Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԳեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկի անձնակազմը օրերս մասնակցել է ճամբարային հավաքի, որի շրջանակներում գումարտակի կազմով և հրետանավորների ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:

Գումարտակային ցուցադրական զորավարժության մեկնարկին ստորաբաժանումները բերվեցին մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի: Այնուհետև անձնակազմը ռազմերթ կատարեց դեպի կենտրոնացման շրջան, որտեղ իրականացվեցին ստորաբաժանումների տեղաբաշխումն ու անցումը մարտական պահպանության: Ռազմերթի ընթացքում առաջնահերթ ուշադրություն  դարձվեց տեխնիկայի շահագործման անվտանգության կանոնների խստիվ պահպանմանը:

Զորավարժության հաջորդ փուլում Ճշգրտվեցին ստորաբաժանումներին առաջադրված խնդիրները, սպառազինությունն ու տեխնիկան նախապատրաստվեցին մարտական կիրառման: Գործնական վարժանքներ անցկացնելու նպատակով դաշտային պայմաններում բացազատվեցին ուսումնական կետեր, որտեղ կազմակերպվեցին զորավարժության թեմային առնչվող տարաբնույթ պարապմունքներ:

Հետախույզները խաղարկեցին թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման ու ոչնչացման, մեր զորքերի հետագա հաջող գործողությունների վարման համար բարենպաստ բնագծերի զբաղեցման իրավիճակներ:

Զորավարժության կրակային փուլում ստորաբաժանումները փոխգործակցության կազմակերպման շնորհիվ պաշտպանությունից անցան հակագրոհի, ապա, թշնամուն արդյունավետ խոցելով, վերականգնեցին առաջնագիծը` մեր հիմնական գրոհիչ ուժերին հնարավորություն տալով հաջողությամբ կատարել հետագա մարտական խնդիրները:

Նույն օրը անցկացվեց նաև հրետանու մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի հիմնական նպատակը թիրախների խոցման բարձր արդյունավետություն ապահովելն էր: Հրետանավորները կիրառեցին ճամբարային հավաքի ընթացքում ձեռք բերած գիտելիքները, փորձն ու հմտությունը, ցուցադրեցին հրետանային միջոցների նախապատրաստման և արդյունավետ գործադրման իրենց ունակությունները: Զորավարժության ընթացքին հետևեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ Հրթիռային զորքերի և հրետանու վարչության սպաները` վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանի ղեկավարությամբ:

Կրակային փուլում լավագույն արդյունքներ գրանցեցին հաշվարկի հրամանատարներ, կրտսեր սերժանտներ Հարություն Բաբախանյանը, Արմեն Զաքարյանը, մեխանիկ-վարորդ, շարքային Բենիկ Հարությունյանը:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


18/11/2016