ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐՆ ԵՆ
Բանակը, ինչպես հայտնի է, կենդանի օրգանիզմ է, ուրեմն և՛ զինվորը, և՛ սպան կարող են հիվանդանալ, վիրավորվել, վթարի ենթարկվել, անկանխատեսելի դիպվածների հանդիպել: Եվ ահա նրանց վերստին շարք ուղարկելուն, զինծառայողների առողջությունը պահպանելուն են ուղղված բանակի կարևորագույն «ստորաբաժանումներից» մեկի՝ բուժծառայության աշխատանքները:
Անվիճելի ճշմարտություն է՝ որքան էլ մեծ լինի ժամկետային զինծառայողների, սպաների, ենթասպաների, բանակային օժանդակ կառույցներում ծառայողների թիվը, առանց համալրման չի կարող ապահովվել բանակի առօրյա գործունեությունը, մարդուժի համալրումը: Ինչպես զենք-զինամթերքը, այնպես էլ բանակի մարդուժն անսպառ լինել չի կարող և անընդհատ նորացվելու ու կատարելագործման կարիք է զգում:
Իննսունականների սկզբներին, երբ թշնամին փորձում էր բարուրում խեղդել արցախցիների ազատագրական պայքարը, զինվորական հանպատրաստից հոսպիտալների վերածվեցին ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մեծ ու փոքր բուժհիմնարկները, ի թիվս որոնց Երևանի ալյումինի գործարանի բուժական կենտրոնը ևս արագորեն վերակառուցվեց, համալրվեց նոր ու ժամանակակից բժշկական սարքավորումներով, վերածվեց բազմապրոֆիլ զինվորական հոսպիտալի ու սկսեց վիրավորների եւ հիվանդների ընդունել մարտական գործողությունների վայրերից:
-Ժողովրդի շրջանում Կանազի հոսպիտալ անունով հայտնի բուժհաստատությունն այսօր, թող ինքնագովություն չլինի, հանրապետության լավագույն բուժհիմնարկներից մեկի համարումն ունի,- ասում է հոսպիտալի պետ, ԿԶՀ առաջատար վիրաբույժ, բ/ծ փոխգնդապետ Գագիկ Գևորգյանն ու շարունակում,- հայտնի է, որ աշխարհի զարգացած պետությունների առաջին դեմքերը առողջական խնդիրներ ունենալիս իրենց կյանքը վստահում են հենց զինվորական բժիշկներին: Մեր գերխնդիրը նաև դրան ձգտելն է, մանավանդ, որ ինչպես ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, այնպես էլ մեր տեղացի և սփյուռքահայ բարերարները ոչինչ չեն խնայում մեզ օժանդակելու և միջազգային չափորոշիչներին մոտեցնելու հոսպիտալի թե՛ շենքային պայմանները, թե՛ բուժսարքավորումները, որից էլ մեծապես կախված է սպասարկման որակը: Հենց վերջերս մենք ավարտեցինք մի քանի բաժանմունքների հիմնանորոգումն ու նոր սարքավորումների տեղադրումը: Այսօր, այսպես ասած, զուտ զինվորական հիվանդություններ (վիրավորումներ, խեղումներ) բուժելուց բացի, հոսպիտալում իրականացվում են բարձրակարգ ատամնաբուժական-դիմածնոտային և այլ անհետաձգելի միջոցառումներ, որոնց համար գործում են նորագույն սարքավորումներով հագեցած բաժանմունքներ՝ ախտորոշիչ լաբորատորիա, վիրահատարան: Ավելացնեմ, որ հոգեբուժական և մաշկային խնդիրներ ունեցող զինծառայողների բուժումը կենտրոնացած է միայն մեր հոսպիտալում: Եթե նախկինում,-շարունակում է հոսպիտալի պետը,-որոշ հիվանդների բուժման համար մենք ստիպված էինք ուղեգրել նեղ մասնագիտական կլինիկաներ, ապա այսօր այդպիսի ուղեգրումները նվազագույնի են հասցված, քանի որ նրանց ապաքինումը ինքներս մեր մասնագետների ուժերով ենք կազմակերպում: Ինչ վերաբերում է մասնագետներին, ասեմ, որ այս ոլորտում էլ ձեռքբերումները քիչ չեն: Մեզ մոտ ծառայության են գալիս Երևանի բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի, մյուս նեղ մասնագիտական ֆակուլտետներն ավարտած ուսանողները: Բ/ծ մայոր Արփինե Հովհաննիսյանը նշածս ֆակուլտետն ավարտած բժիշկներից է: Իր նվիրվածության, մասնագիտական բարձր որակների շնորհիվ, արագորեն բարձրանալով աշխատանքային և ծառայողական աստիճաններով, այսօր ղեկավարում է հանրապետության ռազմաբժշկական ծառայության համակարգում միակ՝ մաշկավեներաբանական բաժանմունքը:
-Ոսկի ձեռքեր ունի,- իմանալով այցիս նպատակը՝ ասում է որդուն տեսության եկած զինծառայողի մայր, սիսիանցի Գոհար Վարդանյանը: -Ոչ միայն մայոր Արփինե Հովհաննիսյանն է բարձրակարգ ու հոգատար բժիշկ, այլև բաժանմունքի բոլոր աշխատողները, բժշկից սկսած՝ մինչեւ բուժքույր ու մաքրուհի:
Բ/ծ ավագ լեյտենանտ Մարտին Ամատունին նորեկ է: Նա ևս բժշկական համալսարանի շրջանավարտ է, ծառայել է ԼՂՀ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալում: Ծառայությունն ավարտելուց հետո տեղափոխվել է այստեղ՝ որպես ավագ օրդինատոր, հեղինակություն է վայելում թե՛ հիվանդների և թե՛ ծառայակից ընկերների շրջանում:
Ենթասպա Հրարփի Հովակիմյանը շուրջ 15 տարի հոսպիտալում է: Սկզբում որպես բուժքույր է աշխատել հոգեբուժական բաժանմունքում, այժմ ղեկավարում է մաշկավեներաբանական բաժանմունքի միջին բուժանձնակազմի աշխատանքները: Մասնագետ բժիշկների նշանակումները նրա և իր ծառայակից բուժքույրերի միջոցով են հասնում հիվանդին, ինչի շնորհիվ էլ կապանցի շարքային Արշակ Գրիգորյանի եւ Երևանի Շահումյանի զինկոմիսարիատից զորակոչված Արմեն Բանգոյանի «ուրետրիտ» կոչվող մաշկային հիվանդությունն սկսել է նահանջել:
Իմ այն հարցին, թե՝ չլուծված ինչ խնդիրներ ունեք, բաժանմունքի ավագ քույրը պատասխանում է. «Այն դեղորայքը, որ մենք ենք ստանում, շատ դեպքերում նույնիսկ ամենաառաջնակարգ կլինիկաներին հասու չէ՝ գումարած հոգատարությունն ու ուշադրությունը, ինչու չէ՝ նաև բարձր կալորիականությամբ սնունդը, զինվորին ոչինչ չի մնում, քան շուտափույթ ապաքինում: Էլ ի՞նչ խնդիր»:
-Վերջերս մի սրտառուչ նամակ ստացանք Վանաձորից, -պատմում է բաժանմունքի ավագ քույրը,- գրում էր նախկին զինծառայող, ապրիլյան մարտերի մասնակից Գոռ Մելքոնյանը: Բուժվել էր մեր բաժանմունքում, լիովին առողջացած դուրս գրվել, շարունակել ծառայությունը, զորացրվել: «Դեռևս պատանեկան տարիներից,-նամակում նշում էր Գ. Մելքոնյանը,- տառապում էի էկզեմա հիվանդությամբ: Մի քանի հիվանդանոցներում բուժումս անարդյունք էր: 18 տարիս լրացավ, մեկնեցի ծառայության: Ծառայությանս ավարտին 3-4 ամիս էր մնում, երբ բուժկետի վարիչը ուղեգրեց հոսպիտալ: Այստեղ բուժումս կատարում էր բաժանմունքի պետ Ա. Մաթևոսյանը: Շատ չանցած, ի զարմանս ինձ և ծնողներիս, էկզեման չքացավ: Շնորհակալություն ինչպես մայոր Մաթևոսյանին, այնպես էլ բաժանմունքի բոլոր աշխատողներին՝ բժիշկներին, բուժքույրերին, բոլոր բոլորին ջերմ վերաբերմունքի, ինձ բուժելու ու լիարժեք կյանք վերադարձնելու համար»:
Հոսպիտալում շարունակական աշխատանքներ են կատարվում նաև կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Հիմնանորոգվել է և շուտով հիվանդներին կընդունի նորագույն սարքավորումներով հագեցած վիրաբուժական բաժանմունքը: Նորոգվել և անհրաժեշտ սանհանգույցներով են կահավորվել հիվանդասենյակներն ու վերակենդանացման բաժանմունքը:
Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հ.Գ.- Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով զինված ուժերի բոլոր բուժծառայողներին՝ մաղթենք ամուր առողջություն, որի կարիքը նրանք եւս շատ ունեն, ինչպես նաեւ անձնական երջանկություն և հաղթանակներ հիվանդությունների ու խեղումների դեմ անձնվեր պայքարում։
Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Ազգային բանակ