էին հյուրասիրում: Զինվորիս լուսավոր ժպիտը աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի…

Մարտունակ բանակ ունենալու համար անչափ կարևոր է, որ զինվորի ոգին, տրամադրությունը միշտ տեղը լինի:

-Պարոն Հակոբյան, ամուր մարտունակության պակաս կարևոր բաղադրիչ չէ սպայի հոգեբանական և սոցիալական պաշտպանվածությունը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթում  նշեց` պետք է կտրուկ բարձրացվի սպայի սոցիալական պաշտպանվածությունը: Իհարկե, սպան (սպայի ընտանիքը) պետք է սոցիալապես իրեն ապահով զգա, որպեսզի է՛լ ավելի լավ ծառայի…

– Ապահով և արժանապատիվ ապրելակերպը բարձրացնում է սպայի մարտունակությունը:

-Զինվորական ծառայությունը խլում է ժամանակի մեծ մասը: Հասցնո՞ւմ եք Ձեր ընտանիքին ժամանակ տրամադրել:

-Առավոտյան ժամը 6-ին տնից դուրս եմ գալիս, ուշ երեկոյան վերադառնում… Հազար բան եմ մտքումս գծում, ծրագրում ընտանիքիս հետ անցկացնելու, բայց հաճախ չեմ հասցնում:

…Մի աղջիկ ունեմ, լուսահոգի մորս անունն եմ դրել` Ասյա, 4,5 տարեկան է: Երբ գնում եմ տուն, գլխարկս վերցնում է, դնում գլխին և ուրախ-զվարթ իրեն է նայում հայելու մեջ: Թե մի բան էլ ասում եմ` պատվի է առնում ու թոթով լեզվով ասում` «Լսում եմ: Ի՞նչ եք ուզում, պարոն փոխգնդապետ»:

-Խաղաղություն, ուրիշ ոչինչ…,- ասում եմ ու ամուր-ամուր գրկում աղջկաս…

Ու ինձ թվում է` խաղաղությունն եմ գրկել…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #44 (1164) 09.11.2016 - 15.11.2016, Ազգային բանակ


09/11/2016