ԵՍ ԴԻՐՔՍ ՉԵՄ ՀԱՆՁՆԵԼ…
«Հոկտեմբերի 20-ին, ժամը 23:00-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել». նմանատիպ պաշտոնական հաղորդագրությունները կարդալիս փառք ենք տալիս սահմանը պահող տղաներին ու անցնում մեր առօրյա գործերին` թերեւս չպատկերացնելով, թե այս չոր փաստերի հետեւում ինչպիսի անձնուրաց ու հերոսական դիմադրության մի պատմություն է ամփոփված:
Փոքրիկ հիվանդասենյակի մահճակալին պառկած է ադրբեջանցիների հերթական դիվերսիան կասեցրած վաշտի հրամանատարը` կապիտան Խաչիկ Ադամյանը: Կողքի սեղանիկին ծննդյան տորթ է: Այսօր Խաչիկը 27 տարեկան դարձավ: Դժվարանում եմ հարցուփորձել հոկտեմբերի 20-ի գիշերային «հանդիպման», վիրավորվելու մասին… Բայց հրամանատարն ինքն է սկսում զրույցը.
-Էդ օրն էլ մայրիկիս տարեդարձն էր,- նրա ձայնը կարծես խոր տեղից է հնչում,- մենք թշնամուն հոկտեմբերի 19-ին էինք սպասում. հեռախոսագիր էինք ստացել: Հիմա, ինձ թվում է, թե ես նրանց վեց տարի ամեն օր եմ սպասել:
-Իսկ ինչպե՞ս են սպասում թշնամուն,-հարցնում եմ:
-Վախերը հաղթահարելով: Երբ առաջին անգամ դիրք բարձրացա, շատ էի վախենում մթությունից: Ինքս ինձ ասացի. «Էսպես չի լինի, դասակի հրամանատարը գիշերն իրեն նույնքան վստահ պիտի զգա, որքան ցերեկը»: Ես գլխի ընկա, որ լավագույն ելքը ինձ համար մթությանն ընտելանալն է: Մութը հենց վրա էր հասնում, դուրս էի գալիս «զբոսանքի»: Շրջում էի վաշտի հենակետով, դիրքից դիրք էի գնում, մեկ-մեկ էլ փակում էի աչքերս` ավելի խստացնելով հոգեբանական արգելքը հաղթահարելու պայմանները: Չորս օր, եւ վախը դուրս թռավ միջիցս, ինչպես խցանը` շշի բերանից…
-Դու հաղթել էիր ինքդ քեզ:
-Ես հասկացել էի` սպան պիտի իմանա ամեն ծառ ու թփի տեղը, պիտի իրեն վստահված տեղանքում աչքերը փակ կողմնորոշվի այնպես, ինչպես սեփական տան բակում: Անընդհատ մտածում էի` կարո՞ղ է հակառակորդը այ էս արահետը օգտագործել, այ էս կածանով գալ:
-Հարձակման տարբերակներ էիր կուտակել, մտովի պատրաստվել էիր…
-Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամաս վերջերս եմ տեղափոխվել: Հինգերորդ օրն էի նոր դիրքերում: Ամեն քայլափոխի ինչ-որ անծանոթ բան կար: Ապրիլին մեր հատուկ նշանակության ստորաբաժանումը ինձ վստահված հենակետում էր կասեցրել հակառակորդի առաջխաղացումը: Այնպես որ, հասկանում էի իմ դիրքերի ռազմավարական կարեւորությունը: Այդ օրը ականապատ դաշտում բացված ճանապարհ նկատեցի, ինչն էլ ինձ ստիպեց ավելի ուշադիր կազմակերպել հերթապահությունը, ստուգել զենքերն ու գիշերային տեսանելիության սարքերը: Հետո տղաներին նոր «բուշլատներ» բաժանեցի ու վերադարձա հրամանատարական դիտակետ: Անաղմուկ գիշեր էր, երբ մեկ էլ ձախ թեւից զեկուցեցին` թշնամու շարժ է նկատվել: Անմիջապես դիրք հասա: Մառախուղ էր: Պատկերն այնքան էլ պարզորոշ չէր: Նորից դիտարկեցի: Ի՞նչ մի հոգի, հատուկջոկատայինների մի ամբողջ ստորաբաժանում էր:
-Եվ ի՞նչ, չշփոթվեցի՞ր…
-Մի քանի վայրկյան պահեցի շունչս: Ինքս ինձ հարցրի` Խաչիկ, եթե դու լինեիր նրանց փոխարեն, ինչպե՞ս կկազմակերպեիր հարձակումը: Գրոհել կենտրոնական դիրքը, հաջողության դեպքում բացազատվել, շրջափակել աջ եւ ձախ թեւերն ու… «Վաշտ, տագնապ»: Շտապեցի կենտրոնական դիրք, որտեղ առաջին անգամ մարտական հերթապահություն կրող զինվորներս էին: Ձեռքս առա գնդացիրն ու դուրս եկա խրամատից: Դիրքավորվեցի փոքրիկ հողաթմբի ետեւում:
-Ուրեմն, որոշել էիր կրակը վերցնել քեզ վրա… Որոշել էիր չվտանգել առաջին անգամ դիրք բարձրացած զինվորներիդ կյանքը:
-….Տղաներիս էլ «գործի դրեցի». մեկին ուղարկեցի ՈւՏՅՈՍ տեսակի խոշոր տրամաչափի գնդացիրը բերելու, մյուսին` պահեստավորված փամփուշտները: Սերժանտին դիրքավորեցի այն խրամաբջիջում, որտեղից կարելի էր ճնշել թշնամու սպասարկու ուժերը: Մյուս զինվորն էլ, հարկ եղած դեպքում, պիտի լուսային հրթիռ արձակեր: Իսկ գնդացրորդը լիցքավորելու էր զենքս:
-Այնուամենայնիվ, դու մենակ էիր կռվելու. մեկը քառասունի դեմ…
-Ես վաղուց սովորել եմ վստահել սեփական ուժերիս: Եթե սպան մտածի, որ իրեն ուղղություն կտան, կօգնեն, կհասնեն, կփրկեն, ուրեմն բոլորով էլ կպարտվեն: Դասակիս հրամանատարը` Նարեկ Հարությունյանը, ձախ թեւի բարձրադիր դիրքում էր: Կապ տվեցի: Նա լուսային հրթիռ արձակեց հենց այն կետի ուղղությամբ, որն ինձ էր պետք: «Ըհը…, բռնեցի դրանց»: 80 մետր էր մեզ բաժանում: Գնդացրային կրակ բացեցի:
-Մտքներին դրել էին աննկատ մոտենալ դիրքերին: Քեզ հաստատ չէին սպասում: Անակնկալի՞ եկան:
-Այդպես էլ կա: Չկարողացան բացազատվել: Թիրախավորել էի նահանջի ճանապարհը: Ճգնում էին իրենց նետել հակատանկային փոսը, որը նախկինում մերն էր եղել, եւ որն էլ օգտագործելով եկել հասել էին մահվան դուռը: Փախուստի ժամանակ մի քանիսը պայթեցին ականների վրա: Իսկական կռիվ էր: Կես ժամ անց տանկերի շարժիչների ձայն լսեցի: Հեռվում լույսեր նկատեցի: Անհանգստացա: Տեխնիկան պատրաստ վիճակի բերելու համար 20 րոպե էր անհրաժեշտ: Որոշեցի` եւս 15 րոպե մարտ կվարեմ ու կնահանջեմ: Չհասցրի. փամփուշտը ծայրեծայր ծակել-անցել էր ձախ ոտքս ու մխրճվել աջ ոտքիս մեջ: Հողաթումբն էլ, որի ետեւում ամրացել էի, ուր որ է, փլվելու էր…
-Տղե՜րք, վիրավոր եմ,- հրամանատարը կապ տվեց զինվորներին:
-Ոնց թե՝ վիրավոր եք, պարոն կապիտան,-զինվորը չհավատաց:
-Դե, հիմա, միամիտ կպել է,-կատակեց կապիտան Ադամյանը:
Զենքերը լռեցին: Մարտն ավարտված էր: Հակառակորդը այդպես էլ գործի չդրեց տանկերը: Խաչիկին տեղավորեցին շտապօգնության մեքենան, սակայն նա չէր ուզում գնալ, նայում էր գնդացրին, ինչպես մարտադաշտում միայնակ մնացած ընկերոջը:
-Էստեղ ամեն ինչ լավ կլինի,-հուսադրեցին օգնության եկած զինվորականները:
-Եթե երեխեքիս գլխից մի մազ պակասի, ձեռքիցս չեք պրծնի,- սպառնաց հրամանատարը:
Հոսպիտալում Խաչիկին շտապ վիրահատեցին: Առավոտյան զինընկերները շրջապատել էին նրան. «Մարտադաշտում դիակ են թողել»: «Դու պատկերացնո՞ւմ ես` ինչ ես արել…»:
-Եվ ի՞նչ պատասխանեցիր…
-Ես դիրքս չեմ հանձնել…
Հ. Գ. Վաշտի հրամանատար, կապիտան Խաչիկ Ադամյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
կապիտան
Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում