Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԵՄ



ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԵՄԲագրատ Կարապետյանը ծառայում է հայոց բանակում, օրերս արձակուրդ էր եկել:

-Թե որքան է ուրախացել մայրդ, դժվար չէ պատկերացնել, մանավանդ, որ պատվոգրով ես եկել:

-Անչափ հուզվել էր: Զավակների ամենաաննշան հաջողությունից մինչև ամենամեծ ձեռքբերումը մայրերին անսահման ուրախացնում է, աշխարհով մեկ են լինում,- ժպտալով նկատում է Բագրատը:

-Դժվա՞ր է բանակում,– հարցնում եմ ու հենց այդ պահին էլ ափսոսում` զինվորը մի քանի օրով արձակուրդ է եկել, կտրվել զինվորական առօրյայից:

Բագրատը դարձյալ ժպտում է ու այնքան լուսավոր:

-Մինչև բանակ զորակոչվելս բանակի մասին հազար բան էի լսել:  Շատերն ասում էին` եթե կարող ես՝ մի՛ գնա: Բայց ինքս ինձ մտորում էի` ինչի՞ չգնամ, ինձ նման տղերք են սահմանին կանգնած, իրենց կյանքը վտանգելով՝ պաշտպանում են նաև իմ ու ինձ հարազատ մարդկանց խաղաղությունը: Բանակում ծառայելու առաջին օրս եմ հիշում` մի տեսակ անորոշ վիճակի մեջ էի, մշուշոտ: Առավոտյան մի քիչ դժվարությամբ արթնացա, ու զինվորական ռեժիմը եկավ ու տիրական իրենը պարտադրեց` քնել, արթնանալ, սնվել, հիգիենայով զբաղվել, հանգստանալ՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Ու այսպես` բարև, զինվորական 2 տարվա կյանք… Հրետանավոր եմ:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԵՄ-Ծառայում ես այն զորամասում, որի քաջարի մարտիկները բոլորովին վերջերս արժանի հակահարված տվեցին թշնամուն:

-Ապրիլյան օրերին ես դեռ ուսումնական զորամասում էի, մենք ավելի ուշ ենք եկել, ես հիմա էլ շատ եմ լսում մեր տղաների համարձակությունից, քաջությունից, հերոսությունից: Առաջ ես կարծում էի` հերոսները միայն գրքերում են լինում:

-Գրքերից խոսեցիր, ափսոս, ձեր սերունդը քիչ է կարդում:

-Մինչև բանակ գնալս գիրք կարդալ ընդհանրապես չէի սիրում: Մայրս ստիպում-պարտադրում էր, մինչև մի քանի էջ կարդում էի: Հիմա, չեք հավատա, մի շնչով եմ կլանում:

Գիրքը կյանքս լցրել է գույնով, մտքերիս ընթացքն է փոխել:

-Ծառայությունից հետո ինչո՞վ ես զբաղվելու:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԵՄ-Թատերական կհանձնեմ գործերս, ուզում եմ դերասան դառնալ, նկարահանվել ֆիլմերում: Էմոցիա փոխանցել եմ սիրում: Վերջերս պաշտպանության նախարարության աջակցությամբ «Դետք» խմբի նկարահանած «Toy Guns» տեսահոլովակում նկարահանվեցի: Գեղեցիկ, հուզիչ երգ է` նվիրված 2016թ. ապրիլին ադրբեջանական ագրեսիային զոհ դարձած զինվորներին: Նկարահանողներն ասացին, որ կարող եմ ինքս ինչ-որ զգացմունք արտահայտել: Եթե դիտել եք տեսահոլովակը, նկատած կլինեք` հայացքս մռայլ է, ազդու՝ հակառակորդին հառած, բայց միաժամանակ հայացքիս մեջ հանգստություն կա, վստահություն սեփական ուժերիս նկատմամբ:

-Ծառայությունդ արդեն կիսվել է, դու ի՞նչ խորհուրդ կտաս մեր բանակի շարքերը համալրել պատրաստվող երիտասարդներին:

-Սա մեր երկիրն է` իր առավելություններով եւ թերություններով, և յուրաքանչյուր հայ տղա, առանց բացառության, պարտավոր է իր երկրի զինվորը լինել: Ասում են` իսկական տղամարդը պետք է երեք բան անի` ծառ տնկի, ընտանիք կազմի, զավակ ունենա. ես կավելացնեմ նաև չորրորդը` պիտի ծառայի: Տղամարդու համար բանակը կյանքի այն կարևոր հատվածն է, առանց որի կյանքիդ պատկերը հաստատ թերի կլինի…

 

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Բանակ և հասարակություն


17/11/2016