«ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ, Ի ՍԱՐՍԱՓ ԹՇՆԱՄՈՒՆ»
Սա ՀՀ զինված ուժերի ռազմական հետախույզների կարգախոսն է: Հենց այսպես էլ գործում են ամենամարտունակն ու կազմակերպվածը համարվող, զինված ուժերի կազմում առանձնահատուկ դերակատարում ունեցող զորատեսակի զինծառայողները: Նրանք պատրաստվում, մասնագիտորեն կատարելագործվում են ամեն օր՝ գիշեր և ցերեկ: Եվ անհրաժեշտության դեպքում արագ ու աննկատ հայտնվում են մարտական գործողությունների ամենավտանգավոր տեղամասերում, նույնիսկ՝ հակառակորդի թիկունքում: Նրանք հաճախ կանխում են լայնածավալ ռազմական գործողությունները՝ մեր համազորային ստորաբաժանումների հետ միասին ջախջախելով թշնամուն: Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ մեր հետախույզների կատարած սխրանքը, յուրաքանչյուր զինծառայողի անձնազոհությունը: Մեր տղաներն իրենց հմուտ գործողություններով ամբողջովին հաստատեցին իրենց իսկ հայտնի կարգախոսը. գործեցին հանուն հայրենիքի, ահ ու սարսափ սփռեցին թշնամու ճամբարում…
Սա ՀՀ զինված ուժերի ռազմական հետախույզների կարգախոսն է: Հենց այսպես էլ գործում են ամենամարտունակն ու կազմակերպվածը համարվող, զինված ուժերի կազմում առանձնահատուկ դերակատարում ունեցող զորատեսակի զինծառայողները: Նրանք պատրաստվում, մասնագիտորեն կատարելագործվում են ամեն օր՝ գիշեր և ցերեկ: Եվ անհրաժեշտության դեպքում արագ ու աննկատ հայտնվում են մարտական գործողությունների ամենավտանգավոր տեղամասերում, նույնիսկ՝ հակառակորդի թիկունքում: Նրանք հաճախ կանխում են լայնածավալ ռազմական գործողությունները՝ մեր համազորային ստորաբաժանումների հետ միասին ջախջախելով թշնամուն: Բոլորիս հիշողություններում դեռ թարմ են ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ մեր հետախույզների կատարած սխրանքը, յուրաքանչյուր զինծառայողի անձնազոհությունը: Մեր տղաներն իրենց հմուտ գործողություններով ամբողջովին հաստատեցին իրենց իսկ հայտնի կարգախոսը. գործեցին հանուն հայրենիքի, ահ ու սարսափ սփռեցին թշնամու ճամբարում…
…Ռազմական հետախույզները խոսել չեն սիրում: Տարվա մեջ միայն մեկ օր նրանք մի քիչ անկեղծանում են, ցուցադրում իրենց մասնագիտական ունակությունների մի փոքր մասը: Նոյեմբերի 5-ին ՀՀ զինված ուժերի հետախուզության զորքերի կազմավորման տարեդարձը նշվեց հատուկ նշանակության զորամասերից մեկում։ Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության զորքերի վետերաններ, հետախույզ զինծառայողների հարազատներ: Հյուրերը ծանոթացան հետախույզների զինանոցում առկա ժամանակակից սպառազինությանը, հանդերձանքին, կապի և դիտարկման մասնագիտական միջոցներին։ Հանդիսավոր միջոցառումն սկսվեց ցուցադրական ելույթներով: Հետախուզական խմբերից մեկը՝ կրտսեր սերժանտ Յուրա Միքայելյանի գլխավորությամբ, հարձակվեց պայմանական հակառակորդի օբյեկտի վրա: Րոպեներ անց պայմանական առաջնագծում բացվեց ականապայթյունային արգելագոտին, անցման տեղամասը նշվեց խմբի սակրավորի կողմից: Անսպասելի հարձակում, և հակառակորդի օբյեկտը ոչնչացված է: Մյուս խումբն էլ հարակից շենքերի տանիքներից կատարեց իջեցում ալպինիստական պարաններով: Ցուցադրված հնարքների միջոցով հնարավոր է հաղթահարել տարբեր բարձրություններ լեռնային տեղանքում՝ հընթացս կատարելով կրակային խոցում: Այնուհետև խումբը դարանակալեց հակառակորդի ավտոշարասյան ճանապարհին: Ականների գործածության միջոցով շարասյունը կանգնեցվեց, ապա կրակային խումբը խոցեց հակառակորդի կենդանի ուժը: Ռազմական հետախույզները բազմաթիվ այլ հնարքներ ևս ցուցադրեցին: Կրակային հնարք, որի միջոցով հատուկ նշանակության հետախուզական խումբը կարող է արագ խոցել թշնամու գերակշիռ ուժերը շրջափակման մեջ կամ հանդիպական մարտ վարելիս: Տպավորիչ էին նաև ձեռնամարտի հնարքները:
♦♦♦
Ցուցադրական ելույթներից հետո հետախույզները շարվեցին հանդիսավոր տողանի՝ հպարտ ու ձիգ քայլքով զբաղեցնելով իրենց տեղը շարահրապարակում: Հետախույզներին իրենց մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ հակառակորդի յուրաքանչյուր ժամանակավոր հաջողություն չեզոքացնելու և դիրքային իրավիճակն անխաթար պահելու համար առաջինը մարտի են նետվում հենց հատուկ նշանակության ստորաբաժանումները:
-Հետախույզի մասնագիտությունը յուրահատուկ է, քանի որ իրականացնում է «վաղ ազդարարման համակարգի» եզակի առաքելությունը` հրամանատարությանն ու մյուս բոլոր զորատեսակներին ճշգրիտ տեղեկություններ տալով ոչ միայն հակառակորդի ուժերի, միջոցների ու նրանց տեղաբաշխվածության, այլ նաև մտադրությունների և նպատակների մասին: Եվ այդ անտեսանելի ճակատում ձեր ձեռքբերումներով են պայմանավորվում ինչպես իրական բնագծերում զորքերի ունեցած հաջողություններն ու սահմանների հուսալի պաշտպանությունը, այնպես էլ այն հնարավորինս անկորուստ և անվտանգ իրականացնելու կարևորագույն խնդրի կատարումը,-նշեց Վիգեն Սարգսյանը, ապա հավելեց:-Ապրիլյան մարտական գործողություններից հետո մենք ապրում ենք նոր իրականությունում: Եվ զինված ուժերը նույնպես ոտք են դրել իրենց պատմության մի նոր ու կարևոր շրջափուլ: Կազմավորման 25-րդ տարեդարձին նախորդող ամիսները հայկական բանակի համար առանձնանում են ժամանակակից, նորարարական լուծումներով հագեցած և բարձրտեխնոլոգիական սպառազինությամբ համալրվելու մեծ ծավալներով: Բնական է, որ նման միջոցները առաջին հերթին հատկացվում են հենց հետախույզներին: Այդպիսիք դուք արդեն իսկ կիրառում եք: Վստահաբար տեսել և համոզվել եք, որ դրանցից շատերը մշակվել և արտադրվել են Հայաստանում, որ մենք այլևս ընտրել ենք ոչ թե սպառազինության ու մարտական տեխնիկայի մեծաքանակ գնումներ իրականացնելու, այլ հայկականը` ավելի արդիականն ու բարձր տեխնոլոգիականն ստեղծելու և արտադրելու ճանապարհը:
Վիգեն Սարգսյանը հետախույզներին մաղթեց զգոնություն ու աչալրջություն` իրենց մասնագիտական դժվարին ծառայության ընթացքում ժամանակին հայտնաբերելու և չեզոքացնելու անխուսափելի վտանգները:
Միջոցառման ավարտին հետախուզական զորքերի մի շարք զինծառայողներ խրախուսվեցին գերատեսչական մեդալներով, անվանական նվերներով և պատվոգրերով:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #44 (1164) 09.11.2016 - 15.11.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում