Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ



ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ«Նա, որ կարծում էր, թե մենք քրիստոնեությունը իբրև զգեստ  ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը չի կարելի փոխել, գուցե այլևս չկարողանա էլ մինչև վերջ: Եվ մենք էլ թեպետ մարմնով Երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռագործ շինվածքին»,-խոսքերը Վարդան Մամիկոնյանի հայտնի ճառից են, որը նա արտասանել է հայոց զորքի առաջ 451 թ. մայիսի 25-ին՝ Ավարայրի ճակատամարտի նախօրեին: Շուրջ մեկուկես  հազարամյակի  ընթացքում նրա ճառը հայրենասիրության,  անձնվիրության ու հաղթելու բանաձև էր հայ զինվորի համար: Դարերի ընթացքում հայոց բանակը և հայոց եկեղեցին քայլեցին կողք կողքի: Որտեղ անհրաժեշտ էր, միասին կռվեցին թշնամիների դեմ: Եվ մեր պատմական երթում ձևավորվեց ավանդույթ. եկեղեցիների բակերում քահանաներն իրենց օրհնությունն էին հղում պատերազմի դաշտ գնացող մեր զորքին, որ Տերը զորավիգ լինի նրանց արդար պայքարին, և հայ զինվորն իր սուրը փառքով դնի պատյան: Չմկրտվածի ճակատին դրոշմվում էր սրբալույս մյուռոնը, որ անխոցելի լինի թշնամու սրի առաջ:

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱյդպես է եղել դարեր շարունակ, այդպես է և այսօր: Հայաստանի անկախացումից ի վեր ՀՀ զինված ուժերում ծառայում են նաև մեր գնդերեցները, որ պարբերաբար կազմակերպում են զինվորների մկրտության արարողություններ:

Նոյեմբերի 13-ին Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում զինավանի 7 զինվորներ մկրտվեցին զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Ատոմ սարկավագ Ղարագյոզյանի նախաձեռնությամբ: Մկրտության կարգը կատարեց  5-րդ բանակային զորամիավորման հոգևոր  սպասավոր տեր Ենոք քահանա Եսայանը: Զինվորների կնքահայրերը հենց իրենց ծառայակից ընկերներն էին, որով նրանց մարտական ընկերակցությունը դրվեց ավելի զորեղ հիմքերի վրա:

Մարտի դաշտում՝ անպարտելի, հավատքի մեջ՝ անսասան: Այսպիսին են այսօրվա մեր զինվորները: Այն սերունդը, որ իր հոգում ունի զույգ հենարան՝ Հայրենիք և Աստված:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն


17/11/2016