Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՆՔԸ ԿԱՌՆԵՄ ՈՒ ԿԿԱՆԳՆԵՄ ԿՈՂՔԻԴ



ԶԵՆՔԸ ԿԱՌՆԵՄ ՈՒ ԿԿԱՆԳՆԵՄ ԿՈՂՔԻԴԶրույց թավջութակահար ԱԼԵՔՍԱՆԴՐ ՉԱՈՒՇՅԱՆԻ հետ

 

-Պարոն Չաուշյան, Դուք այն արվեստագետներից եք, ովքեր ապրում և ստեղծագործում են արտերկրում, բայց ծառայում են սեփական երկրին, իրենց նվաճումներով պատիվ են բերում հարազատ ժողովրդին ու հայրենիքին: Ու թեև դպրոցական տարիքում եք հեռացել Հայաստանից, սակայն ամուր կապված եք հայրենիքին` ոչ թե զգայական խոսքեր ասելով ու դիֆերամբներ ձոնելով, այլ շատ օգտակար ու կարևոր գործերով: Ես չեմ ուզում մեկ առ մեկ թվել այն նշանակալի համերգները, որոնք Դուք կազմակերպել եք հայրենիքում ու արտերկրում` հռչակավոր երաժիշտների մասնակցությամբ և ազգային խնդիրների արծարծման ենթատեքստում, այլ ուզում եմ ավելի շատ խոսենք մեր իրականության լույս ու ստվերից` համոզված, որ հեռվից հայրենիքին ուղղված Ձեր հայացքը, Ձեր գնահատականները առավել իրատեսական ու ճիշտ կլինեն:

-Խնդրեմ, սիրով: Անկախ այն բանից, թե մենք ե՞րբ ենք հեռացել հայրենիքից և, առհասարակ, ապրել ենք հայրենիքում, թե ոչ, յուրաքանչյուր հայի պարտքն է իր կյանքով, իր գործունեությամբ զորացնելու սեփական երկիրը, ավելի ուժեղ ու դիմացկուն դարձնելու: Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում, թե հեռացել եմ հայրենիքից, որովհետև և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան կապս Հայաստանի հետ երբեք չի կտրվել: Այստեղ է իմ արմատը, անկախ այն բանից, թե ճյուղերս մինչև ուր կձգվեն: Ի դեպ, ես հեռացա հայրենիքից արտերկրում ուսանելու նպատակով….

-Հաճախ հանդիպող սկիզբ է մեծ բեմերը նվաճելու ճանապարհին: Մրցույթի ժամանակ նկատել են Ձեր տաղանդը և հրավիրել են ուսումը շարունակելու աշխարհի լավագույն երաժշտական կրթօջախներում: Բայց պիտի նշենք, որ հենց մեր երաժշտական դպրոցն է տվել Ձեզ այն հենքային կրթությունը, որի վրա բարձրացել է ամուր ու գեղեցիկ կառույցը:

-Իմ մանկության տարիներին Հայաստանի երաժշտական դպրոցները շատ բարձր կրթամակարդակ ունեին: Ցավով պիտի ասեմ, որ մենք այսօր նահանջել ենք այդ բարձունքից: Եթե ուզում ենք բարեփոխել երաժշտական մշակույթի զարգացման տեմպերն ու տրամաբանությունը, պիտի սկսենք նախնական երաժշտական կրթության օջախներից: Հատկապես ծայրամասային շրջաններում պիտի երեխաներին նվագելու, երգելու, նկարելու, ստեղծագործելու հնարավորություն տրվի: Սա ոչ միայն պետք է տաղանդներ հայտնաբերելու, այլև առողջ ու կենսունակ հասարակություն ձևավորելու համար: Հասարակությունը պիտի ներդաշնակ զարգանա. չենք կարող ունենալ մշակութային մայրաքաղաք ու հետամնաց գավառներ:

-Իրոք, մանկության ու պատանեկության շրջանը մարդու կյանքում բացառիկ է անձի ներաշխարհի ու մտածելակերպի ձևավորման վրա թողած իր ազդեցությամբ: Ես հիշեցի, որ Դուք մեծացել եք երաժշտական ընտանիքում: Ձեր պապը, որի անունն եք կրում, դարձյալ թավջութակահար էր, Դուք կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի որդին եք, երգչուհի Էլվիրա Ուզունյանի զարմիկը: Պիտի որ շատ հարուստ, գունեղ ու երաժշտությամբ լի մանկություն ունեցած լինեք:

-Որքան էլ տարօրինակ թվա, մանկությանս ամենավառ տպավորություններին անդրադառնալիս ես ավելի շատ հիշում եմ ոչ թե երաժշտական անցուդարձը, այլ պատերազմի տարիները, երբ հորս արվեստագետ ընկերները հավաքվում էին մեր տանը և զրուցում մարտական գործողություններից, հայրենիքի ճակատագրից, ժողովրդի վիճակից: Իմ աշխարհայացքի ու մտածելակերպի վրա ավելի շատ հենց այդ զրույցներն են ազդել: Ես նստում էի նրանց մոտ ու ժամերով լսում…Այդպես մեջս աստիճանաբար արթնանում էր հայրենիքի կերպարը: Մարմին ու շունչ էր առնում, ավելի հարազատանում էր:

-Ի՞նչ կերպար էր դա: Ինչպիսի՞ հայրենիք էին կերպավորում Ձեր մանկության տարիների մտավորականները…

-Հայրենիքը երեխա է, որին պետք է գուրգուրել ու խնամել ամեն օր, ամեն վայրկյան:

-Ես կարծում էի՝ պիտի հայրենիքի փառքի ու հայի ազգային հպարտության մասին խոսեիք…

– Ոչ թե հայի ազգային հպարտության, այլ՝ ազգային պարտքի…Հայրենիքը երեխա է, որը չի մեծանում: Այդպես արցախցին է սիրում իր հողը՝ ծնողական սիրով…

– Ավելի շատ հայրենիքի հանդեպ որդիական սեր արտահայտությունն է ընդունված, ոչ թե ծնողական:

-Օրեր առաջ ես Արցախում էի, համերգ ունեի: Ամեն անգամ Արցախ գնալիս հիանում եմ Արցախի ժողովրդի հայրենասիրությամբ, տոկունությամբ, նվիրվածությամբ:

-Ի՞նչ է նշանակում` Արցախի ժողովուրդ: Նույն հայն է՝ մեզ նման:

– Մարդիկ տարիներ շարունակ ապրել են օտարի շնչի տակ, ու սեփական հողը կորցնելու վախը նրանց մի այլ սիրով ու ջերմեռանդությամբ է կապել հայրենիքին…. Օրնիբուն աշխատում են, օգտագործում են բոլոր հնարավորությունները, որ զորանան, ուժեղ լինեն: Ես հիացած եմ Արցախի մշակույթի նախարարով: Մարդ, որը ամեն ինչ անում է ազգային մշակույթը պահպանելու ու զարգացնելու համար: Ես զարմացած եմ, որ Արցախում այդպիսի նվագախումբ կա: Մարդիկ մի կողմից զենքով դիմակայում են թշնամուն, մյուս կողմից ապրում են մշակութային կյանքով, արվեստ են ստեղծում: Սա հերոսություն է: Ազգին ծառայելը և ազգը իրեն ծառայեցնելը տրամագծորեն հակառակ երևույթներ են: Արցախում ես տեսա ազգին ծառայող մարդկանց:

-Ի՞նչն է Ձեզ այսօր հուզում ամենից շատ` որպես հայի, որպես արվեստագետի:

-Եթե հարցը չտայիք էլ, միևնույն է, իմ մտքի ընթացքը Ձեր հարցի պատասխանին էր բերելու: Երկրում չպետք է լինեն օրենքից վեր կանգնած մարդիկ: Անգլիայում ոստիկանն իր գործն է անում, նրան բացարձակ չի հետաքրքրում, թե ով է խախտել օրենքը: Որևէ մեծահարուստի կամ պաշտոնյայի մտքով չի անցնի շրջանցել օրենքը` ապավինելով իր փողին կամ պաշտոնին: Եթե մենք ուզում ենք ապագա ունեցող երկիր կառուցել, առաջին հերթին պիտի օրենքը վեր դասենք անձերից:

Երկրորդ խնդիրը ազգային մշակույթի պահպանությանն է վերաբերում: Հայի ազգային պատկանելությունը նրա «յան»-ով վերջացող ազգանվամբ չի պայմանավորված: Հայը հայկական մշակույթի կրողն է, այսինքն` մշակութային հայը: Հայրենիքը մշակույթ է: Քարը հայրենիք չէ, խաչքարն է հայրենիք: Սուպերմարկետը, հյուրանոցը հայրենիք չէ, հայրենիք է Մատենադարանը, երաժշտական դպրոցը, Թումանյանի տուն թանգարանը….Արցախյան պատերազմը, որքան էլ զարմանալի թվա ասածս, մշակույթի պատերազմ էր, ոչ թե հողի: Արցախը հազարամյա մշակույթ է, Արցախը դարավոր պատմություն է, ու կռիվն էդ պատմության համար է, էդ մշակույթի համար: Հայը թափառում է աշխարհով մեկ, տեսնում է ամենագեղեցիկ, ապահով, անհոգ, բարեկեցիկ երկրները ու… վերադառնում է հայրենիք, որովհետև ինքը մշակութային հայ է, ու այստեղ՝ Հայաստանում է նրա կենսական օդը, նրա մշակութային արմատը, որից սնվում է: Եթե այդ սնունդը չեղավ, կապը կկտրվի:Ես մեծ հույսեր եմ կապում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ և ցանկանում եմ, որ նա հայ մարդուն վերադարձնի իր մշակութային ժառանգությունը: Արտագաղթը քաղաքական գործիչներից առավել մշակույթի մարդիկ են կանխելու:

-Իսկ ի՞նչն է ամենամեծ ձեռքբերումը, որ տեսաք Հայաստան Ձեր վերջին այցելության ընթացքում:

-Ես իմ բոլոր հույսերը կապում եմ հայ երիտասարդության հետ: Եվրոպական երկրներում դասական երաժշտության համերգների ժամանակ դահլիճում միայն ճերմակ գլուխներ են՝ ալեհեր մարդիկ: Իսկ Հայաստանում դահլիճները լցված են երիտասարդներով: Գիտեք՝ դասական երաժշտությունը հոգու վիճակ է, ապրելակերպ, մտածողություն, փիլիսոփայություն: Հայ երիտասարդությունը դասական երաժշտության ունկնդիր է, սա շատ հուսադրող ու ոգևորիչ է: Եվ ես չեմ զարմանում, որ քառօրյա պատերազմի ժամանակ մեր զինվորները այդպիսի ինքնազոհությամբ ու հերոսաբար պաշտպանեցին հայրենի հողը: Նրանք մեր բարոյականությունը, մեր հույսը, մեր ինքնավստահությունը թռիչքով տեղափոխեցին մի բարձր հարթություն, որի համար, եթե չլիներ քառօրյա պատերազմը, տասնամյակներ կպահանջվեր: Մենք նահանջելու իրավունք չունենք, մենք պիտի շարունակենք այդ բարձր կետից՝ պահելով նշաձողը: Ես երաժիշտ եմ, ես մշակույթի զինվոր եմ ու իմ հնարավորությունների սահմանում ամեն ինչ անում եմ, որ օգտակար լինեմ երկրիս, բայց սահմանին կանգնած զինվորին ասում եմ՝ եթե պետք լինի, եթե կանչես ինձ, զենքը կառնեմ ու կգամ- կկանգնեմ կողքիդ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Հոգևոր-մշակութային


17/11/2016