ԱՊՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) քարտուղար, գեներալ–մայոր Յուրի Դաշկինը նոյեմբերի 22-ին երկօրյա այցով ժամանել է Երևան: Աշխատանքային այցի առաջին օրը Յուրի Դաշկինին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
ԱՊՀ ՊՆԽ քարտուղարն իր խոսքում կարևորել է պաշտպանության նախարարների խորհրդի ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց անցկացումը նախատեսված է 2017 թվականին: Անդրադարձ է եղել 2017 թվականին ԱՊՀ շրջանակում նախատեսվող համատեղ միջոցառումների, համակարգող կոմիտեների նիստերի, ուսումնամեթոդական հավաքների անցկացմանն ու 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:
Հանդիպումների ընթացքում կարևորվել է Մոսկվայում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին ընդառաջ նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը քննարկել են նաև բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները:
Նոյեմբերի 23-ին, ի կատարումն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2016թ. աշխատանքային պլանի, Յուրի Դաշկինը կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստին:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում