ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆ
Չշրջանցելով խնդիրները
Նոյեմբերի 4-ն է: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար կազմը դիմավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Նախարարի առաջին աշխատանքային այցն է սպայական կրթության դարբնոց: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, վարչության պետեր: Պաշտոնյաները ծաղիկներ են դնում ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողին եւ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առաջ:
Վիգեն Սարգսյանը շրջայց է կատարում համալսարանում` ծանոթանալու ուսումնառության պայմաններին, ուսումնանյութական բազային, կուրսանտների առօրյային եւ սոցիալ-կենցաղային պայմաններին: Նախարարի առաջին կանգառը հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց մասնաշենքում է: Լսարաններում մասնագիտական ուսուցում են անցնում ռազմական կառավարման ապագա մագիստրոսները` միավորման եւ գնդի ապագա հրամանատարներն ու տեղակալները: Նախարարը մարտական կառավարման կենտրոնում է: Այստեղ ծառայության ապագա պետերը սովորում են գնահատել իրադրությունը, կատարում են համապատասխան վերլուծություն եւ շտապում ունկնդրման սենյակ` իրենց որոշումները հրամանատարին ներկայացնելու: Հետագայում ճիշտ նույն աշխատանքը հարկ եղած դեպքում նրանք պետք է կատարեն զորամասերի հրամանատարական կետերում: Ունկնդրման սենյակում առաջինը աչքի է ընկնում ինտերակտիվ լայնամասշտաբ գրատախտակը: Հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցները կարող են պրոյեկտված հարաբերական քարտեզին ներկայացնել իրենց որոշումները եւ անմիջապես ներմուծել հրամանատարի ճշգրտումները:
Տեսակոնֆերանսի կազմակերպման սենյակում էլ պաշտպանության նախարարը ուղիղ կապ է հաստատում զորամասերից մեկի հրամանատարի հետ. «Բարեւ ձեզ, ինչպե՞ս է ընթանում ծառայությունը»,-հետաքրքրվում է Վիգեն Սարգսյանը: Հրամանատարը մանրամասն զեկուցում է: Կապը գաղտնագրված է, ինչը նշանակում է, որ անգամ հատուկ սարքավորումների միջոցով հնարավոր չէ գաղտնալսել զրույցը:
Համազորային ֆակուլտետի մասնաշենքում էլ նախարարը ականատես եղավ, թե ինչպես են կուրսանտները տարբեր վարժասարքերով հրաձգության գործնական պարապմունքներ անցկացնում: Տանկի վարժասարքը նոր է. այն կարելի է ասել, բացառիկ է, քանի որ տանկի անձնակազմին հնարավորություն է ընձեռում գործելու միաժամանակ, ինչպես իրական մարտի պայմաններում:
Նյութատեխնիկական բազային եւ լսարանային պայմաններին ծանոթանալուց հետո Վիգեն Սարգսյանը շրջում է նաեւ կուրսանտների ննջարաններում, ցնցուղարաններում:
Այնուհետեւ համալսարանի փոքր դահլիճում ռազմաուսումնական հաստատության պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը պաշտպանության նախարարին զեկուցում է համալսարանի կազմի եւ կառուցվածքի, կրտսեր եւ ավագ սպայական կազմի պատրաստման ու վերապատրաստման, ընդունելության կարգի մասին. «Ստեղծման առաջին իսկ օրվանից Ռազմական համալսարանը զինված ուժերի համար պատրաստել է 4839 սպա, վերապատրաստման դասընթացներ է անցել 1676 սպա, հրամանատարաշտաբային դասընթացներն էլ արդեն ավարտել է 39 սպա: 2017-2018թթ. ուսումնական տարում նախատեսում ենք ավագ սպայական կազմի համար կազմակերպել նաեւ «Հրետանային զորամասերի կառավարում» մասնագիտությամբ ուսուցում»,-նշեց Ռազմական համալսարանի պետը:
Անդրադառնալով ռազմամասնագիտական ուսուցման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին` գեներալ-մայոր Ղահրամանյանը ընդգծեց, որ մասնագիտական պարապմունքներն անցկացվում են ոչ միայն հատուկ լսարաններում, այլեւ համալսարանի տարածքում գտնվող մարտավարական ավանում, ավտոդրոմում, «Բաղրամյան» եւ «Նուբարաշեն» զորավարժարաններում, «Փամբակ» լեռնային ուսումնական կենտրոնում, «Արզնի» օդանավակայանում, իսկ կուրսանտների ստաժավորումն իրականացվում է առաջնային գծի զորամասերում: Հրամանատարը ներկայացրեց մի շարք առաջարկություններ, որոնք դիմորդի համար պետք է ավելի գրավիչ դարձնեն Ռազմական համալսարանը՝ «Դպրոցներում իրականացնել քարոզչական աշխատանք, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրում ավելացնել ՀՀ եւ օտարերկրյա բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունները, զինվորական մասնագիտությունները, սպային տրվող արտոնությունները թեմաներով պարապմունքները: Տեսանելի, աչքի ընկնող տեղերում ունենալ զինված ուժերի սպայական շարքերը համալրած սաների մասին պատմող անկյուն: Յուրաքանչյուր տարվա ավարտին խրախուսել այն դպրոցների տնօրեններին ու զինղեկներին, որոնց դաստիարակած հայրենասեր սաներն ընդունվել են ռազմաուսումնական հաստատություններ: Առավել գործուն միջոցներ ձեռնարկել զինվորականների սոցիալ-կենցաղային եւ ֆինանսական վիճակը բարելավելու ուղղությամբ: Որակական բարձր մակարդակի վրա դնել սպայական հանդերձանքն ու համազգեստը: Հնարավորության դեպքում արգելել զինվորական համազգեստով տարբեր ոլորտներում շինարարական, կենցաղային աշխատանքների կատարումը: Համալսարանում այսօր երկու հոսքով ուսում են ստանում բուհերի 134 ուսանողներ: Այս ցուցանիշը հնարավորություն է տալիս մեզ խստացնելու ռազմական համալսարանի ընդունելության պահանջները»:
Զեկույցից հայտնի դարձավ, որ ռազմական համալսարանն ունի գիտությունների 13 թեկնածու եւ 2 դոցենտ: Մեկ դասախոս սովորում է դոկտորանտուրայում, երկուսը` ասպիրանտուրայում, երկուսն էլ ներկայացված են ասպիրանտուրայում սովորելու:
Համալսարանի պետը չշրջանցեց նաեւ խնդիրները, որոնց լուծումը թույլ կտա կատարելագործելու ուսումնական գործընթացը եւ զորային տնտեսությունը. «Առաջնային խնդիրներից է համալսարանի մասնագիտական խորհրդի ստեղծումը: Մեր հաստատությունը չունի սեփական զորավարժադաշտ, մեքենավարման ուղեգիծ, տանկահրաձգարան, հրետանային հրաձգարան, ինչը բավականին կհեշտացներ մեր գործը: Անհրաժեշտ է համալսարանին հատկացնել եւս մեկ ուսումնամարտական տանկ, ինչպես նաեւ` զինված ուժերը համալրած ռազմական եւ ռազմատեխնիկական ունեցվածքի նոր նմուշներ` գիշերային օպտիկական սարքեր, ջերմադիտակներ, հրացաններ, որպեսզի նորավարտ սպան ծանոթանա դրանց շահագործմանը ոչ թե զորամասում, այլ ուսումնառության ընթացքում: Համալսարանի տարածքում ցանկալի է կառուցել փակ հրաձգարան, նոր մարզադահլիճ, նորոգել լողավազանը: Անհրաժեշտ է վերակառուցել մասնաշենքերից մեկը, որն ունի 13 լսարան»:
Ռազմական համալսարան կատարած այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը շրջեց ճաշարանում, ապա ճաշեց կուրսանտների հետ:
Ձմեռային զորակոչին ընդառաջ
Ռազմական համալսարանից նախարարն ուղեւորվեց հանրապետական կենտրոնական հավաքակայան, որտեղ նրան դիմավորեցին զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարները` ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը եւ այլք:
Նախարարը ծանոթացավ հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա շենքային պայմաններին: Ճշտեց, թե զորակոչի ժամանակ օրական քանի տասնյակ երիտասարդի են ընդունում: Հատուկ առանձնացված սենյակում ներկայացվեց, թե ինչպես են ծնողների ներկայությամբ զորակոչիկները «Ը», «Մ», «Ա» այբբենական համարակալմամբ արկղերից («Ը» գրությամբ արկղին մոտենում էին ընդհանուր հիմունքներով ծառայելու կանչված զորակոչիկները, «Մ»-ին` մասնագիտացում ստացածները, իսկ «Ա» մակագրությամբ արկղին` համապատասխան արտոնության իրավունք ունեցողները) վիճակահանության սկզբունքով թերթիկ դուրս քաշում, որի վրա նշված է ապագա ծառայության վայրը: Հավաքակայանի բժշկական մասում էլ, որտեղ զորակոչիկները բուժզննում են անցնում, նախարարը հետաքրքրվեց, թե անցած զորակոչին քանի զորակոչիկ է ուղարկվել կրկնակի հետազոտման:
Պաշտպանության նախարարին զեկուցեցին նաեւ առաջիկա զորակոչի նախապատրաստական աշխատանքների եւ նոր ծրագրերի մասին: Չի բացառվում, որ այսուհետ զորակոչիկները կհանդերձավորվեն հենց հավաքակայանում:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #44 (1164) 09.11.2016 - 15.11.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում