Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



Հայաստանում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան այցելեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անվտանգային նոր մարտահրավերների գծով օգնականի տեղակալ, դոկտոր Ջեյմի Շին և ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի Հայաստանի պատասխանատու Գվեն Վամոսը:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրեց համալսարանի գործունեությունը, ստեղծման նպատակն ու հիմնական խնդիրները: Ծավալված զրույցի ընթացքում համալսարանի պետն ու գիտնական-վերլուծաբանները մանրամասն խոսեցին կառույցի գիտակրթական ծրագրերի մասին: Նշեցին, որ ՊԱՀՀ-ում ուշադրության կենտրոնում է կիբեռանվտանգության և տեղեկատվական ռեսուրսների կառավարման ոլորտը: Տվյալ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի համաձայն՝ նախատեսվում է ՊԱՀՀ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի հիման վրա ստեղծել Կիբեռանվտանգության և տեղեկատվական ռեսուրսների կառավարման ինստիտուտ:

Դոկտոր Շին բարձր գնահատեց Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հետազոտական և կրթական ծրագրերը` վստահություն հայտնելով, որ դրանք կնպաստեն ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի արդիականացմանը:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


18/11/2016