Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՐԱՄՓԸ ՍԱՍԱՆԵՑ ՆԱՏՕ-Ն



ԹՐԱՄՓԸ ՍԱՍԱՆԵՑ ՆԱՏՕ-ՆՆոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը լուրջ մտահոգություն է առաջացրել Միացյալ Նահանգների դաշնակիցների շրջանում, մասնավորապես՝ Հյուսիսատլանտյան դաշինքում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նորընտիր նախագահին կոչ է արել չհրաժարվել Հյուսիսատլանտյան ինտեգրացիոն գաղափարներից և չվտանգել կառույցի միասնականությունն ու հզորացման գործընթացը:

«Մենք գտնվում ենք մի ամբողջ սերնդի համար անվտանգության լրջագույն մարտահրավերների առջև: Այժմ ժամանակը չէ կասկածի տակ դնել Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև գործընկերությունը», – հայտարարել է Ստոլտենբերգը:

Ընտրարշավի ժամանակ Թրամփը  ՆԱՏՕ-ն անվանել էր «հնացած կազմակերպություն» և մատնանշել դաշինքի բոլոր անդամների իրենց պարտականությունները կատարելու անհրաժեշտությունը: Նա նաեւ անդրադարձել էր կառույցի բյուջետային մուծումներին՝ ակնարկելով, որ Վաշինգտոնը անիմաստ վճարում է գումարի առյուծի բաժինը: Անդրադառնալով Թրամփի հայտարարությանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, իրոք, ապահովում է կառույցի բյուջեի 70 տոկոսը, սակայն Դաշինքը մշտապես սատարել է Վաշինգտոնին (մանավանդ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո), մասնակցել է Միացյալ Նահանգների բոլոր նախաձեռնություններին, այդ թվում՝ Աֆղանստանում և Իրաքում:

ԹՐԱՄՓԸ ՍԱՍԱՆԵՑ ՆԱՏՕ-ՆՄիևնույն ժամանակ, Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի առջև ծառացած մարտահրավերների համար մեղադրել է Ռուսաստանին: Նա հույս է հայտնել, որ Թրամփը հավատարիմ կմնա Դաշինքի որդեգրած հանրային անվտանգության ապահովման գաղափարին, և որ ԱՄՆ-ը կնպաստի Արևելյան Եվրոպայում նոր ռազմակայանների ստեղծմանը՝ խոստովանելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև պետք է գերակայի հավասարության սկզբունքը, այդ թվում՝ ֆինանսական մուծումների առումով:

Հատկանշական է, որ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ բավական բարյացակամ է արտահայտվել Ռուսաստանի մասին՝ պնդելով, որ Մոսկվայի հետ պետք է ստեղծել կառուցողական և գործընկերային հարաբերություններ: ՌԴ նախագահ Վ. Պուտինն առաջիններից էր, որ շնորհավորեց նորընտիր նախագահին՝ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման հույս հայտնելով: Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները կսատարի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող ուժերին՝ ակնարկելով, որ Սիրիայի հարցում պատրաստ է Կրեմլի հետ երկխոսության:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Ռազմաքաղաքական


17/11/2016